Գլխավոր » Լրահոս

Նոր դպրոց հին խնդիրներո՞վ

Սեպտեմբեր 9, 2009թ. 16:13

Սպիտակաշենցի դպրոցականներն  իրենց դպրոցի նոր շենքի բացմանն ավելի անհամբերությամբ  էին սպասում, քան նոր ուսումնական տարուն: Եղանակային անբարենպաստ պայմանները հետաձգեցին ոչ միայն երեխաների, այլև բոլոր սպիտակաշենցիների կողմից այդքան սպասված միջոցառումը. շինարարները վստահեցնում են, որ ոչ  երկար ժամանակով:

Սպիտակաշենի միջնակարգ դպրոցի նոր շենքի շինարարությունը մեկնարկել է մոտ մեկ տարի առաջ` 2008 թվականի աշնանը:  Շինարարությունը ֆինանսավորել է «Հայաստան» համայակական հիմնադրամը:  Աշխատանքներն իրականացնում է «Նվեր» ՍՊԸ-ն: 120 աշակերտի համար նախատեսված դպրոցի շինարարության համար պահանջվել է շուրջ 180 մլն դրամ: Աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Որոշակի ուշացում է եղել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Սակայն դրանք արդեն անցյալում են: Աշխղեկը`  Արամ Գրիգորյանը, խոստանում է, որ դպրոցն արդեն սեպտեմբերի վերջերին  պատրաստ կլինի շահագործման:

Աշխատանքների որակի վերահսկողությունն իրականացնում են  թե հիմնադրամի, թե քաղաքաշինության նախարարության  ներկայացուցիչները: Արդեն պատրաստ է դպրոցի երկհարկ շենքը` ներքնահարկով եւ վերնահարկով: Ընթանում են հարդարման աշխատանքները: Դպրոցը կունենա նաեւ բաց մարզահրապարակ,  ճեմուղի: Սակայն հին շենքի բազում խնդիրներ դպրոցի նոր շենքում ևս կմնան անլուծելի:

Խնդիրներից առաջինը մարզադահլիճի բացակայությունն է: «Թե հին, թե նոր դպրոցական շենքերի համար մարզադահլիճ չի նախատեսվել»,- ասաց Սպիտակաշենի միջնակարգ դպրոցի ուսմասվար Էլմիրա Օհանջանյանը: Ստացվում է, որ դպրոցում հնարավոր  չէ  լիարժեք կազմակերպել մարմնակրթության դասեր տարվա բոլոր եղանակներին:

Դպրոցը կունենա ջրամատակարարման եւ տեղային ջեռուցման համակարգ: Սակայն կանոնավոր ջրամատակարարման հետ կապված  լուրջ մտահոգություններ կան: «Ջրամատակարարումը նախատեսվում է  գյուղի ընդհանուր ջրամատակարարման ռեժիմին համապատասխան»,- ասաց դպրոցի ուսմասվարը,-« բնականաբար, դա դպրոցի համար չի կարող բավարար համարվել»: Փոխարենը աշխղեկը վստահեցնում է, որ «որոշ տեխնիկական հարցեր լուծելուց հետո» դպրոցը կունենա շուրջօրյա ջրամատակարարում: «Իսկ այդ տեխնիկական հարցերը շուտով կլուծվեն»,-վստահեցնում է նա: Մնում է սպասել:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ


Թեգեր`

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`