Գլխավոր » Լրահոս

Էդվարդ Նալբանդյանն ամփոփեց 2009թ. քաղաքական տարին

Հունվար 22, 2010թ. 14:00

26_7Այսօր ՀՀ ԱԳ նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ամփոփեց 2009թ. քաղաքական տարին։ ԱԳ նախարարը  նշեց, որ  Հայաստանն այսօր աշխարհին ներկայանում է որպես կանխատեսելի եւ հուսալի գործընկեր, որի մոտեցումներն ընկալվում ու գնահատվում են: «Միջազգային կարեւոր դերակատարներն ու կենտրոնները հարգանքով են վերաբերվում մեր երկրին, որն իր քայլերով ապացուցել է իր վստահելիությունը` ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային երկկողմ ու բազմակողմ մակարդակներում: Այն, ինչ մենք ասում էինք անկախության ձեռքբերումից ի վեր, այսօր արձագանք է գտել միջազգային ասպարեզում, եւ մեր երկրին ու տարածաշրջանին առնչվող առանցքային հարցերի վերաբերյալ միջազգային հանրության կողմից արտահայտվում եւ դրսեւորվում են դիրքորոշումներ, որոնք հիմնականում համահունչ են մեր տեսակետներին», -ասաց Հայաստանի ԱԳ գերատեսչության ղեկավարը:

Անդրադառնալով արտաքին քաղաքականության ուղեգծին, նախարարը նկատեց,  թե  ՀՀ ԱԳՆ-ն 2009 թվականի շարունակել է իրականացնել Հանրապետության Նախագահի կողմից նախանշված արտաքին քաղաքականության ուղեգիծը, ինչը բնորոշվել է նոր նախաձեռնություններով` աջակցություն ստանալով միջազգային հանրության կողմից:

Նախարարը վստահեցնում է, որ նախարարության աշխատանքներն ուղղված են եղել երկրի արտաքին անվտանգության ամրապնդմանը, պետության զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքորոշումների ներկայացմանը, արտերկրում Հանրապետության եւ նրա քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, միջազգային կազմակերպություններում եւ գործընթացներում ներգրավվածության խորացմանը:

Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին Էդվարդ Նալբանդյանը նկատեց. « Արցախյան հիմնախնդրի արդարացի, միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա կարգավորումը շարունակել է մնալ մեր արտաքին քաղաքականության առանցքային խնդիրը: Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահների միջեւ շարունակվել են ինտենսիվ բանակցությունները, տարվա ընթացքում կայացել է 9 հանդիպում: Դեկտեմբերի 1-2-ը Աթենքում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի հայտարարության մեջ, որպես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման անբաժանելի սկզբունք, առաջին անգամ ամրագրվեց ազգերի ինքնորոշման սկզբունքը, բազմաթիվ միջազգային փաստաթղթերում առավել շեշտվեց ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի կարեւորությունը:

Հայթուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի առնչությամբ նախարարը նկատեց. «Առաջնորդվելով հայթուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորման ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ` ինտենսիվ բանակցություններ են վարվել թուրքական կողմի հետ: Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվել են հայթուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները»:

Ինչ վերաբերում է` գործընկեր երկրների հետ հնարավոր համագործակցություններին, ապա ԱԳ նախարարի խոսքով, տարվա ընթացքում քայլեր են ձեռնարկվել բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել զարգացման ու ամրապնդման ուղղությամբ եւ կարգավորելու հարաբերություններն այն երկրների հետ, որոնց հետ կան խնդիրներ:

«Բազմաբովանդակ եւ լայնածավալ համագործակցություն է իրականացվել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ: Տեղի են ունեցել շուրջ մեկ տասնյակ հանդիպումներ երկու երկրների բարձրագույն ղեկավարների միջեւ: Երկուստեք քայլեր են ձեռնարկվել հարաբերությունների առավել խորացման եւ ամրապնդման, նոր ծրագրերի մշակման եւ իրականացման ուղղությամբ:

«Ընդլայնվել եւ ամրապնդվել է Հայաստանի բարեկամական գործընկերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ: Ընթացել է ինտենսիվ եւ արդյունավետ քաղաքական երկխոսություն: Իրականացվել եւ նախանշվել են համագործակցության մի շարք ծրագրեր»:

«Շարունակվել է Եվրոպային մերձենալու արտաքին քաղաքական ուղեգիծը, եւ համագործակցության խորացումը` ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ Եվրոպական կառույցների շրջանակներում»: Նախարարն հիշեցրել է  Հայաստանի`   ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրին միանալու մասին: Ընդլայնվել է Հայաստանի համագործակցությունը Եվրոպական մայրցամաքի մեր ավանդական գործընկերների հետ, նոր լիցք է հաղորդվել հարաբերություններին արեւելաեվրոպական պետությունների, բալթյան եւ սկանդինավյան երկրների հետ:

Է.Նալբանդյանի գնահատմամբ, դրական զարգացում է արձանագրել փոխշահավետ համագործակցությունը անմիջական հարեւաններ Իրանի եւ Վրաստանի հետ: Հիմքեր են դրվել այդ երկրների հետ կարեւորագույն նշանակություն ունեցող ծրագրերի իրագործման համար: Տարվա ընթացքում նոր եւ ակտիվ քայլեր են ձեռնարկվել արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Ուշադրության կենտրոնում է եղել փոխշահավետ համագործակցության զարգացումը ասիական երկրների, մասնավորապես` Չինաստանի, Հնդկաստանի եւ Ճապոնիայի հետ: Աշխատանքներ են տարվել լատինաամերիկյան, Հարավարեւելյան Ասիայի եւ աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

Տարին նշանավորվեց նաեւ տարածաշրջանային երկու կարեւոր կառույցներում` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի հաջողված նախագահությամբ:

ՀԱՊԿ-ում հայկական նախագահության ժամանակահատվածում առանցքային որոշումներ ընդունվեցին կազմակերպության գործունեության արդյունավետությունը որակապես նոր աստիճանի բարձրացնելու ուղղությամբ:

Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը նշանավորվեց կազմակերպության գործունեության առավել ակտիվացմամբ, կազմակերպվեց 50-ից ավել միջոցառում, ընդունվեցին համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող տասնյակ փաստաթղթեր:

Հայաստանն ակտիվորեն մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության եւ ԵՎՐԱԶԵՍ-ի գործունեությանը, եւ այդ կազմակերպությունների շրջանակներում տեղի ունեցող գործընթացներին:

Հետեւողականորեն իրականացվեց ՆԱՏՕի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը, Հայաստանն ընդլայնեց իր մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործողություններին:

Շարունակվել է մասնակցությունը ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների գործունեությանը, ակտիվ ներգրավվածությունը ահաբեկչության եւ այլ մարտահրավերների դեմ միջազգային հանրության պայքարում:

Տարածաշրջանում կայունության, համագործակցության, անվտանգության ու խաղաղության հաստատումը հանդիսացել է արտաքին քաղաքականության առանցքային խնդիրներից մեկը: Հայաստանը ձգտել է իր նպաստը բերել կայուն եւ անվտանգ Հարավային Կովկասի կայացման գործում:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն