Ո՞ւմ համար է աղաղակում Դավութօղլուն
Այսօր ՀՀ ԱԳ նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը, պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է ասել Թուրքիայի ԱԳ նախարարը ՀՀ ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում, Է. Նալբանդյանն ընդգծեց, որ այն, ինչ ասել է Դավութօղլուն, հրապարակված է Թուրքիայի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ, ուստի, կարիք չկար, որ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ այն մեկ անգամ ևս կրկնվեր ։
Ավելի մանրամասնելով տեղի ունեցածը՝ ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ թուրքերի այն
պնդումները, որ ՀՀ ՍԴ որոշումը նախապայմաններ է պարունակում կամ հակասում է հայ-թուրքական արձանագրությունների հիմնարար դրույթներին կամ նպատակներին, այն որ հայկական կողմը արձանագրություններում ինչ-որ փոփոխություններ է մտցրել, որ Հայաստանը հետամուտ չէ արձանագրությունների տառին և ոգուն՝ չի համապատասխանում իրականությանը։ «Հայաստանը հետամուտ է արձանագրությունների տառին ու ոգուն և պատրաստ է ընթանալ առաջ, առանց նախապայմանների կյանքի կոչել այս արձանագրությունները։ Մենք հուսով ենք, որ թուրքական կողմը նույնպես կհարգի և հետամուտ կլինի այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել և որոնք արտացոլված են արձանագրությունների մեջ»,- ասաց Է. Նալբանդյանը։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների, առանց նախապայմանների և արագ, առանց ձգձգումների արձանագրությունները կներկայացվեն վավերացման։ Իսկ ասել, թե Հայաստանը ձգձգում է վավերացման գործընթացը, անհեթեթություն է, որովհետև, եթե Թուրքիայում հոկտեմբերից սկսած, այսինքն՝ փաստաթղթերը խորհրդարան ուղարկելուց հետո, վավերացման գործընթացը կանգ է առել, ապա Հայաստանում այն ընթանում է իր հունով, ինչի մասին է խոսում նաև այն, որ ՍԴ որոշումը կայացվեց սահմանված ժամկետից մեկ ամիս շուտ։
Է. Նալբանդյանը հույս հայտնեց, որ արձանագրությունները չվավերացնելու, դրանց ձախողման դեպքում պատասխանատվությունը հայկական կողմի վրա բարդելու նպատակով Թուրքիան արհեստական, հորինված պատրվակներ չի փորձի առաջ քաշել։ «Չեմ կարծում, որ դրանք միջազգային հանրության կողմից որևէ ըմբռնում կունենան։ Քանի որ այն պնդումները, որոնք արվում են թուրքական կողմից, չեմ կարծում, որ որևէ մեկը, Թուրքիայից բացի, կհավատա դրանց։ Անգամ Թուրքիայում, չեմ կարծում, որ բոլորն են հավատում այդ պնդումներին»,- եզրափակեց ՀՀ ԱԳ նախարարը։
ArmAr.am












