ԵԱՀԿ Մինսկի խումբ.«Սերժ Սարգսյանին ներկայացվել է 2007 թվականի Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը»
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում ամփոփվում է միջնորդների տարածաշրջանային վերջին այցը:
ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում այսօր հրապարկված հաղորդագրության համաձայն, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն են հայտնել շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը եւ վերահաստատել են բանակցություններին իրենց լուրջ մոտեցումը:
«Սերժ Սարգսյանին ներկայացվել է 2007 թվականի Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը, որը ներառում է հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ վերջին ձեւակերպումները: Անցած տարվա դեկտեմբերին նորացված փաստաթուղթը ներկայացվել էր նաեւ Իլհամ Ալիեւին»,- ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ:
Նշվում է նաեւ, որ միջնորդները Բաքվից ուղեւորվում են Աստանա` Ղազախստանի ղեկավարության հետ ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու հետ կապված խորհրդակցություններ անցկացնելու նպատակով, որից հետո Յուրի Մերզլյակովը, Բերնար Ֆասիեն եւ Ռոբերտ Բրադկեն կմեկնեն Սոչի, որտեղ հունվարի 25-ին կայանալու է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը:
ArmAr.am












