ԱԳ նախարար. « Ղարաբաղյան գործընթացին չենք օգնի ոչ «արհեստական արագացմամբ», ոչ էլ «արհեստական դանդաղեցմամբ»
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Սոչիում հունվարի 25-ին Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ տեղի ունենալիք եռակողմ հանդիպման առնչությամբ, այսօր ասել է, թե Հայաստանը շնորհակալ է այն ջանքերի ու աջակցության համար, որ ցուցաբերում է Ռուսատանի Դաշնության նախագահը` Ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանն ուղղված գործընթացում:
Նախարարը` գնահատելով անցած տարին, նկատել է, թե. «2009թ. բավական ինտենսիվ բանակցությունների տարի էր. եռանախագահների կողմից կազմակերպվեց` վեց, Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ՝ երեք եռակողմ հանդիպում, այսինքն՝ 9 հանդիպում է կայացել»:
Էդվարդ Նալբանդյանի դիտարկմամբ, այդ հանդիպումներում նկատելի է դրական տեղաշարժը.« Ակնհայտ է 2009 թվականի դրական դինամիկան, և մենք այն կպահպանենք նաև 2010թվականին»:
Միջնորդ երկրները շարունակում են իրենց հայտարարություններում կարևորել այն հանգամանքը, թե պետք է արագացնել Ղարաբաղյան խնդրի շուրջ ընթացող գործընթացն ու նոր թափ հաղորդել դրանց: Մինչդեռ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարն ամենևին չի կարևորում գործընթացի ոչ` «արհեստական արագացումը», ոչ էլ «արհեստական դադաղեցումը»: Նա համոզված է, որ նման տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում պարզապես չենք կարող` « օգուտ տալ գործընթացին»: «Գործընթացը գնում է իր հունով և այս բանակցությունները ցույց են տալիս, որ եթե դրական դինամիկա չլիներ, ապա նախագահներն 9 անգամ չէին հանդիպի։ Մենք պետք է փորձենք 2010թ. էլ պահպանել այդ դրական դինամիկան»,- իր խոսքը եզրափակեց ՀՀ ԱԳ նախարարը։
Հիշեցնեք, որ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին են ներկայացրել 2007 թվականի Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը, որը ներառում է հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ վերջին ձեւակերպումները:
Թե դրանք ինչ նոր շեշտադրումներ են պարունակում, դեռ անհայտ է հայաստանյան քաղաքական հանրությանը:
Ի դեպ, փաստաթղթի նորացված տարբերակը անցած տարվա դեկտեմբերին ներկայացվել էր նաեւ Իլհամ Ալիեւին:
ArmAr.am












