Նախագահները հանդիպում են Սոչիում
Այսօր Սոչիում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի, և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Դմիտրի Մեդվեդևի եռակողմ հանդիպումը։ Երեք երկրների ղեկավարները մեկ անգամ ևս կփորձեն Ղարաբաղի խնդրի կարգավորման համար ուղիներ գտնել։ Նշենք, որ 2009թ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև 6 հանդիպում արդեն տեղի է ունեցել, ևս երկու հանդիպում կայացել է Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ։
Այսօրվա հանդիպումը կազմակերպելու նպատակով օրեր առաջ Հայաստան էին այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Այցից հետո ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն, ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը և ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն Հայաստանում ՀՀ նախագահին են ներկայացրել են Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը՝ համանախագահների առաջարկած վերջին փոփոխություններով։ Մադրիդյան սկզբունքների այդ նույն նորացված տարբերակը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ներկայացվել էր դեռևս 2009թ. դեկտեմբերին համանախագահների` Բաքու կատարած այցի ընթացքում։
Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ սկսված այս գործընթացի մեկնարկը տրվել է 2008թ. Մոսկվայում, որտեղ և ընդունվել է Մայնդորֆյան հռչակագիրը, որը կողմերին կոչ է անում ղարաբաղյան խնդիրը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով։ Սակայն արդեն փաստ է, որ Ադրբեջանը բազմիցս խախտել է պայմանագրով իր իսկ կողմից հաստատած դրույթը, և ոչ մի առիթ բաց չի թողել պատերազմ հրահրող հայտարարություններ անելու համար։
Եռակողմ այս հանդիպման նախաշեմին ևս ադրբեջանական «էլիտան», այս անգամ արդեն Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևի բերանով, հայտարարել է, որ եթե խնդիրը խաղաղ ճանապարհով չլուծվի, ազերի ժողովուրդը պետք է կարգավորման այլ ուղիներ փնտրի: «Հունվարի 25-ին Սոչիում նախատեսվում է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը: Մենք խնդրի խաղաղ կարգավորում ենք ուզում: Եթե խնդիրը չլուծվի խաղաղ ճանապարհով, հնարավոր այլընտրանքային ուղիներ ենք փնտրելու: Մենք չենք կարող մեր տարածքները նվիրաբերել որևէ մեկին»,- հայտարարել է Մեհդիևը:
«Զորբայությունը` որպես նպատակին հասնելու եղանակ». այսպես կարելի է գնահատել ադրբեջանցիների որդեգրած այն ճանապարհը, որով նրանք ուզում են Ղարաբաղյան խնդրում «արդյունքի» հասնել։
Ռուսաստանի ու Արևմուտքի դիրքորոշումը, ըստ որի Ղարաբաղի խնդրի լուծումը տեսնում են ոչ միայն տարածքային ամբողջականության պահպանման լոզունգի, այլև Ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի ներքո, աստիճանաբար ջղաձգումների է հասցնում Ադրբեջանին։ Սակայն փաստ է, որն ամրագրվեց նաև Աթենքում արված հայտարարությամբ, Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմքում առաջնայինը ազգերի ինքնորոշման իրավունքն է։
Հայկական պատվիրակությունը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, արդեն մեկնել է Սոչի։
ArmAr.am












