Տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքներն անհամատեղելի են
Խոսելով հակամարտությունների կարգավորման մասին` միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ հաճախ հայտարարում են, թե քանի որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր պատմական, քաղաքական իրավական առանձնահատկությունները, հետևապես, տվյալ հակամարտության յուրահատկությունից ելնելով էլ հարկ է փնտրել «համարժեք լուծումներ»:
Այս մոտեցումը ընդունելի կլիներ, եթե գերտերությունները չփորձեին «համարժեք լուծումները» փնտրել միայն սեփական շահերի տիրույթում:
Բանն այն է, որ շատ հաճախ փորձում են հակամարտությունների լուծումը պայմանավորել զուտ սեփական տնտեսական ու քաղաքական շահերով, իսկ հետո արդարանալ, թե դա է թելադրում տվյալ հակամարտության պատմական, իրավական, քաղաքական «առանձնահատկությունը»:
Ակնհայտ է, որ հենց միջնորդ երկրների ակտիվ ջանքերով Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը մի կողմ մղվեց իրավական հարթությունից, և մոռացվեցին միջազգային իրավունքի պահանջները:
Արդյունքում ունենեք այն, ինչ ունենք` մեկ տասնյակից ավելի ձգվող անարդյունք բանակցային գործընթաց… որքան ձգձգվոմ է գործընթացը, այնքան նորանոր քաղաքական խաղաքարտեր են ի հայտ գալիս, որոնք առավելապես խճճում ու փակուղի են մղում հիմնախնդրի իրավական լուծումը:
Ո՞րն է ճիշտ կամ ո՞րն է գերակա
Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում ադրբեջանական կողմը հենց սկզբից առաջ մղեց տարածքային ամբողջականության սկզբունքը` այն հակադրելով ու գերակա հայտարարելով արցախահայության` միջազգային իրավունքով ամրագրված արդար պահանաջին` ազգերի ինքնորոշման իրավունքին:
Բանակցային գործընթացի առաջին իսկ պահից սկսեց շրջանառվել հետևյալ հարցադրումը. «ո՞րն է ճիշտ կամ ո՞րն է գերակա` ազգերի ինքնորոշման իրավու՞նքը, թե՞ տարածքային ամբողջականության սկզբունքը»:
Եվ քանի որ հակամարտությունների լուծումը քաղաքական շահերի տիրույթից հեռու պահելու միակ ուղին իրավական հարթությունն է, հետևապես, դրանց լուծումը հարկ է փնտրել միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերում:
Անդրադառնանք դրանցից մի քանիսին:
ՄԱԿ-ի ընդհանրական փաստաթուղթը, որ կարող է հիմք հանդիսանալ հակամարտությունների կարգավորման համար, համարվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բիլլը, որն իր մեջ ներառում է մի շարք հռչակագրեր ու դաշնագրեր (Մարդ ուիրավունքների համաընդհանուր հռչակագիրը, Քաղաքական ու քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը), որոնցում ազգերի ինքնորոշման իրավունքը սահմանված է որպես հիմնարար իրավունք` առանց վերապահման: Հստակ ասվում է, որ «բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք, որով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն ապահովում են իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը»:
ՄԱԿ-ի կողմից ընդունված մեկ այլ հռչակագրով /ընդունված 1970 թվականին/ սահմանվում են պետությունների համագործակցության 7 սկզբունքներ: Դրանք են.
1. ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում.
2.միջազգային վեճերի խաղաղ կարգավորում.
3. չմիջամտել պետությանների ներքին իրավասությանն առնչվող հարցերին.
4.պետությունների պարտադիր համագործակցություն.
5. ազգերի իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունք.
6. պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունք.
7. ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ու միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրով ստանձնած պարտավորությունների բարեխիղճ կատարում:
Ինչպես տեսնում ենք, սրանցում բացակայում է տարածքային ամբողջականության սկզբունքը, ասել է թե` այն ներառված չէ միջազգային իրավունքի սկզբունքների շարքում:
ՄԱԿ-ի Կանոնադրության 1.2 հոդվածը ևս հստակ ամրագրում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հիմնարար նշանակությունը և այն կարևորում որպես ազգերի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատման հիմք:
Միաժամանակ, միջազգային իրավունքի տարբեր մասնագետներ տարբեր առիթներով արձանագրել են. «Գործող միջազգային իրավունքի շրջանակներում ինքնորոշման սկզբունքը ընդհանրապես գերակա է տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամաբ», և վերջապես. «Տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարելի հակադրել ազգերի ինքնորոշման սկզբունքին և խոչընդոտել վերջինիս կիրառումը»:
Ակնհայտ է, որ իրավական փաստաթղթերը հստակ ու անվերապահորեն սահմանում են ազգերի ինքնորոշման իրավունքը և պարտադիր են ՄԱԿ-ի անդամ երկրների համար:
Իրավական նմանատիպ փաստարկների շարքը կարելի է շարունակել: Սակայն բավարարվենք ներկայացվածով ու անդրադառնանք տարածքային ամբողջականության սկզբունքին:
ՄԱԿ-ի հռչակագիրը հստակ սահմանում է. «Տարածքային ամբողջականության սկզբունքը չի համարվում միջազգային իրավունքի սկզբունք: Այն ընդամենը կարգավորում է պետությունների միջև հարաբերությունները և կիրառելի է միայն այդ հարաբերություններում»: Եվ ուրեմն, այն չի կարող կիրառվել ղարաբաղյան հակամարտության դեպքում, ուր առկա է ազգերի ինքնորոշման իրավունքը:
Եվ ահա, ղարաբաղյան հիմնախնդրում տարածքային ամբողջականության սկզբունքի կողմնակիցները` Ադրբեջանի գլխավորությամբ, հակադարձում են ՄԱԿ-ի կանոնադրության 4-րդ կետը, համաձայն որի, «Յուրաքանչյուր պետություն պարտավոր է իր միջազգային հարաբերություններում զերծ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից ցանկացած պետության տարածքային ամբողջականության նկատմամբ»: Ասել է թե, ՄԱԿ-ի անդամ երկրներն իրենց միջազգային հարաբերություններում պետք է ձեռնպահ մնան ուժի կիրառումից: Իրավագիտորեն պետք է տգետ լինել (կամ ձևանալ)` չհասկանալու համար, որ այստեղ խոսքը ճանաչված պետությունների հարաբերությունների մասին է, բայց ոչ ազգերի ինքնորոշման:
Վերադառնանք ՄԱԿ-ի հռչակագրի հետևյալ կետին, որը շատ կարևոր է ղարաբաղյան հակամարտության տեսանկյունից, այն սահմանում է ազգերի ինքնորշման իրավունքի նկատմամբ ՄԱԿ-ի անդամ երկրների պարտավորությունները, այսպես. «Յուրաքանչյուր պետություն պարտավոր է զերծ մնալ որևէ բռնի գործողությունից, որը ժողովուրդներին կզրկի իրենց ինքնորոշման իրավունքից, ազատությունից, անկախությունից: Այդպիսի բռնի գործողությունների դեմ միջոցների կիրառման ժամանակ և դրանց դիմադրելիս այդ ժողովուրդներն իրենց ինքնորոշման իրավունքն իրրականացնելիս իրավասու են ձգտել աջակցության»:
Այս դրույթը ապացուցում, է որ Հայաստանն այսօր լիովին գործում է միջազգային իրավունքի շրջանակներում և այդ պահանջների համաձայն, լիովին օրինականորեն պաշտպանում իր ինքնորոշման իրավունքի հաստատման համար պայքարող արցախահայության շահերը: Հետևապես, սին են ադրբեջանաթուրքական բոլոր փորձերը` ուղղված Հայաստանը «ագրեսոր» երկիր ճանաչելուն:
Այս ամենից կարելի է միայն մեկ եզրակացության հանգել. տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքներն անհամատեղելի են ու անհնար է դրանք մեկ հարթության մեջ դիտարկել, առավել ևս փորձել հակամարտությունը լուծել երկու սկզբունքները համադրելով: Քանզի երկու սկզբունքներից յուրաքանչյուրը կոչված է լուծելու տարբեր խնդիրներ:
Այնպես որ այս երկու իրար հակադիր սկզբունքները փորձել դիտարկել մեկ հարթության մեջ, արդեն իսկ նշանակում է կոպտորեն հակադրվել միջազգային իրավունքի նորմերին: Եվ ոչ միայն. քանի դեռ Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում շարունակում են դեռ բանակցային սեղանի վրա մնալ ու նույն հարթության մեջ դիտարկվել երկու տարբեր, անհամատեղելի սկզբունքները, գործընթացը չի կարող արդյունավետ ընթացք ունենալ:
Արցախահայության պահանջն այլ է, մինչդեռ Ադրբեջանն իր «տարածքային ամբողջականության» երգն է երգում…
Մեկ բան փաստ է` շատ ամուր են արցախյան հիմնախնդրի լուծման իրավական հիմքերը, ինչը նշանակում է, որ հայկական երկու պետություններն իրենց ձեռքում ունեն հզոր կռվաններ: Ինչը չի կարելի ասել Ադրբեջանի պարագայում: Ադրբեջանի իշխանություններն էլ իրենց հերթին գիտակցում են, որ միջազգային իրավունքի տեսանկյունից իրենց հիմքերը շատ խարխուլ են, և դա է պատճառը, որ նախընտրելին սրանց համար դառնում է հիմնախնդրի լուծումը քաղաքական հարթություն մղելը. քանզի այստեղ շատ հեշտ է նավթային «բույրով» գայթակղելը:
Միամտություն կլինի կարծել, թե երկու տարբեր սկզբունքների անհամատեղելիությունը չեն գիտակցում միջնորդ երկրների ներկայացուցիչները, սակայն այն պահին, երբ գլուխ է բարձրացնում սեփական շահը, դրանք նույնպիսի արագությամբ մոռացվում ու անտեսվում են:
Հ.Գ. Տարիներ շարունակ տարածքային ամբողջականության սկզբունքը գերակայել է ինքնորշման իրավունքին, սակայն վերջին շրջանում, կարծես, այս հարցում որոշ դրական տեղաշարժեր են նշմարվում:
Օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի թղթակցի հարցին` ո՞րն է ավելի կարևոր` տարածքային ամբողջականությա՞ն, թե՞ ազգերի ինքնորոշման սկզբունքը, պատասխանել էր. «Երկու սկզբունքներն էլ հավասարազոր են, դրանցից ոչ մեկը ավելի բարձր դասվել չի կարող»:
Սառույցն սկսում է հալչել. վաղ թե ուշ միջնորդ երկրները գիտակցելու են, որ եթե իրոք ցանկանում են, որ տարածաշրջանում տիրի խաղաղություն, ու հօդս չցնդեն տնտեսական խոշոր ծրագրերը, որոնց ուղղությամբ արդեն իսկ հսկայական ֆինանսական ներդրումներ են արված, ուրեմն պարտավոր են մի կողմ թողնել քաղաքական հաշվարկներն ու հասկանալ` տարածքային ամբողջականության սկզբունքն անհամատեղելի է արցախահայության պահանջին` ազգերի ինքնորոշման իրավունքին, իսկ այդ իրավունքը արցախահայությունը վերագտել է 1991 թվականի իր անկախության հռչակագրով, ապա` իր որդիների արյամբ ամրագրել ագրեսոր Ադևրբեջանի սանձազերծած պատերազմում` տանելով փայլուն հաղթանակ:
Արմինե Սիմոնյան












