«Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի մասնակիցներն այցելել են Էջմիածին եւ Սարդարապատ
ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի չորրորդ փուլի մասնակից շուրջ 40 երիտասարդներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:Առավոտյան պատարագին ներկա գտնվելուց հետո մասնակիցներին ողջունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Վարդան աբեղա Նավասարդյանը: Խոսելով Առաքելական եկեղեցու մասին` Հոգեշնորհ Տերն օրհնել է հայ երիտասարդներին, բաժանել նրանց «Խորան Լուսոյ երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի» գրգույկը, որտեղ զետեղված են աղոթքների բառերն ու նոտաները: Վարդան աբեղա Նավասարդյանը պատվիրել է տանը` հեռուստացուցով, կամ էլ եկեղեցում` պատարագներին հետեւելիս` ձեռքի տակ անպայման ունենալ այս գրքույկը եւ հետեւել նոտաներին, բառերին. «Այսպիսով դուք կճանաչեք ե‘ւ ձեր Հայրենիքը, ե‘ւ Ձեր լեզուն, ե‘ւ Ձեր եկեղեցին»,- ասել է նա:Էջմիածնում ծրագրի մասնակիցներն այցելել են նաեւ Հայ միասնության խաչ (ՀՄԽ) հասարակական կազմակերպության Արվեստաց դպրոց: Պատանիներն ու երիտասարդները տպավորվել են դպրոցի 5-18 տարեկան սաների աշխատանքներով:Մյուս կանգառը եղել է Սարդարապատի թանգարանը: Սփյուռքահայ հյուրերը ուշադրությամբ ծանոթացել են Սարդարապատի հերոսամարտի պատմությանը: Դիտելով Արամ Մանուկյանի մասին պատմող տեսֆիլմը` պատանիներն ու երիտասարդները բուռն քննարկում են սկսել 1918թ. հայկական առաջին հանրապետության առջեւ ծառացած մի շարք հարցերի շուրջ: Այնուհետեւ Սարդարապատի հուշահամալիրում նրանք հարգանքի տուրք են մատուցել Սարդարապատի հերոսամարտի եւ Արցախի պատերազմի զոհերի հիշատակին:












