Գլխավոր » ԼՂՀ փաստեր, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

Հայաստան-Արցախ միասնական քարտեզից բացի ուրիշ քարտեզ չպիտի շրջանառվի

Հունվար 26, 2010թ. 11:16

s640x480Ադրբեջանական կայքէջերին պարբերաբար հետևողները նկատած կլինեն, որ հատկապես վերջին շրջանում` քաղաքական և միջպետական հայտնի իրադարձությունների, հանդիպումների, քննարկումների փուլում, այդ կայքերում և ընդհանրապես ԶԼՄ-ներում ի հայտ է եկել մի երևույթ, որ պայմանականորեն կարելի է անվանել «քարտեզային հիստերիա»: Այն տպավորությունն է, որ ադրբեջանական քարոզիչները, մանավանդ ԱԳ նախարարությունում և դեսպանատներում աշխատող քարոզիչները, Հայաստան-Արցախի քարտեզը տեսնելիս անմիջապես ջղաձգվում են, քրտնում և նետվում նոտաներ հղելու /վերջում երաժիշտ են դառնալու/:

Քարտեզով պայմանավորված` ադրբեջանական այդ մարմնաշարժության առանձին դրվագների ArmAr.am-ն անդրադարձել է: Ինչն է սրանց զայրացնում: Միանգամից ասենք` ամեն ինչ: Օրինակ` քարտեզում Հայաստանը և Արցախը ներկայացված են միասին, սրան հետևում է ադրբեջանական ԶԼՄ-ների ոռնոցը, իսկ դրան էլ` տարբեր տրամաչափի սրա-նրա, վերջում էլ ԱԳՆ- ի ոռնոցը: Ընդ որում, այս կարգի վարքագիծ դրսևորում են բոլոր երկրներում: Այսինքն, քարոզչական պատերազմում Ադրբեջանը դիմում է բոլոր միջոցներին, կանգ չի առնում ոչ մի կեղծիքի առաջ, ավելին` դրանք շրջանառության մեջ է դնում և  Արևմուտքում հասարակական կարծիք ստեղծում` ի նպաստ Ադրբեջանի: Սա, իհարկե, իրենց գործն է, և ինչպես միշտ, թուրքավարի: Արդեն այնտեղ են հասել, որ դժգոհում են, թե քարտեզում ադրբեջանական Խանքենդի քաղաքը հայերը «փոխարինել են Ստեփանակերտ բառով»: Եվ այս խաշնարածներին իրենց արոտատեղիները վերադարձնելու փոխարեն մենք ծիծաղում ենք ու անցնում:

Ինչ ենք անում մենք կեղծիքի դեմն առնելու, քարոզչակամ մեր կռիվը տալու առումով: Շատ քիչ բան` առաջնորդվելով թեև ճիշտ, բայց անօգուտ և անհեռանկար մի սկզբունքով` «միևնույնն է, մենք ճիշտ ենք»: Ճիշտը ճիշտ ենք, սխալը տեղեկատվական պատերազմում մեր երկչոտ դիրքորոշումն է:

Ապացու՞յց: Հայաստանում և Հայաստանից դուրս հեռարձակվող ո՞ր հեռուստաընկերությունն է թեկուզ եղանակի տեսությունը հաղորդելիս օգտագործում Հայաստան-Արցախի միասնական քարտեզը` ազատագրված բոլոր տարածքները ներառյալ: Ընդ որում, ցուցափայտով կամ մատով ցույց տալով Մարտակերտը, Հադրութը, Քարվաճառը, մնացածը, մեծ-մեծ, հատ-հատ: Բացի այդ միասնական քարտեզից, Հայաստանում և Արցախում ուրիշ քարտեզ չպիտի շրջանառվի: Ինչի՞ց ենք խուսափում: Երևանյան անցումների պատերին կարգախոսներ գրելով` լրատվական դաշտում հարցեր չեն լուծվում:

Արցախը կայացած, ամրացած ինքնիշխան պետություն է` իր կառավարման համակարգով, բանակով, պետությանը բնորոշ բոլոր ինստիտուտներով, իսկ տարածքով`Հայաստանի հետ միասնական: Սա անհրաժեշտաբար  պիտի արտացոլվի նաև քարտեզներում, հո կեղծիք չե՞նք կատարում: Ազերիները որքան ուզում են թող նոտաներ ու մուղամներ հղեն ու մղեն: Մեր գործն արդար է:

Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ

ArmAr.am


Դիտել ԼՂՀ փաստեր, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն