Թուրքիան` ահաբեկիչների որջ
Թուրքիայի անվտանգության ծառայության ահաբեկչության դեմ պայքարի հատուկ նշանակության ուժերն «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամներին հայտնաբերելու ուղղությամբ որոնողական գործողություններ են իրականացրել Ստամբուլի և Քոջաելիի շրջաններում: Արդյունքում բերման է ենթարկել 30 հոգի, որոնցից տասը ձերբակալվել է:
Թուրքական «Son Dakika» լրատվական կայքի տեղեկացմամբ` այդ ժամանակ ընթացել է ավելի վաղ ժանդարմերիայի կողմից Ստամբուլում ձերբակալված 23 հոգու հարցաքննությունը: Նկատենք, որ ահաբեկչական գործունեություն ծավալելու մեջ մեղադրվողների զանգվածային ձերբակալությունները հաճախադեպ են դարձել Թուրքիայում:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Թուրքիայի հատուկ ջոկատայիններն Անկարայում, Ստամբուլում, Ադանայում, Դիարբեքիրում, Վանում և Մուշում համաժամանակյա օպերացիաների արդյունքում ձերբակալել էին «Ալ Քաիդա»-ի 120 անդամների:
Օրեցօր ավելի ակներև է, որ աշխարհի թիվ մեկ ահաբեկչական կազմակերպությունն արմատներ է ձգել Թուրքիայում և շարունակում է ստվարացնել ահաբեկչական որջերն այդ երկրի տարբեր տարածքում:
Նշենք, որ «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը հիմնվել է 1980-ականներին Պակիստանում: Սկզբում այն պայքարում էր Աֆղանստանից սովետական զինուժի դուրսբերման համար, ապա` կռիվ մղում եվրաատլանտյան ճակատի դեմ: Կազմակերպության գլխավոր նպատակն է տապալել աշխարհիկ վարչակազմերն իսլամական երկրներում և ստեղծել մեծ իսլամական խալիֆայություն:
ArmAr.am












