ՄԱԿ-ի պատասխանը ArmAr.am-ին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ArmAr.am էլեկտրոնային օրաթերթը վերջերս նամակ էր հղել ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Դաֆինա Գերչեվային
Նամակում, մասնավորապես, ասված էր, որ 1988-92 թ.թ.Ադրբեջանի կողմից հայության հանդեպ իրականացված ջարդերն իրենց բնույթով լիովին համապատասխանում են 1948 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունված Ցեղասպանության կոնվենցիայի դրույթներին: Իսկ դա նշանակում է, որ տեղի ունեցածը Ցեղասպանություն է:
Հետևապես, միջազգային հանրության կողմից Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի` իրավական, քաղաքական, ֆինանսական, բարոյական առումով: Եթե ժամանակին Սումգայիթի ոճրագործությանը տրվեր համարժեք գնահատական, ապա տեղի չէին ունենա Բաքուն ու ադրբեջանական այլ բնակավայրերի հայ բնակչության կոտորածները:
Դաֆինա Գերչեվային ArmAr.am-ի ուղղած հարցն այսպիսին էր` ինչո՞ւ մինչ օրս այս միջազգային հեղինակավոր կազմակերպությունը չի տվել իր համապատասխան գնահատականը:
Օրերս ArmAr.am-ը` ՄԱԿ-ից ստացավ հետևյալ պատասխանը. «Այդ հարցը գտնվում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի մանդատի ներքո»։
Սա, իհարկե, այն հերթապահ պատասխաններից մեկն է, որ արվում է, ընդամենը, ի ցույց դնելու, թե իրենք բարեհաճել են արձագանքել: Մինչդեռ, իրականում այդ պատասխանը հավասարազոր է ՉՊԱՏԱՍԽԱՆԻ:
Այս առնչությամբ ArmAr.am-ի հետ զրույցում, ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը նախ նկատեց. ««Ես շնորհակալ եմ, որ ArmAr.am-ը նման քայլ է նախաձեռնել և այդ կարևոր հարցն ուղղել է բարձր հեղինակություն ունեցող միջազգային ատյանին, ինչպիսին է ՄԱԿ-ը։ Ինչ վերաբերում է նրանց պատասխանին, ապա դա մեկ բառով կարել է բնութագրել այսպես` խուսափողական պատասխան»։
Բայց որպեսզի նման միջազգային կառույցը չկարողանա խուսանավել, Լարիսա Ալավերդյանի համոզմամբ , ճանապարհը մեկն է` Հայաստանը պետք է բարձր մակարդակով շարունակի դիմել համապատասխան ինստիտուտներին, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովին և ամեն կերպ հասնի նրան, որ 1988-92 թ.թ.Ադրբեջանի կողմից հայության հանդեպ իրականացված ջարդերը ՄԱԿ-ի կողմից պաշտոնապես ճանաչվեն որպես Ցեղասպանություն։
«Որոշ պետություններ տեղի ունեցածն արդեն իսկ ճանաչել են որպես Ցեղասպանություն, ինչն էլ մեր պետությանը հիմք է տալիս առավել ակտիվ լինել՝ ՄԱԿ-ում այդ հարցը առաջ մղելու և որոշում ստանալու առումով»։
ArmAr.am












