Վլադիմիր Ժիրինովսկի. «Ես չեմ կարող պատկերացնել Ղարաբաղի խաղաղ անցումը Բաքվի իրավասության տակ»
«Հայ–ադրբեջանական հակասություններն այնքան խորն են, որ ես չեմ կարող պատկերացնել Ղարաբաղի խաղաղ անցումը Բաքվի իրավասության տակ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է փնտրել այլ` նոր և, բնականաբար, բոլոր կողմերի համար ընդունելի իրավական կարգավիճակ: Ադրբեջանի իշխանությունները ինձանից նեղանում են, բայց չէ՞ որ այդ միջէթնիկական հակամարտության մեղավորը ես չեմ: Ես ընդամենը արձանագրում եմ ակնհայտ հանգամանքները` որպես մասնագետ, որն ապրել և աշխատել է այդ տարածաշրջանում»:
Վլադիմիր Ժիրինովսկու կարծիքով, Ռուսաստանը շահագրգռված է ոչ թե Հայաստանի համար ի վնաս Ադրբեջանի միակողմանի առավելությունների ձեռք բերման, այլ տարածաշրջանում կայունության հաստատման մեջ: «Իսկ այստեղ կա համագործակցության գոտի Վաշինգտոնի և Մոսկվայի համար»:
Մեր ընթերցողին հիշեցնենք, որ հունվարի 16-ին Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի հուշագիր է հանձնել Ռուսաստանի ԱԳՆ-ին` Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկու այն հայտարարության կապակցությամբ, որում վերջինս նշել էր Ռուսաստանի Դաշնության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման հնարավորության մասին, եթե Ստեփանակերտն ինքը հռչակի այդ անկախությունը:
Եվ ահա այսօր, Վլադիմիր Ժիրինովսկին, ի պատասխան ադրբեջանական նոտայի, այս կերպ է մեկնաբանել իր վերոնշյալ հայտարարությունը:
ArmAr.am












