Պատմական Հայաստանի քարտեզը տագնապեցրել է թուրքերին
«CnnTurk» լրատվական ծառայությունը տագնապի աղմուկ է բարձրացրել այն պատճառով, որ Վաշինգտոնի համալսարաններից մեկում կազմակերպված սեմինարի ժամանակ ցուցադրվել է քարտեզ, որտեղ ներկայիս Թուրքիայի արևելյան հատվածը նշված է եղել որպես Պատմական Հայաստան:
Այսպես` Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետում հրավիրվել է սեմինար` «Հայ-թուրքական արձանագրությունները, իրականություն և միֆ» խորագրով: Սեմինարին մասնակցել է նաև Վաշինգտոնում թուրքական դեսպանության ներկայացուցիչը, որն իր դժգոհությունն է հայտնել սրահի կենտրոնում փակցված հիշյալ քարտեզի կապակցությամբ: Թուրք ներկայացուցիչը ներկայացրել է 1915-ի վերաբերյալ պաշտոնական Անկարայի դիրքորոշումն ու նշել, որ հայկական կողմը համապատասխանաբար չի արձագանքում պատմական հանձնաժողով հիմնելու և արխիվները բացելու մասին իրենց նախաձեռնությանը:
Քարտեզի հարցի պատասխանատվությունն իր վրա վերցրած համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից Սին Մըրֆին` նշել է, որ իրենց արած հարցումին ի պատասխան «Google» որոնման համակարգը այդ քարտեզն է բերել: Եվ հետո, քարտեզը տեղադրվել է, որպեսզի ի ցույց դրվեն բոլոր այն մտահոգությունները, որ կան Թուրքիայի սահմանների առնչությամբ:
Ոճրագործ պապերից հանրապետական Թուրքիա ժառանգած ժամանակակից թուրքերը գոնե իրենց բաժին ամոթը թիկնոցի պես կրելու փոխարեն շարունակում են համառորեն դավեր նյութել պատմական արդարության դեմ: Թուրքիայի արևելյան շրջաններ հորջորջվող տարածքները բնիկ հայկական են և կոչվում են Արևմտյան Հայաստան: Համենայնդեպս սա հայտնի ու միարժեքորեն անվիճելի է աշխարհի առաջադեմ ու քաղաքակիրթ հատվածի համար: 1915-1923թթ. Ցեղասպանությունից հետո այն պարզապես հայաթափվել է:
ArmAr.am












