Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Նաոմի Քլեյնը նախագզուշացնում է թուրքերի երեսպաշտության մասին

Հունվար 27, 2010թ. 14:59

naomi-kelinԳազայի շրջանում Իսրայելի քաղաքականության գլխավոր քննադատներից մեկն իր «զենքն» ուղղել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ՝ ազգային և միջազգային մակարդակով մարդու իրավունքների ոտնահարումներն անտեսելու համար:

Հասարակական գործիչ և լրագրող Նաոմի Քլեյնը  քննադատել է Թուրքիայի կառավարությանը, որն իր երկրի հայ և քուրդ ազգաբնակչության իրավունքներն արհամարհելով հանդերձ, իր համերաշխությունն է հայտնում Պաղեստինի ժողովրդին: Քլեյնն ասել է, որ Թուրքիայում հեշտ է պաղեստինցիների իրավունքների պաշտպանությամբ հանդես գալը, քանի որ այն «ժողովրդականություն է վայելում և ամբոխահաճո է»:

Նաոմի Քլեյնն այս մասին ասել է Ստամբուլի «Boğaziջi» համալսարանում՝ Թուքիայում սպանված հայ  նշանավոր  հասարակական գործիչ և լրագրող Հրանտ Դինքի հիշատակին նվիրված համաժողովում` հայտնում է թուրքական «Hurriyet Daily News» թերթը:

Խոսելով Թուրքիայի վարչապետի՝ Իսրայելի նախագահի հասցեին Դավոսում հնչեցրած մեղադրանքների մասին, ինչպես նաև կարևորելով Թուրքիայի միջամտությունը Պաղեստինին հումանիտար բեռներն անվտանգ հասցնելու գործում, միաժամանակ ասել է. «Սակայն ինչպե՞ս կարող ենք ողջունել այդ համերաշխությունը, երբ այն գալիս է մի համակարգից, որը հետապնդում է իր երկրի քուրդ քաղաքացիներին կամ ժխտում է Հայոց Ցեղասպանությունը: Ինչպե՞ս կարող ենք ողջունել մի կառավարության, որը Սուդանի հասցեին հնչող մեղադրանքներին ի պատասխան ասում է, որ դա հնարավոր չէ, քանի որ «մուսուլմանական հավատին պատկանող մարդիկ ցեղասպանություն չեն կարող իրականացնել»:

Թուրքիան չի ընդունում այն մեղադրանքները, որոնցով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները որակվում են որպես ցեղասպանություն: Միաժամանակ, Թուրքիան հյուրընկալում է Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրին` չնայած նրա իրագործած ռազմական հանցագործությունը ևս գնահատվում է որպես ցեղասպանություն:

Խոսելով իսրայելցի զինվորների վայրագությունները ցուցադրող թուրքական  հեռուստաընկերությունների մասին, Նաոմի Քլեյնն ասել է. «Ինչպե՞ս կարող ենք դա համարել խոսքի ազատություն Թուրքիայում, երբ այդ նույն  երկրում Հրանտ Դինքը պետության հետապնդումների զոհ դարձավ՝ խոսքի ազատության իր իրավունքից օգտվելու համար»:

Կանադացի հրեա լրագրողուհին ցավով խոսել է նաև մեկ այլ երեսպաշտական դրսևորման մասին. իսրայելցի զինվորները փութաջանորեն օգնության են հասնում Հայիթիի աղետյալ ժողովրդին, սակայն այդ նույն զինվորներն արգելափակում են Գազայի շրջանում պաղեստինցիների համար նախատեսված հումանիտար բեռների ճանապարհը …

Ռուզաննա Ավագյան

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն