Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Քաղաքականություն

Թուրքիա. Երբ խաղացողը դառնում է խաղալիք

Փետրվար 1, 2010թ. 11:36

turkiaՀայտնի բան է. անգլիական դիվանագիտությունն աշխարհում սովորաբար համարվել է լավագույնը: Հարյուրավոր տարիներ առաջացրել է հիացմունք, շարժել նախանձ, կորզել ծափեր: Հետո, երբ աշխարհի քաղաքական պատմության մաս սկսեցին կազմել նաև օսմանցի թուրքերը, հնարամիտ խորամանկության կամ խորամանկ հնարամտության նոր օրինակներ մեջտեղ եկան: Բնավ պատահական չէր, որ թուրքերին սկսեցին անվանել «Արևելքի անգլիացիներ» նկատի ունենալով հենց արդյունավետ դիվանագությունը: Զորօրինակ առաջին աշխարհամարտը. Թուրքիան պարտվածների ճամբարում էր, բայց կարողացավ ոչ միայն շրջանցել իր պարտված դաշնակիցների ճակատագիրը, այլ նաև վերատիրանալ ռուսական զորքերի գրավված Արևմտահայաստանի տարածքներին: Ավելին: Քեմալականներն իրենց տիրապետության տակ առան Արևելյան Հայաստանի այնպիսի տարածքներ` Կարս, Իգդիր, Արդահան, Սուրմալու, որոնք երբեք Օսմանյան  Թուրքիայի կազմի մեջ չեն եղել: Ստույգ մասնատումից ու կործանումից փրկված թուրքերը ժամանակին, ըստ երևույթին, փառք են տվել իրենց աստծուն, հիացել իրենց դիվանագիտության փայլուն խաղով: Բայց ինչպես աստվածաշնչում է ասվում. «Ոչինիչ հավերժ չէ այս արևի տակ»: Անցել են ժամանակներ, փոխվել է աշխարհաքաղաքական կլիման, մշակվել են խաղի նոր կանոներ, համալրվել է դիվանագիտության զինանոցը, և, վերջապես, փոխվել են խաղացողները…

Նախկին խաղացող Թուրքիան առավել հաճախ սկսել է հայտնվել խաղալիքի կարգավիճակում: Նախկինի պես այլևս չի կարողանում հաջողությամբ տիրապետել իրերի ընթացքին, ինչի հետևանքով իրադարձությունների հորձանուտում հայտնված Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կարող է ենթարկվել նավաբեկության: Խոսենք փաստերով:

•          Հայաստանի Սահմանադրական դատարանի արձակած վճռից հետո դիվանագիտական էլեկտրաշոկի ենթարկված Թուրքիան  բոլոր հնարավոր ճակատներով անցավ գրոհի` էլ արտգործնախարարության հաղորդագրություն, էլ վարչապետի սպառնալից հայտարարություն, էլ արտգործնախարարի մեղադրական ճառ, էլ . . .

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը պաշտոնապես հայտնեց Վաշինգտոնի դիրքորոշումը խնդրի առնչությամբ, այն է` միանգամայն ողջունելի է ՀՀ Սահմանադրակ Դատարանի որոշումը: Ահա մեկ պարտություն դիվանագիտական ճակատում:

•          Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ ընտրվեց ազգությամբ թուրք Մևլութ Չավուշօղլուն: Պատմականորեն սա աննախադեպ էր: Թուրքերի համար նշանավոր այս իրադարձությունը, սակայն, խորհրդանշական անհաջողությամբ սկսվեց: Ըստ տեղեկությունների`ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ԵԽԽՎ-ի նորըտիր նախագահ Մևլութ Չավուշօղլուն հանդես է եկել կանխակալ տեսակետներով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի առնչությամբ: Իսկ երբ ՀՀ-ի կողմից պաշտոնապես պահանջվեց բացատրություն տալ` Չավուշօղլուն հերքեց «ԱՊԱ»-ի տարածած տեղեկությունը, պատճառաբանելով, թե  գործակալությունը խեղաթյուրել  իր ասածը: Ծանոթ ձեռագիր է. ամիսներ առաջ էլ գրեթե նույն կերպ վարվեց թուրքական «Աքշամ» թերթի լրագրողուհին, որը Ղարաբաղում ասել էր այլ բան, Թուրքիայում` բոլորովին այլ բան` հերքել իր իսկ խոսքերը: Այնուամենայնիվ,

ԵԽԽՎ թուրք նախագահն իր պաշտոնավարության մեկնարկին դիվանագիտակ վրիպում թույլ տվեց: Փաստորեն, նա լրջորեն հարցականի տակ դրեց իր պաշտոնավարության հեղինակությունը տարածաշրջանի խնդիրների լուծման հարցում առհասարակ որևէ դրական դերակատարում ունենալու տեսանկյունից: Ահա ևս մեկ անհաջող դիվանագիտական հնարք:

• Հայ-թուրքական արձանագրությունները պնդերեսաբար ղարաբաղյան հարցի հետ կապակցող «մեկ ազգ երկու պետություն» գոռգոռացող Էրդողանն ու իր կառավարությունը թիկունքում զգացին ադրբեջանցի եղբայրների բրուտոսությունը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դավոսյան հայտարարությունը, բազմաթիվ վերլուծաբանների համոզմամբ, կշռադատված չէր: Այն խիստ անհարմար դրության մեջ դրեց Անկարային: Խոսելով ադրբեջանական բնական գազի համար Անկարայի վճարած ցածր սակագնի մասին` Ադրբեջանի նախագահն ասել էր. «Մենք այսպիսի պայմաններով Թուրքիայի հետ այլևս չենք կարող շարունակել»:

«Ալիևի այս խոսքերը պայթեցին ռումբի նման», «Ալիևը Թուրքիային շոկի մեջ է գցել». այս և նման ձևակերպումներով գնահատվեց Ալիևի հայտարարությունը թուրքական մամուլում: Թուրք-ադրբեջանական դաշինիքի ճաքերն ավելանում են: Հիշենք, որ հարևանների հետ վիզային ռեժիմների փոխադարձ հանման հաղթարշավ սկսած Անկարան (Սիրիա, Հորդանան, Լիբիա) առաջին ձախողումն ունեցավ Ադրբեջանի պարագայում, ընդ որում` հենց վերջինս մեղքով:

Անկարայի այս երեք հիմնական ձախողումներն ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում են եղել: Եվ ուրեմն կարելի չկասկածել, որ Թուրքիայի դիվանագիտական կորպուսներում տագնապ հայտարարելու պահը կամ եկել է, կամ` ուր որ է, քանի որ խաղացողից խաղալիքի վերածվելն իսկապես տագնապի լուրջ պատճառ է:

Մխիթար Նազարյան

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն