Արցախյան ժամանակագրություն
2005 թ. հունվարի 25
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի հարցով ընդունվեց որոշում, որում հիշատակվում է, որ 2001թվականին Հայաստանը և Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս պարտավորություններ են ստանձնել` միայն խաղաղ ճանապարհով հասնել հակամարտության կարգավորմանը: Որոշումը կոչ է անում երկու երկրների կառավարություններին «զերծ մնալ միմյանց նկատմամբ ռազմական ուժի կիրառումից և զինված գործողությունների իրականացումից»:
ԵԽԽՎ-ն հայտարարեց նաև իր մտադրության մասին` այսուհետև կանոնավոր հետևել հակամարտության կարգավորման ընթացքին:
2005 թ. հունվարի 25
ԼՂՀ Նախագահ Ա.Ղուկասյանը «Ռեգնում»- ին տված հարցազրույցում հայտարարել է. «… Ղարաբաղյան կողմը արհեստականորեն մեկուսացվել է կարգավորման բանակություններից… Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մշտական հանդիպումները, անշուշտ, կարևոր են, սակայն, դրանք ի վիճակի չեն փոխարինելու լիարժեք բանակցային գործընթացին` առանց նրանում Լեռնային Ղարաբաղի իրավահավասար մասնակցության: Պետք չէ մոռանալ, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը բարձրացվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից և այն վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին: Մնացածը Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմի հետևանքներն են…»:
2005 թ. հունվարի 29
Երևան ժամանեց ԵԱՀԿ և Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի համանախագահների 10 փորձագետներից կազմված խումբը: Լեռնային Ղարաբաղի կողմից վերահսկվող 7 շրջանների մոնիթորինգ իրականացնելու համար ձևավորված խումբը ղեկավարում էր Գերմանիայի ԱԳՆ-ի ԵԱՀԿ վարչության ղեկավար Էմիլի Մառգարետ Հաբերը:
Հիշեցնենք, որ առաքելություն ստեղծելու մասին պայմանավորվածությունը ձեռք բերվեց այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվեց ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» որոշման նախագծի հետագա առաջադրումից:
ArmAr.am












