Հայ-թուրքական համաձայնությունը փակուղի է մտել
«Հայ-թուրքական համաձայնությունը փակուղի է մտել անհանգիստ տարածաշրջանում» վերտառությամբ մի ծավալուն հոդված է հրապարակել «Reuters» լրատվական գործակալությունը, որտեղ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրին:
Խոսելով հայ-թուրքական բնականոն հարաբերությունների հաստատման և սահմանի բացման մասին, հոդվածագիրը նշում է, որ այդ համաձայնագիրը դրական ազդեցություն կունենար դեպի ծով ելք չունեցող Հայաստանի տնտեսության վրա և նպաստավոր պայմաններ կստեղծեր Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի բաղձալի երազանքի իրականացման համար: Սակայն Թուրքիան պայմանագրերի վավերացման դիմաց առաջ քաշեց Լեռնային Ղարաբաղից Հայաստանի դուրս գալու նախապայմանը: Այդ պահանջն արժանացավ Հայաստանի կտրուկ և խիստ մերժմանը: Իր այս քայլով թուրքական կողմը ցանկանում էր սատարել իր դաշնակից «մուսուլմանական Ադրբեջանին»: «Խորհրդային Միության փլուզումից հետո, էթնիկ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը՝ քրիստոնեական Հայաստանի աջակցությամբ դուրս է եկել Ադրբեջանի վերահսկողությունից», իր ընթերցողներին տեղեկացնում է «Reuters»-ը:
«Թուրքիան իր արտաքին քաղաքականությունը գրավ է դրել Ադրբեջանին՝ դավաճանելով իր «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականության մաս կազմող հայ-թուրքական համաձայնությանը, իսկ Ադրբեջանի ներկայիս լոբբինգն ու հարյուրավոր միլիոնների նավթադոլարները վիճարկում են դրա հռետորական բնույթը»,- նման կարծիք է հայտնել Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Հյու Փոուփը:
Դրությունն էլ ավելի բարդացավ, երբ Թուրքիան սկսեց մեղադրել Հայաստանին, որ նա «փորձում է նորից գրել արձանագրությունները՝ հղում կատարելով երկրի սահմանադրական պարտավորությանը՝ սատարելու Ցեղասպանության ճանաչման գործին»: Վերլուծաբանների կարծիքով ճնշումն էլ ավելի կուժեղանա գալիք ապրիլի 24-ին, երբ հզոր հայկական Սփյուռքը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայից դարձյալ կպահանջի «կատարել իր նախընտրական խոստումը և կոտորածներն անվանել ցեղասպանություն»:
«Համաձայնագրում ոչ մի խոսք չկա Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին»,- հաստատում է հոդվածագիրը: Սակայն ադրբեջանցիների՝ շատ թուրքերի կարծիքով, իրենց «եղբայրակիցների» կողմից բացասական արձագանքը խորացրել է քաղաքական պառակտումն Անկարայում: Ադրբեջանը սպառնում է բարձրացնել Թուրքիա արտահանվող գազի սակագինը և ավելացնել Ռուսաստանին վաճառվող գազի ծավալները: Եվ Թուրքիան տեղի տալով Ադրբեջանի խիստ արձագանքներին, շարունակում է պայմանագրերի վավերացումը փոխկապակցել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմամբ:
«Թուրքիան պայմանագրերի վավերացումը շաղկապելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, շատ է բարդացնում այդ գործընթացը, քանի որ այն կարող է տասնամյակներ ձգվել»,- ասում է վերլուծաբան Հյու Փոուփը:
Ռուզաննա Ավագյան
ArmAr.am












