«Հայաստան» համահայկական հիմնադրամը Սոս գյուղում իրականացնում է խմելու ջրի ծրագիր
«Հայաստան» համահայկական հիմնադրամը 2009-ի հոկտեմբերից մեկնարկել է ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս գյուղի խմելու ջրի ներքին ցանցի կառուցման եւ չգործող հին ջրամբարի վերանորոգման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության համատեղ հովանավորությամբ:
«Մեր մարդասիրական գործունեության կենտրոնում Արցախի բնակչության համընդհանուր բարեկեցությունն է, սակայն հատուկ ուշադրություն ենք դարձնում համայնքների ջրամատակարարմանն ու երեխաներին առնչվող ծրագրերին», – ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրամսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը:
Արդեն պատրաստ է 7,6 կիլոմետր երկարությամբ ներքին ցանցը, իսկ փետրվարին կսկսվի հին ջրամբարի վերանորոգման եւ բաժանարար հորերի կառուցման աշխատանքները:
«Բազմաթիվ համայնքներ Հայաստանում եւ Արցախում, ցավոք, մինչ օրս ջրի խնդիր ունեն: Ուրախալի է, որ ավարտին հասցնելով այս ծրագիրը` եւս մեկով կպակասի նման խնդիր ունեցող գյուղերի թիվը»,- նշում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Սոս համայնքի ղեկավար Իգոր Ղահրամյանի խոսքով` հնամյա գյուղի բնակիչներն օգտվում են համայնքի միակ ջրհորից, որը քարուքանդ վիճակում է եւ ջուրը պիտանի չէ խմելու համար: ՙՋուրը գյուղացուն հողի հետ կապող ամենամուր օղակն է, եւ միայն ջուր լինելու դեպքում գյուղացին կարող է մտածել կենցաղային իր մյուս խնդիրների մասին՚,- ասում է գյուղապետը:
Հիշեցնենք, որ 2009-ին Հիմնադրամը ջրամատակարարում է ապահովել շրջանի Բերդաշեն եւ Սպիտակաշեն գյուղերում:
Դպրոցաշինական ոլորտում ընթացքում են Գիշի եւ Ճարտար գյուղերի դպրոցների կառուցման աշխատանքները: Վերջերս շահագործման հանձնվեց Սպիտակաշենի նոր դպրոցը:












