Թուրքիան, եթե քրդական հարցում դեմ է դրսի միջամտությանը, ապա հայկական հարցում լուրջ աջակցություն է ակնկալում
Թուրքական «Ռադիքալ» թերթում հրատարակված` «Հինգ տարբերություն երկու խնդիրներ» խորագրով հոդվածի հեղինակը փորձել է զուգահեռներ անցկացնել հայկական և քրդական հարցերի միջև:
Ըստ պարբերականի, իրավիճակը հանգամանորեն վերլուծելու դեպքում հայկական ու քրդական խնդիրների միջև ի հայտ են գալիս բազմաթիվ տարբերություններ: Նախ և առաջ ակնարկելով, որ հայկական խնդիրը հիմնականում դիվանագիտական հարց է: Իսկ քրդերի դեպքում` խնդիր է դրված ժողովրդավարական ճանապարհով բարելավել պետության ու ժողովրդի մի հատվածի հարաբերությունները, վերջ դնել 25 տարվա արյունալի պատերազմին: Այլ կերպ ասած` եթե հայկականը` արտաքին, ապա քրդականը հակառակը` ներքին խնդիր է: Հոդվածագիրը նկատում է, որ հայերի հետ հարաբերությունների կարգավորման գործում Թուրքիան ունի այլ պետությունների աջակցության կարիքը, իսկ քրդական հարցում` նախընտրում է, որ ոչ ոք չմիջամտի, միաժամանակ, այլ պետություններից պահանջում չաջակցել Քրդական բանվորական կուսակցությանը: Թերթը նկատել է նաև, որ ԱՄՆ-ն խրախուսում է հայկական խնդրի լուծմանը, իսկ քրդական հարցու փորձում է խոչընդոտել: Ավելին, պարբերականը վստահ է, որ եթե նույնիսկ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորվեն, Կովկասում լիարժեք կայունություն չի հաստատվի, քանի որ Հայոց ցեղասպանության հարցը կմնա օրակարգում: Իսկ եթե քրդական հարցը լուծվի, Թուրքիայի ներքին անդորրը կվերականգնվի:
Քրիստինե ՄԵԼՔՈՆՅԱՆ












