Հայկ Դեմոյան.« 30-40 տարի հետո Թուրքիայի բնակչության կեսը կլինեն էթնիկ քրդեր
«Եթե հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը տապալվի, ապա դա կլինի միմիայն Թուրքիայի մեղքով: Արդյունքում` գործի կդրվի «Հայկական ցեղասպանություն» մահակը, և Թուրքիան դեղին քարտ կստանա մեծ տերությունների կողմից` ցեղասպանության ճանաչման տեսքով», – կարծում է Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Ինչ վերաբերում է շրջանառվող այն լուրերին, թե Թուրքիան արձանագրությունները կվավերացնի ապրիլի 24-ի նախաշեմին, ապա Դեմոյանի կարծիքով, Թուրքիան եղեռնի հերթական տարելիցի նախօրեին կկազմակերպի հերթական «մինի շոուն»` որևէ «կարևոր իրադարձությամբ» ծածկելով այն:
Այնուամենայնիվ, բոլոր կողմերն էլ քաջ գիտակցում են, որ այս փուլին հասած հարաբերությունների հաստատման տապալումից հետո դժվար կլինի կրկին նման գործընթաց սկսելը. «Անգամ եթե գործընթացի վերսկսման հավանականություն առաջանա առաջիկա 10-15 տարիների ընթացքում, ապա կողմերի դիրքորոշումններն ավելի բևեռացված կլինեն»:
Այսօր, ըստ բանախոսի, հարաբերություններ հաստատելու Թուրքիայի պատրաստակամությունը բխում է մոտ ապագայում նրա խոցելիությունից. «Առաջիկա 15-20 տարիների ընթացքում Թուրքիային սպասվում են լուրջ մարտահրավերներ, որոնք նրան մղելու են իր բոլոր հարևանների հետ խնդիր չունենալու քաղաքականության իրականացմանը` «զրո խնդիր հարևաների հետ»:
Առաջիկայում Թուրքիային սպասվող մարտահրավերներից Հայկ Դեմոյանն առանձնացնում է այդ երկրում աճող էներգետիկ խնդիրները, որը առաջիկա 15-20 տարում Թուրքիային լուրջ ճգնաժամի առջև կկանգնեցի:
Թուրքիան լուրջ խնդիրներ կունենա նաև կապված իր էթնիկ կազմի հետ. մոտ 30-40 տարի հետո Թուրքիայի բնակչության կեսը կլինեն էթնիկ քրդեր: Նման իրավիճակից թուրքական պետությունը միայն երեք հնարավոր ելքեր կարող է գտնել` ստեղծել ֆեդերատիվ հանրապետություն, իրականացնել ցեղասպանություն` որպես այդ երկրում ընդունված մշակույթ, կամ ստեղծել անկախ Քրդստան:
Իսկ Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի համար ոչ միայն արտաքին մարտահրավեր է, այլ նաև «լուրջ քայքայիչ ազդեցություն է ունենում թուրքական ազգային-պետական ինքնության հարցերում»:
Այս բոլոր մարտահրավերների հետ Թուրքիան պետք է կշեռքի նժարին դնի Ադրբեջանի հետ հարաբերությունները: «Մենք ականատես ենք լինում ոչ թե այն գործընթացին, թե ինչքան դժվար է Թուրքիայի համար բացել սահմանը և հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, այլ թե որքան դժվար է Թուրքիայի համար կորցնել Ադրբեջանը»:
Ըստ Հայկ Դեմոյանի, Թուրքիան այսօր հիասթափված է, քանի որ հասկացել է, որ Ղարաբաղի հարցում Հայաստանը զիջումների չի գնալու: Այսօր նրանք հույսը դրել են ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի խարխլման վրա:
ArmAr.am












