«Պատմական ցանկացած թեմայի քննարկում վտանգավոր է Թուրքիայի համար»
«Պատմական ցանկացած թեմայի քննարկում, ոչ միայն ցեղասպանության վերաբերյալ, կարող է վտանգ ներկայացնել Թուրքիայի համար»,- այսօր Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տօրեն Հայկ Դեմոյանը:
Թեպետ Հայաստանը բազմիցս է հայտարարել այն մասին, որ ցեղասպնության հարցը չի կարող լինել քննարկման առարկա, այնուամենայնիվ հայ-թուրքական արձանագրություններում պատմական հարցերով զբաղվող ենթահանձնաժողովի հիշատակումը շատերին է անհանգստացում:
Հայկ Դեմոյանը լրագրողերին վստահեցրեց, որ այժմ որևէ խոսակցություն, ձևաչափ` ամրագրված ենթահանձնաժողովի մասին չկա: Լինելու դեպքում, ըստ նրա, Հայաստանի համար քննարկման առարկա կարող է լինել միմիայն հետևանքների վերացումը: Այն կարող է իրականացվել տարբեր կերպ` մշակութային ժառանգության վերականգնմամբ, բռնի ուծացված հայերի խնդրի բարձրացմամբ. «Ցեղասպանությունը ենթադրում է պատիժ և պատասխանատվություն: Մենք կարող ենք բարձրացնել նաև Թուրքիային պատժելու և հատուցման խնդիրրները»:
Ըստ նրա` պետք է այս հարցում ճիշտ քաղաքականություն վարել:
ArmAr.am-ի թղթակցի այն հարցին, թե այսօր Հայաստանը ի՞նչ քաղաքականություն պետք է իրականացնի, որպեսզի 90-ականների սկզբին Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած կոտորածներին միջազգային կազմակերպությունները տան քաղաքական, իրավական գնահատական, նա պատասխանեց. «Միջազգային հանրությունը (լրագրողներ, քաղաքական շրջանակներ) շատ լավ գիտի այդ մասին: Բայց 90-ականների կեսերից հետո եկավ նավթի բույրը, և միջազգային հանրության գնահատականը` լեզուն, մամուլի հռետորաբանությունը, լուրջ փոփոխություն կրեցին»:
Ըստ Դեմոյանի` ադրբեջանական վայրագ քարոզչությանը մենք այսօր պետք է առաջարկենք արդյունավետ հակադրում` «մասնագիտական գրականության, պաշտոնական հայտարարությունների, մամուլի և էլեկտրոնային լրատվամիջոցների փոխգործակցությամբ»:
ArmAr.am












