Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հոգևոր

Արցախում շարունակում են պայքարել «Եհովայի վկաներ» կոչվող քայքայիչ աղանդի դեմ

Փետրվար 2, 2010թ. 09:00

EgovyԱղանդները շարունակում են իրենց  գրոհը նաև Արցախում: Կրոնական եւ ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցերը կարգավորող ԼՂՀ օրենքի ընդունումից հետո հանրապետության  սահմաններում իրենց գործունեություն իրականացնող կրոնական կազմակերպությունները պարտավոր էին օրենքով սահմանված ժամկետներում և կարգով պետական գրանցում ստանալ: Որոշ կազմակերպություններ, որոնց գործունեությունը տեղավորվում էր ԼՂՀ` վերը նշված օրենքի շրջանակներում, սահմանված ընթացակարգով արդեն պետական գրանցում են ստացել: Մինչդեռ որոշ կազմակերպություններում, խնդիրն այլ ընթացք է ընդունել:

Դեռ 2009թ. օգոստոսին Արդարադատության նախարարության պետռեգիստրի բաժնում, հիմք ընդունելով կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով բաժնի փորձաքննական եզրակացությունը, Եհովայի վկաններին հրաժարվել էին գրանցել: Արցախում եհովականների առաջնորդ Սարգիս Ավանեսյանը դիմել էր առաջին ատյանի դատարան` պահանջելով չեղյալ հայտարարել պետռեգիստրի որոշումը: Առաջին ատյանում  եհովականների հայցը չէր բավարարվել, և  Սարգիս Ավանեսյանն իր ներկայացուցիչների հետ միասին,  դիմել էր Գերագույն դատարան:

ԼՂՀ Գերագույն   դատարանն արդեն 2010-ի հունվարի վերջերին վճռաբեկության կարգով քննել է Սարգիս Ավանեսյանի բողոքն ընդդեմ ԼՂՀ առաջին ատյանի 2009 թվականի հոկտեմբերի 28-ի որոշման: Գործի հասարակական հնչեղությունն այնքան մեծ է, որ Գերագույն դատարանի նիստերի դահլիճում հավաքվել էին ոչ միայն կողմերի ներկայացուցիչներ,  այլև  հասարակական կազմակերպությունների անդամներ, և նույնիսկ` օտարերկրացիներ: Սարգիս  Ավանեսյանը դատարան  էր ներկայացել գերմանացի փաստաբանի ուղեկցությամբ: Սակայն պարզվեց, որ  վերջինս որպես փաստաբան նիստին մասնակցելու իրավունք չունի. նա փաստաբանական գործունեության հավաստագիր չի ստացել  ոչ  Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում, ոչ էլ Արցախի  փաստաբանների միությունում, ինչը տվյալ դեպքում  օրենքի պահանջ է:  Իսկ Սարգիս Ավանեսյանին, ինչպես պարզվեց, Արցախում ապրող  Եհովայի վկաներից և ոչ մեկը գրավոր չի լիազորել  պաշտպանել   կամ ներկայացնել իր շահերը որևէ  տեղ, այդ թվում և` դատարանում:

Պետռեգիստրի ներկայացուցիչը` Սևակ Միքայելյանը,  դատարանում ներկայացրեց արդեն հայտնի բացատրությունը` իրենք առաջնորդվել են օրենքի պահանջով:

Կողմերի  դիրքորոշումները, ըստ երևույթին, առաջին ատյանում ունեցած հանդիպումից հետո չէին փոխվել:

Խորհրդակցելուց հետո  հրապարակվեց Գերագույն դատարանի որոշումը: Ըստ այդմ` Սարգիս Ավանեսյանի հայցն ընդդեմ Պետռեգիստրի` բավարարվեց մասնակի: Գերագույն դատարանը չեղյալ հայտարարեց այդ գործի առթիվ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումն այն հիմքով, որ կողմերն իրավասու չեն եղել նման հարցով եւ նման կարգավիճակով դիմել դատարան: Արդյունքում` խնդիրը մնաց «մինչդատական» մակարդակի վրա, այն է` պետական իրավասու մարմինը, հիմք ընդունելով կարգավորող մարմնի բացասական եզրակացությունը, մերժել է Արցախում «Եհովայի վկաների քրիստոնեական կազմակերպության» պետական գրանցման հայտը:

Նորայր Հովսեփյան

Ստեփանակերտ


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն