Ադրբեջանում շարունակում են հետապնդել լրագրողներին
Բռնություններն ու դատական հայցերը լրագրողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ արդեն վաղուց սովորական երևույթ են Ադրբեջանում: Այս երկրում գրեթե չկան ընդդիմադիր պարբերականներ և հեռուստաալիքներ: Քիչ թե անկախ են որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ, սակայն դրանք նույնպես զերծ չեն տարբեր կլանային պաշտոնյաների հետապնդումներից:
Ինչպես նշում է musavat.com կայքը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հորեղբայրը` ակադեմիկոս Ջալալ Ալիևը դատական հայց է ներկայացրել «Ենի Մուսավաթ» թերթի խմբագրի տեղակալ Ազեր Այխանի և լրագրող Գոշգար Բաքիլիի դեմ:
Նիզամիի շրջանային դատարանը լրագրողներին մեղադրանք է ներկայացրել Ադրբեջանի քաղաքացիական օրենսգրքի 147-րդ (զրպարտություն) և 148-րդ (վիրավորանք) հոդվածներով: Նշենք, որ սրանք լրագրողներին դատի տալու ամենատարածված հոդվածներն են: Հեյդար Ալիևի եղբոր` Ջալալ Ալիևի հայցի պատճառը եղել է վերջերս «Ենի Մուսավաթ» թերթում հրապարակված «Բաքու» հյուրանոցի սեփականատերը Ջ. Ալիևն է» հոդվածը: Ակադեմիկոսի կարծիքով` այս և մի քանի այլ հոդվածներում բերված փաստերը չեն համապատասխանում իրականությանը և վարկաբեկում են նրան:
Նշենք, որ «Ենի Մուսավաթ» թերթը լույս է տեսնում 1992 թվականից և բավական մեծ տպաքանակ ունի:
Միաժամանակ, բանտարկված լրագրողների պաշտպանությամբ են հանդես եկել Ադրբեջանի մի շարք պատգամավորներ: Փետրվարի 1-ին, Միլլի Մեջլիսի գարնանային նստաշրջանի բացման օրը, պատգամավոր Ռենահ Հուսեյնը բողոքել է «Ենի Մուսավաթ» թերթի խմբագրի տեղակալի դեմ Ջալալ Ալիևի ներկայացրած դատական հայցը: Նա նշել է, որ խորհրդարանը անպայման պետք է վերանայի «Զրպարտության մասին» օրենքը, իսկ ձերբակալված լրագրողները պետք է ազատ արձակվեն:
Պատգամավոր Իգբալ Աղազադեն իր ելույթում հանդես է եկել «Ռեալնի Ազերբայջան» թերթի խմբագիր Էյնուլա Ֆատուլաևի պաշտպանությամբ, նշելով, որ անցած տարվա վերջին նրա իրերի մեջ թմրանյութի հայտնաբերումը չի համապատասխանում իրականությանը: Իշխանությունները դա կազմակերպել էին` Եվրադատարանում լրագրողի գործի քննությունը ձախողելու նպատակով: Այս մասին հայտարարել էին նաև Ֆատուլաևի դատապաշտպան Իսախան Աշուրովը և հայրը` Էմին Ֆատուլաևը:
Իրավիջակը բարդանում է նաև այն պատճառով, որ փետրվարի 7-12-ը Բաքու են այցելելու ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Անդրեաս Հերկելը և Ջոզեֆ Գրեչը: Նրանց այցելության նպատակն է ուսումնասիրել առկա վիճակը և զեկույց պատրաստել, թե որքանով է Ադրբեջանը կատարում իր ստանձնած պարտավորությունները: Համազեկուցողները հատուկ ուշադրություն են դարձնելու ձերբակալված բլոգերների և լրագրողների խնդրին, խոսքի ազատությանը, ինչպես նաև` խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական խնդիրներին:
«Բլոգերներ Էմին Միլլիի և Ադնան Հաջիզադեի կալանավորումը և լրագրող Էյնուլա Ֆատուլաևի դեմ կազմված նոր քրեական գործը վկայում է, որ Ադրբեջանի դատական համակարգը լուրջ խնդիրներ ունի»,- հայտարարել է Հերկելը:
Ադրբեջանական իշխանությունները հատուկ վերահսկողություն են սահմանել նաև տարատեսակ հասարակական կազմակերպությունների գործունեության և ֆինանսավորման վրա: Սա նույնպես առաջացնում է եվրոպական պետությունների դժգոհությունը: Ադրբեջանի նախագահի հրամանով ստեղծված Հ/Կ-ներին աջակցող պետական խորհուրդը խիստ վերահսկողություն է սահմանել հ/կ-ների գործունեության վրա: Խորհրդի նախագահ Ազայ Գուլիևը օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ բազմաթիվ կազմակերպություններ, տարբեր պատճառներով, առաջիկան երկու տարվա ընթացում պետական աջակցություն չեն ստանա: Սա նշանակում է, որ հկ-ների գործունեությունը կասեցվում է` ֆինանսական առումով նրանց վրա ճնշում գործադրելու միջոցով:
ArmAr.am
Թեգեր` «Ենի Մուսավաթ» թերթ, Ազեր Այխան, ակադեմիկոս Ջալալ Ալիև, բռնություններ, Գոշգար Բաքիլի, դատական հայց, Թեգ.- Ադրբեջան, Իլհամ Ալիև, լրագրողներ, հետապնդել












