Էդ. Շարմազանով. «Էրդողանի հայտարարությունը հիշեցնում է ԺԵԿ-ի պետի կամ ոչ պրոֆեսիոնալ ագրոնոմի պատասխան կամ պատճառաբանություն»
Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի վերջին հայտարարությանը, թե՝«Հայաստանը մեկ անգամ ևս պետք է քննարկի ինչի մասին ենք մենք բանակցում և ինչ ենք պատրաստվում անել, որովհետև թուրքական կողմը կատարել է արձանագրություններով նախատեսված իր պարտավորությունները», ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանով նշեց, որ այն իրեն հիշեցնում է ոչ թե քաղաքական գործչի կամ վարչապետի հասուն գնահատական, այլ՝ ԺԵԿ-ի պետի կամ ոչ պրոֆեսիոնալ ագրոնոմի պատասխան կամ պատճառաբանություն։
«Թուրքիան սկսել է մեղքը բարդել հայկական կողմի վրա, այսինքն՝ գնալ այդ ճանապարհով, որովհետև թուրքական քաղաքական դիվանագիտությունը երկու անգամ արդեն ֆիասկո է ապրել. առաջինը հենց Մոսկվայում էր, երբ Էրդողանի ներկայությամբ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հստակ արտահայտեց Ռուսաստանի պետական դիրքորոշումը, որ ԼՂՀ խնդիրն ու Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունների հարցը չի կարելի մեկ փաթեթի մեջ ներառել։ Դրան հաջորդեց Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի այն արտահայտությունը, որ Ռուսաստանը չի պատրաստվում ճնշում գործադրել, որպեսզի ազատագրված տարածքներից հայկական զորքերը դուրս գան։ Սա հստակ քաղաքական «մեսիջ» էր Թուրքիայի իշխանություններին։ Դրանից հետո Թուրքիան դիմեց ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնին, որպեսզի նա ճնշում գործադրի Հայաստանի վրա, բայց մենք տեսանք, որ դրան հաջորդեցին պարոն Գորդոնի հայտարարությունները, որը հետագայում ԱՄՆ պետդեպարտամենտը որակեց որպես ԱՄՆ պաշտոնական դիրքորոշում, ըստ որի` ՀՀ ՍԴ որոշումն ընդամենը ճանապարհ է հարթում արձանագրությունների վավերացման համար»,- ասաց Է. Շարմազանովը։
ՀՀԿ մամուլի խոսնակն ընդգծեց, որ եկել է Թուրքիայի գործելու ժամանակը և այդ ճանապարհին Թուրքիան պետք է ոչ թե ջղաձիգ և ջղային արտահայտություններ անի, այլ պետք է որոշի՝ ինքն իրո՞ք ուզում է տարածշրջանում կայունություն, անվտանգություն հաստատել ու ժողովրդավարական կանոններով աշխատել, թե՞ նրա նպատակն է, ընդամենը, իմիտացիա անել, որ այդպես է ուզում։ «Կարծում եմ, որ եթե Թուրքիան շարունակի այս ոգով գործել, ապա միջազգային հանրությունը կզգա, որ գործընթացի հնարավոր ձախողումը ընկած է միայն Թուրքիայի վրա։ Հայաստանի իշխանություններն, ի տարբերություն Թուրքիայի, երբեք չեն գնում այդ ճանապարհով։ Մենք հստակ ունենք մեր համոզմուքը՝ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Ի տարբերություն թուրքերի, այս ընթացքում մենք ոչ արհեստականորեն, ոչ էլ որևէ կերպ խոչընդոտներ չենք ստեղծել»,- ընդգծեց Է. Շարմազանովը։
ArmAr.am
Թեգ- ՀՀԿ մամուլի խոսնակ, Շարմազանով, Էրդողան, Հայաստան, արձանագրություններ, Թուրքիա Վլադիմիր Պուտինը, Ռուսաստան, ԱՄՆ պետքարտուղար Քլինթոն, ՀՀ ՍԴ որոշում












