Դավիթ Բաբայան. «Ձևաչափի փոփոխության դեպքում չեն կարող շրջանցվել Իրանն ու Ղազախստանը»
ԵԽԽՎ նոր նախագահ` թուրք Մովլուդ Չավուշօղլուն իր պաշտոնում ընտրվելուց հետո հայտարարել էր, որ ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի խնդրով զբաղվող ենթահանձնաժողովի աշխատանքների վերկանգնման անհրաժեշտություն կա, որը կաջակցի հիմնախնդրի լուծմանը:
Այսօր այդ խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Իսկ թե ինչ կստացվի ԵԽԽՎ այդ ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսումից հետո, դեռ պարզ չէ:
ArmAr.am-ի հետ հեռախոսազրույցում արցախցի քաղաքագետ Դավիթ Բաբայանն ասաց, որ հանձնաժողովի ստեղծման նկատմամբ իր վերաբերմունքը դրական է:
Ըստ քաղաքագետի, որքան շատ ուժեր ներգրավված լինեն ղարաբաղա-ադրբեջանական խնդրի կարգավորման գործընթացին, այնքան լավ: Քանի որ խնդիրը բարդ է, և շատ ուժերի ներգրավվածությունը հնարավորություն կտա գտնել բոլորի համար ընդունելի որոշում:
Սակայն կա մի խնդիր, որը նա առանձնացնում է. ԵԽԽՎ հանձնաժողովի վերսկսված աշխատանքներն այնպես պետք է ընթանան, որպեսզի հնարավոր լինի նոր շունչ հաղորդել գործընթացին. «Եթե հանձնաժողովի աշխատանքները պետք է վերականգնվեն ու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորումը դիտարկվի լոկ որպես Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերույթուններ, ապա դա որևէ կերպ չի կարող դրական ազդեցություն ունենալ գործընթացի վրա: Ընդհակառակը` ավելի կբարդացնի այն», -համոզված է արցախցի քաղաքագետը:
Մյուս կողմից նա չի բացառում նաև դրական տեղաշարժի հնարավորությունը` հաշվի առնելով Եվրոպայում տեղի ունեցած մի շարք հիմնարար փոփոխություններ, ինչպես, օրինակ, Կոսովոյի ճանաչումը. «Այն նոր էջ բացեց ազգերի ինքնորոշման իրավունքների իրականացման գործում: Առաջին անգամ, նախկինում ինքնավար միավորը, կարողացավ հասնել միջազգային ճանաչման նույնիսկ այն պարագայում, երբ մետրոպոլիան դեմ արտահայտվեց: Եթե եվրոպական այդ կառույցը կարողանա նույն ոգով շարժվել, ապա ինձ թվում է, որ կարող է ինչ-որ դրական փոփոխություններ արձանագրել, եթե ոչ, ապա ուղղակի կլինի կրկնօրինակում, և որևէ շոշոփելի արդյունքի չի կարող հասնել»:
Ինչ վերաբերում է ԵԽԽՎ ենթահանձնաժողովի հնարավոր ազդեցությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վրա, ապա ըստ Դավիթ Բաբայանի, Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության համար պետք է ավելի խորը գործընթացներ տեղի ունենան. «Մինսկի խումբը աշխարհաքաղաքական հավասարակշռվածության հաշվեկշռի մի մասն է, և այստեղ կարևոր դերակատարություն ունեն և’ ԱՄՆ, և’ Ռուստատանը, և’ ինչ-որ չափով Եվրոպան, որը ներկայացնում է Ֆրանսիան»:
Հաշվի առնելով ներկա աշխարհաքաղաքական գործընթացները` նա չի կարծում, որ Եվրոպան կարող է ԱՄՆ և Ռուսաստանին համահավասար սուբյեկտ հանդես գալ Հարավային Կովկասում. «Նա այնքան ռեսուրսներ չունի, որպեսզի կարողանա միայնակ իրականացնել այդ գործընթացը: Բացի այդ եվրոպացիներն ունեն բազմաթիվ, բազմաբնույթ, բազմաշերտ խնդիրներ»:
Իսկ եթե անգամ ձևաչափային փոփոխություններ լինեն, ապա այստեղ հնարավոր չէ շրջանցել «տարածաշրջանային խաղացողներին», ինչպես, օրինակ` Իրանը, կամ Ղազախստանը, վերջինս, լինելով ԵԱՀԿ նախագահող երկիր, ուզում է ինչ-որ ակտիվություն ցուցաբերել այստեղ: «Դա ևս դժվար է, քանի որ այս տարածաշրջանում այդ ձևաչափը ստեղծել են գլոբալ խաղացողները, և նրանք ձևաչափի փոփոխության կարող են գնալ, միայն այլընտրանքի բացակայության դեպքում»:
Անի Աբովյան
ArmAr.am
Թեգեր` Ադրբեջան, արցախցի քաղաքագետ Դավիթ Բաբայան, ԵԱՀԿ Մինսկի խումբ, ԵԽԽՎ նոր նախգահ` թուրք Մովլուդ Չավուշօղլու, Իրան, ԼՂՀ, Կոսովո, Հայաստան, Ղազախստան












