Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

Լուծումը մեկն է ` ԼՂՀ անկախ պետականության ճանաչումը

Փետրվար 2, 2010թ. 15:06

nkrՌուսաստանի ու Արևմուտքի, մասնավորապես , ԱՄՆ-ի կողմից  Հարավային Կովկասում ներկայումս իրականացվող  քաղաքականությունը կարելի է բնութագրել որպես «դերաբաժանումների քաղաքականություն»: Այսպես. եթե հայ-թուրքական հարաբերություններում դիրիժորի փայտիկը Միացյալ Նահանգների ձեռքում է, ապա   Ղարաբաղի հիմնախնդրում այդ դերը ստանձնել է Ռուսաստանը։

Ռուս քաղաքագետների կողմից արդեն իսկ հնչել են մտահոգիչ կարծիքներ, թե  ԱՄՆ-ը դժվար լուծելի ղարաբաղյան հիմնահարցը թողել է Ռուասատանի ուսերին և փորձելու է բանակցային գործընթացի ողջ պատասխանատվությունը գցել վերջինիս վրա։ Այսինքն՝ ստացվում է, որ ԱՄՆ-ի նպատակն է Ռուսաստանի ձեռքերով շագանակներ հանել կրակից:

Իհարկե, հասկանալի է ռուս վերլուծաբանների` սեփական երկրի «ճակատագրով»  մտահոգված լինելը, բայց միամտություն կլինի կարծել, թե Ռուասատանի նման գերտերությանը պարտադրվել է կրել այդ «ծանր բեռը»: Մանավանդ, երբ այդ «բեռից» ամենևին  էլ անհանգստացած չէ պաշտոնական Մոսկվան: Նույն կերպ և միամտություն է կարծելը, թե Ռուասատանին հաջողվել է բանակցային գործընթացից դուրս մղել Արեւմուտքին ու առաջին հերթին` Միացյալ Նահանգներին:  Մի բան հստակ է, որ եթե անգամ Ռուսաստանը մեծ ցանկություն էլ ունենա հանդես  գալ որպես ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի միակ միջնորդ երկիր, միևնույն է դա պետք է տեղի ունենա միմիայն Արևմուտքի` Միացյալ Նահանգների և Եվրամիության համաձայնությամբ:  Այնպես որ քաղաքական դերաբաշխումը տեղի է ունեցել կողմերի հոժար կամքով և բխում է բոլորի շահերից: Եվ սա հարկ է, որ մենք հստակ գիտակցենք:

Այլևս փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այսօր դարձել է տարածաշրջանային լուրջ գործոն: Եվ պաշտոնական Մոսկվան հիանալիորեն  գիտակցում է, որ Հարավային Կովկասում որպես թիվ մեկ խաղացողի իր թուլացած դիրքերը կարող են ամրապնդվել ղարաբաղյան հակամարտության  կարգավորման բանակցային գործընթացի գլխավոր  խաղաքարտերն իր ձեռքում պահելու դեպքում:

Իսկ դա նշանակում է`  ձեռք բերել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի վրա ներազդելու հնարավոր բոլոր քաղաքական լծակները: Մասնավորապես, այդպիսիք Մոսկվային խիստ անհրաժեշտ են Ադրբեջանի հետ «ճիշտ հարաբերվելու» համար:

Հայաստանն, իհարկե,  համարվում է Ռուսասատանի տարածաշրջանում միակ հավատարիմ ռազմավարական գործընկերը, բայց նաև գաղտնիք չէ, որ  Ռուսաստանն այսօր առավել քան  հետաքրքրված է Ադրբեջանով. թե  տնտեսական, թե ռազմական տեսանկյունից այսօր Ռուսաստանի համար Ադրբեջանն առավել շահավետ երկրների շարքում է:  Այս փաստն, իհարկե, չի կարող հայերիս համար մտահոգիչ չլինել, քանզի ոչ ոք չի կարող բացառել, որ Մոսկվան` իր քաղաքական շահերի ճանապարհին կարող է  Հայաստանին պարտադրել գնալ  վտանգավոր զիջումների: Նույնիսկ ռուս քաղաքագետներն են սկսել արտահայտել այն մտահոգությունը, թե Ռուսաստանը կարող է Հայաստանի վրա ճնշում գործադրելով գնալ ադրբեջանահաճ քայլի` պարատադրել զիջումներ  ազատագրված տարածքների հարցում: Ռուսական կողմը միաժամանակ  գիտակցելով, որ այդ անհանգստությունն այսօր բավական լրջորեն առկա է Հայաստանում, հեռակա «մեսիջներ» է ուղղում, փորձելով հանգստացնել, թե  միևնույն է` Ռուսաստանը չի պատրաստվում ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքներից հայկական ուժերը դուրս բերվեն: Նման բովանդակությամբ հայտարարություն էր արել նաև Թուրքիայում Ռուսաստանի դեսպանը,  նկատել տալով, որ իր երկիրը Ղարաբաղյան հարցում չի լինի Թուրքիայի նման կողմնակալ և մինչև վերջ հանդես կգա որպես ազնիվ միջնորդ։

Եթե ընդունենք, որ ըստ համաձայնեցված դերաբաշխման, արցախա-ադրբեջանական  հակամարտության դժվար բեռն այսօր թողնված է Մոսկվայի ուսերին, ապա վերջինիս թիվ մեկ խնդիրն է հակամարտության կողմերից կորզել հարցի խաղաղ լուծմանը հասնելու հավաստիքներ: Դա կարծես թե հաջողվեց վերջինիս` Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ: Սակայն Հայաստանից ու Ադրբեջանից ակնկալվող քայլերը միայն այսքանով չէ, որ սահմանափակվում են:  Հասկանալի է, որ  վերջիններիս նկատմամբ սկսել են  կիրառվել պարտադրանքի նոր մեխանիզմներ:

Պարտադրանքի նոր ձև

Դիվանագիտության մեջ կա հայտնի ճշմարտություն, այն կողմը, որն ավելի հեշտությամբ է տեղի տալիս քաղաքական ճնշումներին, ստիպված է համակերպվել նաև հնարավոր բոլոր պարտությունների հետ, իսկ հաղթանակը ուժեղինն ու սկզբունքայինինն է: Քաղաքական կուլիսներում այսօր լուրջ «մարտեր» են ընթանում…

Հայտնի է, որ Սոչիում տեղի ունեցած հանդիպումից հետո  ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն տարածեց, թե Երևանն ու Բաքուն պետք է ներկայացնեն իրենց առաջարկությունները Մադրիդյան փաստաթղթի այն սկզբունքների վերաբերյալ, որոնց շուրջ կողմերը մինչ օրս համաձայնության չեն եկել։ Ռուսաստանի համանախագահ Յուրի Մերզլյակովը նույնիսկ հստակեցրեց, որ դա պետք է տեղի ունենա երկշաբաթյա ժամկետում։  Ասել է, թե ժամացույցը միացված է: Ի՞նչ է սա, եթե ոչ պարտադրանք:

Նման մոտեցումն, իհարկե, բավական անլուրջ է, հենց թեկուզ այն պատճառով, որ  հակամարտող կողմերի կարծիքներն ու մոտեցումները կարևորագույն հարցերում շարունակում են մնալ տրամագծորեն հակառակ դիրքերում:

ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը դեռ անցած տարվա վերջին Հայաստանի ու Ադրբեջանի ընդունած հայտարարությունը համարեց հաղթանակ, նկատելով, որ առաջին անգամ ոչ միայն համանախագահող երկրների, այլև հենց Ադրբեջանի կողմից հաստատվեց ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Բայց եկեք պարզենք, արդյո՞ք, Ադրբեջանը ինքնորոշման իրավունքի սկզբունքներ ասելով հասկանում է այն, ինչ հասկանում են Հայաստանն ու Արցախը:

Հայտնի է բոլորին, որ հայկական կողմերն ազգերի ինքնորոշում ասելով՝ հասկանում են ԼՂՀ փաստացի անկախության ամրագրում կամ հանրաքվեով ամրագրված փաստացի իրավիճակի միջազգայնացում: Իսկ ի՞նչ են հասկանում ադրբեջանցիները, բնականաբար, Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքի արտահայտություն՝ ինքնավարության ինչոր կարգավիճակ ստանալու համար։ Ասել է, թե ազգերի ինքնորոշման սկզբունքը կողմերից յուրաքանչյուրը մեկնաբանում է յուրովի:

Նույն հակասությունն է առկա ԼՂՀ կարգավիճակի պարագայում ևս. ադրբեջանական կողմը կամ առաջարկում է կարգավիճակ՝ իր կազմում, կամ պատերազմ։ Իսկ հայկական կողմերը Բաքվից եւ միջազգային հանրությունից սպասում են արցախցիների ինքնորոշման իրավունքի ճանաչում։

Եվ ահա, այս պայմաններում համանախագահները բանակցային կողմերի առաջ դրել են` կոնկրետ ժամանակում սեփական մոտեցումները հստակեցնելու պարտադրանք:

«Կողմերի մոտ դիրքորոշումների որոշ մոտեցում առկա է` որոշ կետերի վերաբերյալ, բայց դա  չի կազմում անգամ մեկ երրորդը: Դիրքորոշումների  մոտեցումը  երկար ճանապարհ է»,- դեռ մեկ ամիս առաջ ասել էր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Մինչդեռ այսօր համանախագահները փորձում են այդ  երկար ճանապարհն անցնել ընդամենը երկշաբաթյա ժամկետում:

Նման վճռորոշ խնդրում  միջնորդների կողմից ժամկետների սահմանումը նշանակում է  բանակցային գործընթացի արհեստական ակտիվացում, ինչն արդարացիորեն ընկալվում է  իբրև ճնշման մի տարբերակ: Այն նաև իր մեջ ինտրիգային տարրեր է պարունակում. փորձ է արվում արհեստականորեն արագացնել ու շուտափույթ ավարտին հասցնել խնդրի լուծումը:  Բայց, մի բան հստակ է, որ հայկական կողմերի համար արցախյան խնդրի շուտափույթ լուծման բանաձև գոյություն չունի, քանի որ  շուտափույթ լուծում ասվածն այսօր Հայաստանի ու Արցախի համար նշանակում է` ազատագրված տարածքների նույնքան շուտափույթ հանձնում:

Ինչ վերաբերում է հնարավոր փոխզիջումներին, ապա այս առիթով բազմիցս ենք ասել, որ Հայաստանն ու Արցախը զիջելու ոչինչ չունեն, որ հայկական կողմերն այդ  զիջումներին գնացել են վաղուց և այսօր հերթն  Ադրբեջանինն է: Հետևապես, ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու ԵՄ երկրները, եթե ցանկանում են խնդրին լուծում տալ, ուրեմն, պետք է պատրաստվեն նոր որակներ մտցնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ ԼՂՀ անկախ պետականության ճանաչմամբ։ Միայն այդ ժամանակ կողմերը կարող են պայմանավորվել խաղաղ, նույնիսկ բարիդրացիական հարաբերությունների շուրջ։

Ինչպես արդարացիորեն նկատել է ԼՂՀ պատգամավոր Վահրամ Աթանեսյանը, եթե կարգավորման սկզբունքներից զատ գոյություն ունի ինչ-որ համաձայնագրի նախագիծ, պայմանագրի տեքստ, որի շուրջ կողմերը պետք է ներկայացնեն իրենց դիտողություններն ու առաջարկությունները, ապա համանախագահները պարտավոր են նույնը առաջադրել նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։ Իսկ եթե չեն անում, կնշանակի միջնորդներն անկեղծ չեն իրենց հայտարարություններում. մասնավորապես, Սոչիի հանդիպումից  հետո սկսեցին առավել թափանցիկ խոսել այն մասին, թե  բանակցային գործընթացներին ղարաբաղյան կողմի մասնակցությանն այլևս անհրաժեշտություն է դառնում:

Ինչո՞ւ է Մինսկի խումբն այսօր շահագրգռված Արցախի  մասնակցությամբ

Տարիներ շարունակ համանախագահողները շրջանցում էին ու ամենևին ցանկություն չունեին  ընկալել բանակցային գործընթացից դուրս մղված  Արցախի մասնակցության կարևորությունը: Իսկ այսօր  հանկարծ սկսել են  հասկանալ, որ դա   այս պահի հրամայականն է: Ինչու հանկարծ այսօր սկսեց լուսավորվել նրանց  միտքը, երբ  բանակցային գործընթացի «ձնագունդն» այլևս շա~տ երկար է գլորվել…

Մի բան ակնհայտ է` եկել  այն պահը, որ Արցախի մասնակցությունը բանակցություններին   ձեռնտու է դարձել հենց համանախագահող երկրների համար: Եվ ահա թե ինչու.

առաջին. Հայաստանը բազմիցս է շեշտել, որ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  անմիջական մասնակցության համաձայնեցված որևէ լուծում չի կարող ընդունելի լինել ղարաբաղյան կողմի համար։ Կնշանակի այսօր Արցախին բանակցություններում ներգրավելը մեկ նպատակ ունի` վավերական բնույթ տալ արդեն իսկ ձեռքբերված համաձայնություններին: Իսկ համանախագահները շատ լավ են հասկանում, որ ազատագրված տարածքների շուրջ որևէ համաձայնություն կարող են ձեռք բերվել բացառապես ԼՂՀ լիարժեք ևւ իրավահավասար մասնակցության պայմաններում:

երկրորդ. եթե այսօր փորձ է արվում  Արցախը ներգրավել բանակցային գործընթացի մեջ, կնշանակի, որ արդեն իսկ հստակեցված է կարգավորման հիմնական մեթոդաբանությունը, արդեն իսկ նախանշված են ինչ- ինչ պայմանավորվածություններ, որոնց Արցախը երբևէ մասնակից չի եղել: Հետևապես, նման` կիսատ-պռատ մասնակցությունը կկրի ոչ թե Արցախի խոսքը հաշվի առնելու միտում, այլև արդեն իսկ եղած փաստաթղթերին` Արցախի հավանությունը կորզելու պարտադրանք:

Հստակ է, որ Արցախը պետք է մասնակցեր բանակցային գործընթացի բոլոր փուլերին՝ բանակցություններ, փաստաթղթերի մշակում, հայտարարություններ… Բայց քանի որ դա տեղի չի ունեցել, ուրեմն Արցախի այսօրվա մասնակցությունը, բնականաբար, կլինի թերի և ոչ տրամաբանական:

Նկատենք, որ Արցախում ևս համանախագահների ակնարկներից ամենևին ոգևորված չեն: Քանզի հստակ գիտակցում  են, որ միջնորդները նպատակ ունեն Արցախի իշխանություններից, փաստաթղթի տեսքով, ինչ-որ փոխզիջումային համաձայնություն կորզել: Ինչն ամենևին չի տեղավորվում ԼՂՀ պաշտոնական դիրքորոշման, քաղաքական, հանրային ընկալումների շրջանակներում։

Արմինե Սիմոնյան

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն