Հանդիպեցին Կաթոլիկ և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների ներկայացուցիչները
2010 թ. հունվարի 26-31-ը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունում, Անթիլիասում, տեղի ունեցավ Կաթոլիկ և Հին Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության համատեղ հանձնախմբի 7-րդ հանդիպումը:
Հանդիպման ընթացքում շուրջ երեսուն եկեղեցական և աշխարհական աստվածաբաններ քննարկեցին այնպիսի հարցեր, որոնք վերաբերում էին վաղ Եկեղեցում (մինչև 5-րդ դար) Տիեզերական ժողովների ընդունման կարգին և Եկեղեցական հաղորդության` միմյանց հետ ունեցած հարաբերություններին, խնդիրներին:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց հանդիպմանը մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու և Հրատարակչության տնօրեն Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը (Ամենայն Հայոց Կաթողիկոսություն), Տ. Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը (Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն) և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Միջեկեղեցական հարաբերությունների վարիչ Տ. Նարեկ եպիսկոպոս Ալեմեզյանը:
Հանդիպման ընթացքում Եզնիկ Սրբազանը հանդես եկավ բանախոսությամբ` ներկայացնելով Տիեզերական ժողովների ընդունման կարգը Հայ Եկեղեցում և այս գործընթացի հետ կապված Հայ Եկեղեցու սկզբունքներն ու մոտեցումները:
ArmAr.am












