Գլխավոր » Իրան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Լևոն Շիրինյան. Ղարաբաղյան խնդրի ադրբեջանական սցենարը Իրանին ձեռնտու չէ

Փետրվար 2, 2010թ. 18:45

Levon ShirinyanԱդրբեջանում Պարսկաստանի դեսպան Մահոմմադ Բաղիր Բահրամին trend.az-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել էր, որ «Ղարաբաղյան հակամարտությունը կարող են կարգավորել միայն տարածաշրջանային երկրները: Իսկ Իրանը, որպես հակամարտության գոտուն ամենմոտ երկիր, շահագրգռված է խնդրի կարգավորմամբ` հաշվի առնելով այն, որ տարածաշրջանային ցանկացած համաձայնագիր որևէ կերպ անդրադառնալու է Իրանին: Դեսպանի խոսքերով` Իրանը միշտ ճանաչել է «Ադրբեջանական հանրապետության «տարածքային ամբողջականությունը» և միշտ շեշտել է այս նախապայմանի կարևորությունը ցանկացած նախագծում:

Այսօր շատ քաղաքագետների համար նույնիսկ դժվար է կանխորոշել, թե ի՞նչ է նշանակում պարսիկ դիվանագետի նման հայտարարությունը: Միայն մի բան պարզ է. Իրանին ձեռնտու չէ Ադրբեջանի հետ բարեկամությունը:

«Ես վստահ եմ, որ ինչ էլ Պարսկաստանը հայտարարի, նա ընդհանրապես, շահագրգռված չէ տեղակայված շրջաններից հայկական զորքերի դուրս բերմամբ: Ես դա բացառում եմ»- ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Ըստ նրա` ցանկացած դեպքում պետք է զգույշ լինել Պարսկաստանի հարցում սխալ հետևություններ չանելու համար, քանի որ իրականում Պարսկաստանը չի կարող կողմնակից լինել Արցախյան հակամարտությունը հօգուտ Ադրբեջանի լուծելուն. «Ցանկացած տեղաշարժ Արցախում և Հայաստանում, ի վնաս Հայաստանի պետական շահի, կարող է ապակայունացնել Իրանի հյուսիսային շրջանը` Ատրպատականը: Իրանը նման բան չի կարող թույլ տալ: Նրան չափազաց ձեռնտու է Հայաստանի ու Արցախի հետ երկար ձգվող պետական սահմաններ ունենալը: Ադրբեջանական սահմանային տարածքները Իրանին պարտադրում են հավերժ բարեկամ մնալ Հայաստանի հետ»:

Բացի դրանից, եթե Իրանը որևէ կերպ աջակցի Ադրբեջանին, ապա պետք է նրան հարցնել` արդյո՞ք, իրեն ձեռնտու կլինի հայկական ռազմուժի թուլացման դեպքում ամերիկյան ճնշման աճը իր սահմաններին (ինչն անմիջապես իրականանալու է Ադրբեջանում` թուրքական խողովակներով):

«Վստահ եմ` դրանից հետո պարսիկները կվերանայեն և կճշտեն իրենց դիրքորոշումը, կամ էլ կպարզաբնեն նման հայտարարության պատճառները:

Ամեն դեպքում Պարսկաստանի ակտիվությունը հասկանալի է. նա չի կարող թույլ տալ, որ եվրոպական և այլ երկրներն ակտիվություն ցուցաբերեն իր սահմանների մոտ, իսկ ինքը պասիվ ձևով նստի տարածաշրջանում»:

Արդյո՞ք սա  ենթադրում է նոր ֆիգուրների ներմուծում Ղարաբաղյան  հակամարտության կարգավորման «խաղատախտակի» վրա. քաղաքագետի կարծիքով դժվար է խոսել Ղարաբաղյան խնդրի հակամարտության կարգավորման գործընթացին Իրանի մասնակցության մասին. «Այդ հայտարարությամբ Իրանը կարող էր և մեզ հասկացնել, որ ինքն էլ կարող է ակտիվանալ: Անկախ նրանից, թե մենք Թուրքիայի և Ռուասատանի հետ ինչ հարաբերությունների մեջ ենք, մենք երբեք չպետք է մոռանանք Պարսկաստանին` միշտ նրան պահելով գործընթացի մեջ»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նման ոգևորվածությանը, ապա Լևոն Շիրինյանը դրանում  տեսնում է նաև Հայաստանի մեղքը. «Ադրբեջանը պետք է գիտակցի, որ Արցախյան հարցն ընդհանուր առմամբ լուծված է: Բայց քանի որ Հայաստանը այդ գործընթացը վերջնական լուծման հասցնելու ուղղությամբ ակտիվ քաղաքականություն չի վարում, ադրբեջանցիներն  էլ քարոզչական պատերազմ են իրականացնում և այդ գործընթացին խառնում այլ երկրների, այդ թվում` Պարսկաստանին»:

Նրա կարծիքով Հայաստանը Լեռնային ղարաբաղի խնդրում պետք է շեշտակի փոխի իր քաղաքականությունը և քարոզչությունը. «Հայաստանը իրավունք չունի քարոզչության մեջ անընդհատ տանուլ տալու, անընդհատ բացատրելու: Ինքը պետք է ստեղծի իրավիճակներ, երբ իրեն կսկսեն բացատրություն տալ:

Գործնականում պետք է մտածել նաև ռազմավարական ճնշումների մասին, որոնք հարցը վերջնականորեն և մեկընդմիշտ կփակեն ու Ադրբեջանին խաղաղություն կպարտադրեն»:

Անի Աբովյան

ArmAr.am


Թեգեր` , , , , ,

Դիտել Իրան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն