Ադրբեջանի հերթական սադրանքն ու սայթաքումը
Ադրբեջանական քարոզչությունը հերթական անգամ էժանագին սադրանքի է դիմել, որը, թեև, լավ է մտածված, սակայն իրականացված է հնարավորինս անփույթ:
Այսպես, այսօր «Նովոստի-Ադրբեջան» լրատվական գործակալությունը տեղեկություն է տարածել, թե «Ազատ Ջավախք» կոչվող ինչ-որ հասարակական կազմակերպությունը, որն իբր գործում է Վրաստանում, հանդես է եկել հայրենակիցներին ուղղված նամակով` կոչ անելով սկսել «վրացական Ջավախքն ու ադրբեջանական Նախիջևանը Հայաստանին միացնելու պայքար»: Ադրբեջանական կայքն իր տեղեկությունը տարածել է` հղում անելով www.hayastan.okis.ru կայքին, որտեղ էլ զետեղված է հիշյալ բովանդակությամբ «նամակը»` ստորագրությամբ Զորի Բալայանի, Ժիրայր Սեֆիլյանի, Արմենակ Աբրահամյանի, Թևոս Սաֆարյանի, Քեննեթ Խաչիկյանի, Մարգար Մելքոնյանի, Արմեն խաչատուրյանի, Վալերի Դանիելյանի, Արիս Բաբիկյանի ու Հակոբ Աթամիղիրյանի:
Նյարդերից ուժեղ և ադրբեջանցի քարոզիչների բթամտության սահմանների մասին կարելի է լիարժեք պատկերացում կազմել` թռուցիկ հայացք նետելով այդ հայտարարության տեքստին:
Նախ` տեղեկացնենք, որ ոչ Հայաստանում, ոչ Վրաստանում «Ազատ Ջավախք» անունով հասարակական կազմակերպություն գրանցված չէ (գուցե այդպիսին գործում է Բաքվու՞մ): Ակնհայտ է, որ ադրբեջանցիներն այս հարցում տեխնիկապես սխալ հաշվարկ են կատարել, քանի որ ընտրել են մի անվանում, որի` անգամ «Google» համակարգով ինտերնետային հարցումը վկայում է, որ նման կազմակերպություն, ընդհանրապես, գոյություն չունի: Դրանով ադրբեջանցի քարոզիչների բացթողումները չեն վերջանում: Նրանք կազմակերպության գործունեության վայր են նշել Վրաստանը, սակայն կազմակերպության ղեկավարման հարցը թողել են Հայաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Կանադայի քաղաքացիներին: Կարծում ենք` ադրբեջանցի «մասնագետներն» ակնհայտորեն թերագնահետել են Վրաստանի իշխանությունների` սեփական երկրում օրենքի գերակայություն ապահովելու ունակությունները:
Ադրբեջանական լրատվամիջոցի հաջորդ սայթաքումը տեղ է գտել նամակի ենթադրյալ հեղինակների կամ, ինչպես իրենք են նշել, «Ազատ Ջավախք» գոյություն չունեցող կազմակերպության «կառավարման անդամների» հարցում:
Պատկերացնու՞մ եք այսօր և հիմա Ժիրայր Սեֆիլյանի, Զորի Բալայանի ստորագրությունը մեկ փաստաթղթի տակ: Քաղաքական ու գաղափարական հարցերում այս երկու գործիչների հնարավոր տարաձայնությունները մի կողմ դնենք: Զուտ ֆիզիկապես Զորի Բալայանը չէր կարող նամակ ստորագրել, քանի որ արդեն տևական ժամանակ «Արմենիա» նավի անձնակազմի հետ գտնվում է շուրջերկրյա նավարկության մեջ: Մյուս անձանց մասին անգամ չենք էլ խոսում: Նշենք միայն, որ օրինակ Քեննեթ Խաչիկյանը աշխատել է ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի ու Ռոնալդ Ռեյգանի թիմում` որպես սփիչռայթեր, ինչը շատ լուրջ հանգամանք է` անգամ ցանկության դեպքում, նմանօրինակ փաստաթղթերի տակ սեփական ստորագրությունը դնելուց խուսափելու համար: Սա նորմալ, քաղաքակիրթ երկրներում ընդունված վարքի նորմ է, որն, ըստ երևույթին, Ադրբեջանում այնքան էլ լավ չեն պատկերացնում, հակառակ դեպքում` միֆերի հորինման ժամանակ նման սայթաքում թույլ չէին տա:
Առանց ներկայացնելու «նամակի» մյուս «հեղինակներին», նշենք, որ տպավորությունն այնպիսին է, որ նամակի իրական` ադրբեջանցի հեղինակն այնտեղ զետեղել է այն բոլոր հայերի անունները, որոնց մասին այս կամ այն կերպ լսել է:
Ադրբեջանական քարոզչությունը սայթաքել է նաև, այսպես ասած, տեխնիկական առումով: Բաքվում մշակված նամակը նրանք տեղադրել են ինչ-որ անձնական կայքում, ինչի հնարավորությունը տալիս է www.okis.ru անվճար հոստինգ տրամադրող կայքը, այնուհետև հղում անելով դրան, սկսել են տարածել:
Տեխնոլոգիան չափազանց պարզունակ է: Ինտերնետ տարածությունում չկողնորոշվողների համար պարզաբանենք. գոյություն ունեն ինտերնետային կայքեր, որոնք հնարավորություն են տալիս անվճար հիմունքներով կառուցել սեփական անձնական էջ: Դրանք` որպես կանոն, արվում է մարդկանց` սեփական կարծիքը, տեսակետը ներկայացնելու հարթակ տրամադրելու համար: Սակայն ինչպես միշտ, այս դեպքում ևս, Ադրբեջանում քաղաքակիրթ մարդկության ձեռքբերումների ֆունկցիոնալ նշանակությունը սխալ են հասկացել: Նրանք այդ հնարավորությունը դիտարկում են որպես «տեղեկատվական թաքստոց», որտեղից կարելի է աննկատ «կրակ» բացել ու շոշափելի արդյունքներ ստանալ: Ընդհանուր առմամբ, խորամանկ է մտածված, իսկը` ադրբեջանական քարոզչության ձեռագրով: Մինչդեռ սայթաքումներն այնքան ակնհայտ են, որ նամակի ադրբեջանական ծագումը քողարկել հնարավոր չէ: Առավել տխմար բան անհնար էր մտածել:
Ամփոփենք: Ըստ այդմ, եթե մինչև հիմա ադրբեջանական պետական-պաշտոնական քարոզչության սադրանքներն ուղղակի տխմար էին, այժմ արդեն զուգորդվում են շիզոֆրենիայով:
Աղբյուր` Panorama












