Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Սամվել Կարապետյան. «Մենք մեր երկրի համար մեր հատուկ զենքերն ենք արտադրում»

Փետրվար 3, 2010թ. 11:21

karapetyanԱյսուհետ Արցախի կամուրջներին ծանոթանալու համար երկար փնտրտուքի կարիք չի լինի. բավական է միայն բացել ԼՂՀ Կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության հովանավորությամբ հրատարակված «Արցախի կամուրջներ» եռալեզու գիրքը:

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության հայաստանյան գրասենյակի  տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ զրույցից մենք տեղեկացանք, որ  տպագրության է հանձնվել նաև «Վարձք» կիսամյա հանդեսը:

«Վարձք» հանդեսը տպագրելու ցանկությունն առկա է արդեն մի քանի տարի: Սակայն միայն այս տարի պետբյուջեից մեզ հատկացվելիք գումարը հնարավորություն կտա   ամսագիրը և  տպագրության պատրաստ գրքերը հասցնել ընթերցողին»,- ասաց Սամվել Կարապետյանը:

Մինչ «Արցախի կամուրջներ» գրքի գոյությունը կամուրջների մասին ուսումնասիրությունները շատ աղքատիկ են եղել: Միայն Լեռնային Արցախում շուրջ 100 կամուրջ է ուսումնասիրվել: Կամուրջների քիչ ուսումասիրված լինելը Սամվել Կարապետյանը պայմանվորեց նաև այն բանով, որ հայկական ճարտարապետություն ասելով վանք ու եկեղեցի ենք միայն հասկացել, ինչն այսօր էլ հաճախ այդպես է ընկալվում: Իսկ աղբյուրների, կամուրջների, բերդերի մասին վկայությունները շատ քիչ են:

2010 թվականին անելիքները ևս շատ են: Այս տարի ծրագրվում է ծանոթություն` Արևմտյան Հայաստանի, Գուգարքի, ներկայիս Իրանի տարածքում գտնվող 5 հայկական` Ղարադա, Մակու, Խոյ, Սալմաստ, Ուրմիա գավառների և հայկական գաղթավայրերում առկա հուշարաններին:

«Արցախի կամուրջների» նման գրքերը անհրաժեշտություն են, քանի որ այս պահին պատերազը արցախյան ճակատում է: Եռալեզու հատորը մինչ օրս իր քաղաքական առաքելության մեջ է: Սրանք ևս զենքեր են: Մենք մեր երկրի համար մեր հատուկ զենքերն ենք արտադրում և ուրախանում ենք, որ գիտակցվում է դրանց դերը»:

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը սկսել է հրատարակել Հայաստանի` Մեծ Հայքի գավառները ներկայացնող պաստառների շարք: Արդեն իսկ պատարաստ են Կարին, Հայոց Ձոր, Մոկս գավառների պաստառները, որոնք հայրենաճանաչությունը մեծացնելու նպատակ ունեն: Պաստառները անտարբեր չեն թողել նաև Պաշտպանության նախարարությանը և շուտով դրանք փակցված կլինեն բոլոր զորամասերում:

Մարտին տպագրության կհանձնվի «Հուշագրական ժառանգություն» գիրքը, որում ամփոփված են Եղեռնի դժոխքով անցած տասներկու հայերի հուշագրությունները: Դրանք ոչ միայն մարդկային պատմություններ են, այլև ներառում են գյուղի, հայտնի գյուղացիների, սրբավայրերի, դպրոցների, տների նկարագրություններ և այլն:

«Մենք մեր երկիրը կորցրեցինք` չհասցնելով ճանաչել: Արևմտյան Հայաստանում ուսումնասիրություններն իրականացրել են տեղագիր հեղինակները, որոնք որպես կանոն հոգևորականներ էին և հիմնականում նկարագրում էին վանքի ունեցվածքը, երբեմն վիմագրերը, իսկ ճարտարապետության նկարագրությունը բացակայել է»,- ասաց Սամվել Կարապետյանը:

Այսօր հայկական հուշարձանների ուսումնասիրության հավանականությունը գնալով նվազում է, քանի որ նվազում է հուշարձանների թիվը: Բացի այդ, ներկայիս թուրք իշխանություններն ամեն կերպ խոչընդոտում են պեղումների իրականացմանը Արևմտյան Հայաստանում, քանի որ, ինչպես փաստեց Սամվել Կարապետյանը, թուրքերը արգելքը մեկնաբանում են, այսպես կոչված, քուրդ ահաբեկիչների գոյությամբ:

Սակայն ժամանակը և գործերը ցույց են տալիս, որ նպատակասլաց մարդը երբեք չի վհատվում արգելքի հանդիպելիս:

Արմենուհի Կարեյան


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն