Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Ում են սպասում մատչելի բնակարանները

Փետրվար 3, 2010թ. 12:48

0Բնական ձգտում է, երբ  նորաստեղծ ընտանիքը ցանկանում է ունենալ իր առանձին կացարանը, ինչը թույլ կտա ինքնուրույն կազմակերպել կենցաղը, ամրապնդել ավանդաբար իրեն փոխանցված ընտանեկան ավանդույթներն ու սովորույթները, իր համոզմունքներով ու աշխարհընկալմամբ դաստիարակել երեխաներին, ասել է թե վաղվա զինվորին, քաղաքացուն: Իսկ պետության համար երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիրն ունի թե քաղաքական, թե հասարակական, թե սոցիալական նշանակություն: Պատասախանատու այրերը կարծես թե գտել են խնդրի լուծումը. «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» պետական ռազմավարական ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիպոթեքային վարկավորման միջոցով նորաստեղծ ընտանիքներին հնարավորություն տալ ունենալ սեփական անկյունը:

Նշենք, որ  ծրագրի շահառուներ կարող են լինել երիտասարդ այն ընտանիքները, որտեղ ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60 տարին: Միևնույն ժամանակ ամուսիններից  ոչ մեկի տարիքը չպետք է գերազանցի 35 տարին: Վարկից կարող են օգտվել նաև միայնակ ծնողները, որոնց տարիքը չի գերազանցում 30 տարին: Յուրաքանչուր ընտանիքի կտրամադրվի 16մլն դրամ, 10 տարի ժամանակով, 10 տոկոս տոկոսադրույքով: Վարկունակ կհամարվի այն ընտանիքը, ում ամսական եկամուտը կկազմի 400հզ դրամ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով, վիճակագրության համաձայն, հազարավոր ընտանիքներ կօգտվեն այս ծրագրից: Իհարկե, ողջունելի է վարչապետի լավատեսությունը, սակայն ներկայացնենք մի քանի պարզ իրողություն:

Ըստ վիճակագրության, Հայաստանում գործազուրկների 58 տոկոսը երիտասարդներն են: Չի նշվում, թե ինչով է  զբաղված մնացած 42 տոկոսը: Մենք էլ լավատես լինենք ու ենթադրենք, որ  նրանք ունեն կայուն,պետականորեն գրանցված աշխատանք: Սակայն հայտնի է, որ  գրանցված և բարձր աշխատավարձով աշխատանք ունենալը, գրեթե անհնար է, գործատուները այդպիսի «սխալ» թույլ չեն տա: Նաև փաստ է, որ բանկերը, որպես եկամուտ, ընդունում են միայն ֆիքսված աշխատավարձի չափը:

Վարկի անմատչելիությունը դրսևորվում է նաև բարձր տոկոսադրույքներով: Պարզ մաթեմատիկական հաշվարկով` վարկառուն պարտավորվում է,մայր գումարի հետ, որպես տոկոս, յուրաքանչյուր տարի մարել ևս1մլն 600հզ դրամ:  Ծրագրի պատասխանատուները այն մշակել են, հավանբար, հաշվի առնելով եվրոպական փորձը, սակայն հաշվի չեն առել մեր կենսամակարդակը, նաև այն, որ բնակարանների համար տրամադրվող վարկերը հենց եվրոպական երկրներում   տրվում են ոչ թե 10,  այլ 30 տարի ժամկետով և չնչին տոկոսադրույքներով:

Կառավարությունը այս կարևորագույն որոշմաբ իրականացրեց ՀՀ նախագահի

նախընտրական ծրագրի առաջնային դրույթներից մեկը: Սակայն այս պայմաններով տրամադրվող վարկը ինչքանով կթեթևացնի երիտասարդ ընտանիքի խնդիրները: Ստացվում է, որ այն հասանելի է սոցիալապես ապահով ընտանիքներին: Կարծում ենք` շատերը կհամաձայնեն, որ 400հազար դրամ եկամուտ ունեցող երիտասարդ ընտանիքը Հայաստանում բնակարան կարող է ձեռք բերել ոչ թե 10 տարում` բնակարանի իրական արժեքին գումարելով ևս մի քանի միլիոն, այլ`  ընդամենը մի քանի տարում և ավելի մատչելի գնով:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն