«Հայռուսգազարդի» նվերներն Արցախի երեխաներին
Սեպտեմբերի առաջին կիրակին հետխորհրդային տարածքում նշվում էր որպես գազի և նավթի համակարգի աշխատակիցների մասնագիտական օր: Չխախտելով տոնի ավանդույթը, ամեն տարի, այդ օրը «Հայռուսգազարդ»-ը` սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակներում, օգնություն է տրամադրում ՀՀ տարբեր մանկատների, դպրոցների ու մանկապարտեզների,:
2007թ.-ից ընկերության սոցիալական ծրագրերում ընդգրկված են նաև ԼՂՀ մանկապարտեզներն ու դպրոցները: Արդեն երրորդ տարին է, ինչ ընկերությունը հեռուստացույցներ, համակարգիչներ, մարզագույք ու խաղալիքներ է նվիրում արցախյան տարբեր դպրոցների ու մանկապարտեզների: Ձեռնարկը կոչվում է «Հայռուսգազարդը Արցախի երեխաներին»:
Երեկ «Հայռուսգազարդ»-ի մի խումբ աշխատակիցներ, ՙԱրցախգազ՚ ՓԲԸ տնօրեն Մաքսիմ Միրզոյանի ուղեկցությամբ, հերթական անգամ նվերներով այցելեցին մի շարք կրթօջախներ:
Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 դպրոցը` ՙՀայռուսգազարդ՚-ի գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանի մոր հարազատ կրթօջախը, հյուրերի առաջին կանգառն էր: Այստեղ բեռնաթափված հեռուստացույցները, համակարգիչներն ու բազմազան մարզական գույքը, ըստ ծրագրի, կառաքվեն նաև մայրաքաղաքի թիվ 2, 10 և 11 դպրոցներ: 85-ամյա դպրոցի նյութատեխնիկական բազայի համալրումն իր դրական ազդեցությունը կունենա 1000-ից ավելի աշակերտներ ունեցող դպրոցի կրթամակարդակի վրա` վստահեցնում է դպրոցի տնօրեն Ռոմելա Դադայանը:
«Հայռուսգազարդ»-ի ներկայացուցիչները խոստացան, որ դպրոցի կառուցվող մասնաշենքի բացման օրը` շնորհավորողների շարքում առաջինն իրենց ընկերությունն է լինելու:
1983թ հիմնված Ստեփանակերտի թիվ 2 մանկապարտեզը ևս շուտով իր նոր շենքը կունենան, բայց մինչ այդ` երեխաներին երեկ այլ անակնկալ էր սպասվում` նոր հեռուստացույց, ինտելեկտուալ խաղեր ու խաղալիքներ` տիկնիկներ, մուլտֆիլմերի հերոսներ, տանկեր ու օդանավեր… մանուկների ուրախությունն անսահման էր…
Հաջորդ մեկնակետը Ասկերանի շրջանն էր. Աստղաշեն գյուղի Ժան Անդրյանի անվան դպրոցը ևս նոր ուսումնական օրվա առթիվ բազմաթիվ նվերներ ստացավ. նոր հեռուստացույցը, համակարգիչն ու մարզական գույքը կրթօջախի 66 աշակերտների դպրոցական առօրյային նոր շունչ կհաղորդեն:
Աստղաշենի դպրոցը «Հայռուսգազարդի» ներկայացուցիչների վերջին կանգառն էր: սակայն ծրագիրը շարունակվելու է, քանզի այն սոցիալական օգնությունից զատ այլ նպատակ էլ է հետապնդում, ինչպես նկատեց «Հայտուսգազարդ» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Շուշան Սարդարյանը,- «Նվիրատվության եւ բարեգործության գաղափարները դեռ վաղ հասակից մեր երեխաների գիտակցության մեջ պետք է ներարկել ե:
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ստեփանակերտ
Թեգեր` Հայռուսգազարդ, Ստեփանակերտ












