Ադրբեջանական հասարակությունը մտահոգված է
Ադրբեջանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ պահանջում են, որ ԶՈՒ-ում ստեղծված վիճակը քննարկվի միլի մեջլիսի դռնփակ նիստում: Պատգամավոր Իգբալ Աղազադեի խոսքով, ԶՈՒ-ում զինվորների զանգվածային սպանդի դեպքերը խիստ մտահոգում են ադրբեջանական հասարակությանը: «Ազադլըգ» թերթը ինտերնետային ֆորումի միջոցով ներկայացրել է Դաշքեսանի զորամասում տեղի ունեցած սպանությունների առաջին արձագանքները:
Թերթի մշտական ընթերցողներից մեկը գրել է, որ «ադրբեջանական բանակում ամեն տեսակի բացասական երևույթներ կան, ընդհուպ մինչև զինվորների բռնաբարություն: Կաշառակերությունը բանակում սովորական երևույթ է: Նման բանակով հնարավոր չէ ազատել ո’չ Ղարաբաղը և ո’չ էլ շրջակա տարածքները»:
Ընթերցող Իլքինը գրել է. «Ժողովրդավարական երկրներում նման իրադարձությունից հետո պաշտպանության նախարարը հրաժարական է տալիս, իսկ Սաֆար Աբիևին «Փառքի» շքանշան են տալիս: Նման բանակով ոչ մի շրջան էլ չի կարող վերադարձվել: Ափսոս միլիարդավոր ծախսերը, քանի որ բանակն այդպես էլ չի զարգանում»:
«Գյուղացի տղա» մականվամբ մեկն էլ գրել է. «Դրանք վաղուց սպասելի բաներ են, դեռ շատ իրադարձություններ կլինեն, սա ներածությունն է: Հասարակ ժողովրդին ոչ մի տեղ հաշվի չեն առնում»:
Էլվին Բյունյադ. «Ինձ հայտնի է, թե աղքատների զավակների գլխին ինչպես են ամեն ինչ սարքում: Զինծառայության հենց առաջին օրերին սպայական ու ենթասպայական անձնակազմերը «դեմբելների» և սերժանտների միջոցով նորակոչիկներին հասկացնում են, որ զորամասում կատարվող դեպքերի մասին ոչ մեկին չպատմեն, որ այդ մասին տեղեկացնողը «հայրենիքի դավաճան է» և «նզովյալ»: Ես ականատես եմ եղել, թե փող չտալու համար սպան ինչպես է ջարդել զինվորի բերանը: «Ռազմական գաղտնիք պահպանելու» անվան տակ հրամանատարական կազմը թաքցրել է իր կեղտոտ արարքները»:
Ազեր. «Բոլոր այս իրադարձությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ծախու ռեժիմի բանակում կարգուկանոն չկա»:
Հասան. «Զորակոչից ազատվելու գինը մեծացել է, աղքատները սահման են ուղարկվում, իսկ փող ունեցողների, պաշտոնյաների և կաշառատուների զավակները 11-րդ դասարանն ավարտելուն պես աշխատանքի են ընդունվում ազգային անվտանգության նախարարություն կամ այլ ակադեմիաներ: Դառնում են սպաներ, դատախազներ: Նման կոտորածներ բանակում դեռ շատ կլինեն: Նախկինում գնդապետները 30 կոպեկ էին մուրում գարեջուր խմելու համար, այժմյան ենթասպաները «ջիփերով» են ման գալիս և վիլլաներում բնակվում: Կաշառակերությունը բանակում գագաթնակետին է հասել»:
Ֆարհադ. «Բանակում կարգուկանոնի, կարգապահության մասին խոսելը ծիծաղելի է: Եթե ծառայության ամբողջ ընթացքում զինվորի հագուստն ու կոշիկը ծնողներն են գնում, և աներևակայելի անօրինականություններ են կատարվում, ապա վերջը լինում է այդպիսին»:
ArmAr.am












