Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Արցախի խոսքը պետք է լսելի դառնա

Սեպտեմբեր 11, 2009թ. 12:14

«Հայ և թուրք ժողովուրդների հարաբերություններին   առնչվող  նախաստորագրված երկու արձանագրությունները պետք է համահայկական քննարկումների առարկա դառնան և ոչ թե սահմանափակվեն ընդամենը հայաստանյան    ներքաղաքական խորհրդատվություններով»,- այսպիսին է ՀՅԴ Արցախի կազմակերպության ներկայացուցիչների համոզմունքը:

Սեպտեմբերի 10-ին արցախցի դաշնակցականները լրագրողներին են ներկայացրել իրենց դիրքորոշումը, որը բնականաբար, չի տարբերվում ՀՅԴ կուսակցության մոտեցումներից: Արցախում, սակայն, խնդիրը նաև այլ «նրբերանգներ» է ձեռք բերում: Արցախի ՀՅԴ ներկայացուցիչները կարևորում են այն հանգամանքը, որ հայ-թուրքական ներկա զարգացումների վերաբերյալ անպայման պետք է լսելի լինի  Արցախի  ձայնը` և հանրության կարծիքը, և իշխանությունների, և հասարակական-քաղաքական դաշտի: Դաշնակցականները իրավացիորեն նկատում են, որ առայժմ արցախյան հանրությունը լուռ է, մինչդեռ  Ղարաբաղը պետք է ներգրավվի այդ քննարկումներում:

Արցախցի դաշնակցականները պնդում են, որ    Թուրքիայի` Հայաստանին ներկայացված բոլոր երեք նախապայմանները կան նախաստորագրված փաստաթղթերում: Եթե Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու մասին արձանագրություններում խոսվում է բացահայտ, ապա Լեռնային Ղարաբաղի խնդիրը առկա է  քողարկված ձևով:

Հայ-թուրքական, այսպես կոչված, մերձեցման համատեքստում  ՀՅԴ ներկայացուցիչներն արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում արդեն իսկ  կանխատեսում են վտանգավոր ճնշումներ:Տարաշածրջանում Թուրքիայի քաղաքական դերի աճը  բնականաբար կակտիվացնի Թուրքիայի միջամտությունը Ղարբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին: Իզուր չէ, որ   Թուրքիան իր փոքր եղբորն անվերջ հեռահար մեսիջներ է ուղղարկում հայ-թուրքական հարաբեությունների ջերմացումից ամենևին  չանհանգստանալու ու չմտահոգվելու համար` բոլոր մակարդակներով հայտարություններ հնչեցնելով, թե այդ մերձեցումն ի շահ Ադրբեջանի է լինելու… Ենթատեքստը, կարծում ենք, լիովին հասկանալի է:

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը  տարակուսանքով նկատեց, թե խիստ մտահոգիչ է այն, որ  Հայաստանում պաշտոնյաներն ու քաղաքական գործիչներն սկսել են խոսել  ԼՂՀ տարածքներն Ադրբեջանին հանձնելու մասին:

Քաղաքական վտանգներից զատ Դաշնակցությունը ուշադրություն է սևեռում սպասվելիք տնտեսական վտանգներին. չկա   մի վերլուծություն, թե ինչ տնտեսական մարտահրավերների առջև ենք կանգնելու, նկատում է Ազգային ժողովի ՀՅԴ- Շարժում-88 խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը:

Այս մտահոգություններով հանդերձ, արցախցի դաշնակցականները մտադիր չեն միջամտել Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, թեև լիովին համակարծիք են հայաստանյան իրենց   կուսակից ընկերների գնահատականների հետ:       Իսկ ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումը լիովին  բավարարում է դաշնակցությանը:   Դավիթ Իշխանյանի համոզմամբ, Արցախի իշխանությունների ներկայիս քաղաքականությունը միանգամայն համահունչ է ոչ միայն Արցախի, այլեւ համահայկական շահերին ու հետաքրքրություններին:

Հասկանալի է, որ հայ-թուքական հարաբերությունների և  Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջիկա մարտահրավերներին  հնարավոր է դիմագրավել միասնական ճակատով: Դաշնակցականները չեն վստահում նրանց, ովքեր փորձում են հանգստացնել ժողովրդին, թմրեցնել հայի զգոնությունը:  Չեն հասկանում` ինչպե՞ս կարելի է մեր ազգային կարևորագույն հարցերը փորձել հարթել այդքան կարճ ժամանակահատվածում` ընդամենը 6 շաբաթում:

Կարող է ծագել համաժողովրդական հանրաքվեի հարց, հետևապես, ժողովուրդը պետք է տեղյակ լինի խնդրի  բոլոր մանրամասներին: Բայց որքանո՞վ է հայ հասարակությունը իրազեկ այս ամենին, և   Հայաստանի խորհրդարանում, որին վերապահվել է արձանագրություների վավերացումը, որքանո՞վ    լսելի կլինի Արցախի ձայնը:

Դաշնակցականները կոչ են անում Արցախում սկսել քննարկումներ, բանավեճեր, քանզի միայն ուժերի համախմբմամբ հնարավոր կլինի դիմագրավել  սպասվելիք մարտահրավերներին. «Դաշնակցությունը պատերազմի կուսակցություն չէ, ինչպես փորձում են ներկայացնել ոմանք, պարզապես մենք միշտ հիշում ենք, որ պատերազմը   դիվանագիտական ճակատում է, որտեղից և ռազմադաշտ է տեղափոխվում»,- նշում են նրանք: «Քսաներորդ դարասկզբին Արցախյան ճակատում մենք տանուլ տվեցինք դիվանագիտական մարտը: Յոթանասուն տարի հետո սերունդները հազարավոր զոհեր տվեցին` արդարությունը վերականգնելու համար:  Հիմա մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր  սերունդներն այլևս պատերազմ չտեսնեն»: Տարածաշրջանում խաղաղության իրական գրավականը  Լեռնային Ղարաբաղի Հանարպետության  տարածքային ամբողջականության պահպանումն է: Արցախի ՀՅԴ ներկայացուցիչները կարծում են, որ այդ մասին հարկ է ի լուր աշխարհի բարձրաձայնել:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ստեփանակերտ


Թեգեր` , ,

Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`