Ցեղասպանության ճանաչումից ու դատապարտումից հետո կարելի է ֆուտբոլ դիտել թուրքի հետ
ՀՅԴ բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանի կարծիքով նախագահ Սերժ Սարգսյանը կարող է չգնալ Թուրքիա` ֆուդբոլային խաղը նայելու “Դաշնակցություն կուսակցությունը դեմ չի լինի Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն այն դեպքում միայն, եթե Թուրքիան ճանաչի հայերի Ցեղասպանությունը”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը: Նրան մտահոգում է այն, որ եթե իսկապես երկու երկրներ հարաբերություններ են սկսում առանց նախապայմանների, ապա ինչու այդ մասին նշված չէ արձանագրության մեջ: Բացի այդ, «չնայած, որ նախաստորագրված արձանագրություններում Ղարաբաղի մասին որևէ հիշատակում չկա, բայց Ադրբեջանում և Թուրքիայում միայն մի հարց է քննարկվում` թե ինչպես կարող են հարաբերություններ հաստատվել Հայաստանի և Թուրքիայի միջև առանց Արցախյան հարցի լիակատար լուծման, իսկ հայաստանյան քննարկումները ցույց են տալիս, որ մեզ մոտ բոլորը կողմ են ներկայացված արձանագրության բովանդակությանը, և ոչ մի վտանգ չեն տեսնում փաստաթղթում”,- ասում է Աղվան Վարդանյանը: Չնայած արդեն 8 օր է, ինչ արձանագրության շուրջ քննարկումներ են սկսվել, սակայն, ըստ Ա.Վարդանյանի, այն, ինչ անում են քարոզչամիջոցները, քննարկում համարել չի կարելի: Արտաքին գերատեսչության ու հայաստանյան դիվանագիտական կորպուսների ղեկավարների աշխատանքից գոհ չէ ՀՅԴ բյուրոյի անդամը, քանի որ նրանք դեռևս արձանագրության հարցերի շուրջ որևէ քննարկում չեն կազմակերպել, մինչդեռ նախագահ Սերժ Սարգսյանը վերջիններիս հրահանգել է իրեն ներկայացնել փաստաթղթի վերաբերյալ խնդրահարույց հարցերը: ՀՅԴ բյուրոյի անդամը ներկաներին վստահեցրեց, որ իրենց նպատակը վտանգները կանխարգելելն է, իսկ պայքարի զինանոցը դեռ սպառված չէ: “Մենք շուտով հասարակությանը կներկայացնենք արձանագրության մեր տարբերակը, իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը ներկա ձևակերպումներով արձանագրությանը դեմ կքվեարկի”,-լրագրողներին տեղեկացրեց Աղվան Վարդանյանը:
Ա.Գ.
Թեգեր` Աղվան Վարդանյան, ՀՅԴ












