Խորհրդակցություն Արցախի նախագահ Բակո Սահակյանի մոտ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ փետրվարի 4-ին կայացել է խորհրդակցություն` նվիրված կրթական համակարգում ընթացող բարեփոխումներին, մասնավորապես, ավագ դպրոցի համակարգի կիրառման հիմնախնդիրներին: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Զեկույցով հանդես է եկել ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը:
Իր խոսքում Նախագահը կարեւորել է մեր հանրապետությունում ավագ դպրոցի համակարգի ներդրումը` այն համարելով ոլորտի առաջադիմության ապահովման հիմնական նախապայմաններից մեկը: Միաժամանակ, երկրի ղեկավարը նշել է, որ պետք է մշտապես կատարելագործել այդ համակարգը` հատուկ ուշադրության կենտրոնում պահելով բացատրական աշխատանքների արդյունավետ իրականացումը: Բակո Սահակյանն ընդգծել է այդ գործում զանգվածային լրատվության միջոցներին ակտիվորեն ներգրավելու անհրաժեշտությունը:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
ArmAr.am












