Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Ջեյմս Սթայնբերգ. «ՀՀ ՍԴ որոշումը դրական քայլ է գործընթացի շարունակման համար»

Փետրվար 4, 2010թ. 19:51

KAR_7625-Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը, որի կազմում են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը, պաշտոնատար այլ անձինք:

Ողջունելով բարձրաստիճան հյուրի այցը Հայաստան` Նախագահ Սարգսյանն ասել է. «Հայ-ամերիկյան հարաբերություններն ավանդաբար կրում են ջերմ, բարեկամական բնույթ, եւ այսօրինակ այցելությունները շատ կարեւոր են մեր երկրների միջեւ երկխոսությունը շարունակելու տեսակետից»:

Նշելով, որ նախորդ հանդիպումից բավական ժամանակ է անցել` Սերժ Սարգսյանը  շեշտել է, որ այդ ընթացքում կարեւոր իրադարձություններ են տեղի ունեցել, եւ այս հանդիպումը  շատ լավ առիթ է որոշ արդյունքներ իմի բերելու եւ առաջ շարժվելու համար: Երկրի ղեկավարի խոսքով` որոշակի առաջընթաց է արձանագրվել տնտեսության ոլորտում: «Այս ընթացքում ԱՄՆ-ն դարձել է մեր առեւտրային հինգերորդ գործընկերը եւ երրորդը` արտահանման գծով, ինչը մեզ համար չափազանց կարեւոր է: Մենք որոշակի օրենսդրական փոփոխություններ ենք կատարել, ինչը եւս պետք է նպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը»,- ընդգծել է Նախագահ Սարգսյանը:

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ փոխպետքարտուղար դառնալուց ի վեր սա իր երկրորդ այցն է Հայաստան: Ջեյմս Սթայնբերգը Հանրապետության Նախագահին փոխանցել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի ջերմ ողջույնները եւ վերահաստատել է ամերիկյան կողմի «պատրաստակամությունն ու  ցանկությունը`  շարունակելու աշխատել եւ երկկողմ, եւ բազմակողմ հարցերի, այդ թվում նաեւ` տարածաշրջանային խնդիրների շուրջ»:

Հանրապետության Նախագահը եւ ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան դրական են գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակը թե ծավալի, եւ թե արդյունավետության առումով` նշելով, որ երկկողմ համագործակցությունը դինամիկ զարգանում է անվտանգության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում: Նրանք  նաեւ համակարծիք են եղել, որ պետք է լուրջ աշխատել առեւտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ:

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալը բարձր է գնահատել տարածաշրջանային խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը: Նա վերահաստատել է, որ  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Միացյալ Նահանգների համար շատ կարեւոր է, եւ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել իր օժանդակությունը գործընթացին:  Ջեյմս Սթայնբերգը եւս մեկ անգամ ընդգծել է ամերիկյան կողմի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ` նշելով, որ այն դրական քայլ է գործընթացի շարունակման համար: Ամերիկացի  դիվանագետը գործընթացն առաջ մղելու համար անհրաժեշտ է համարել կողմերի քաղաքական կամքի դրսեւորումը:

Նախագահ Սարգսյանը ողջունել է բազմակողմ հարաբերություններում Միացյալ Նահանգների հավասարակշռված քաղաքականությունը:-0-


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն