Հոգեվարք Բյուրականի աստղադիտարանում
1946 թվականին մեծանուն գիտնական Վիկտոր Համբարձումյանի հիմնադրած Բյուրականի աստղադիտարանը կարճ ժամանակահատվածում հասել էր գիտական աներևակայելի նվաճումների: Այսօր, դժբախտաբար, վտանգված է հայ աստղագիտության կարևորագույն այդ կենտրոնի ապագան:
Պատճառը ֆինանսական միջոցների սղությունն է, որն էլ իր հերթին աղետալի վիճակ է ստեղծում աստղադիտարանի համար: «Ժամանակին մենք ունեինք ավելի քան 300 աշխատակից, այսօր` մոտ 70 » ,-ցավով նկատում է կազմակերպության տնօրեն Հայկ Հարությունյանը: «Շատ աշխատակիցներ պարզապես փոխել են մասնագիտական ուղղվածությունը և ամենատարբեր տիպի աշխատանքների անցել: Ցավալի է, բայց ստվար հատվածն էլ մեկնել ու շարունակում է մեկնել արտերկիր: Չկան համապատասխան աշխատանքային պայմաններ, սարքավորումները թարմացման և վերանորոգման կարիք ունեն»:
«Տեղյա՞կ է, արդյոք, պետությունն այս աղետալի վիճակին»` և ինչ քայլեր է պատրաստվում կատարել. ArmAr.am-ի հարցին տնօրենը պատասխանեց, որ չնայած տեղյակ լինելուն, սակայն աստղադիտարանը պետական առավել մեծ աջակցության կարիք ունի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին 20 տարում պետական գույքային ոչ մի հատկացում չի արվել:
Վերջին տարիներին ՀՀ նախագահի` պետական մրցանակների հանձնման արարողությունները հույս են ներշնչում: Ավելին` վերջերս նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում նշեց, թե առաջիկայում ավելի մեծ ուշադրություն է դարձվելու կրթության և մշակույթի ոլորտին, ավելանալու են պետական հատկացումները:
Ստեղծված աղետալի դրությունն ինչ որ չափով շտկվեց 2007թ-ին արված գործարար ներդրումների շնորհիվ: Կատարվեց մասնակի վերանորոգում, աշխատանքային պայմանների բարելավում… «Սակայն այժմ վիճակը ոչ թե մխիթարական, այլ ծանր է»,-հավաստիացնում է Հ.Հարությունյանը: «Մենք համագործակցում ենք արտասահմանյան որոշ երկրների հետ, որոնք ցանկություն են հայտնում գալ Հայաստան և օգտվել տարածաշրջանում անկայուն օբյեկտների ուսումնասիրությամբ զբաղվող միակ խոշորագույն մեր կենտրոնի գիտական հնարավություններից:»
Դրանից բացի, Բյուրականը նաև հավակնում է դառնալու տարածաշրջանային աստղագիտական կրթօջախ: Այսօր արդեն շատ գիտնականներ որոշ ժամանակով այցելում են Հայաստան, որպեսզի սովորեն ու աշխատեն Բյուրականում:
2010թ. օգոստոս–սեպտեմբեր ամիսներին Հայաստանում կկազմակերպվի Երիտասարդ աստղագետների երրորդ միջազգային դպրոցը: Ամառային դպրոցի անցկացումը,, ինչ խոսք, կնպաստի տարբեր երկրների աստղագետների միջև հարաբերությունների ամրապնդմանը և փորձի փոխանակմանը:
Բյուրականի աստղադիտարանն այժմ հիմնականում զբաղվում է անկայուն օբյեկտների ուսումնասիրությամբ` թե ինչպես են ծնվում, զարգանում և մահանում աստղերը, ինչ հետագծով են շարժվում և որ ուղղությամբ են սլանում: «Մենք կարող ենք մեծ ծավալի օգնություն ցույց տալ` օրինակ խոշոր ավիաընկերություններին տեղեկացնելով, թե որ ուղղությամբ և երբ` ինչ օբյեկտ է թռչում երկնքում»,- ևս մեկ կիրառական ուղղություն նշեց Հ. Հարությունյանը:
Բյուրականի աստղադիտարանը տեղակայված է Արագած լեռան ստորոտին: Ունի 5 աստղադիտակ, որոնցից ամենամեծը 2.6 մետր երկարությամբ Կասեգրենի դիտակն է և 1 մետրանոց Շմիդտի աստղադիտակը:
ArmAr.am












