Թուրքագետ. «Ցեղասպանության մասին առաջին անգամ խոսվել է Օսմանյան կայսրությունում»
Ինչպես և սպասվում էր, որքան ավելի է մոտենում ապրիլի 24-ը, այնքան ավելի են ակտիվանում Հայոց ցեղասպանության ճանաչման-չճանաչման հետ կապված խոսակցությունները: Այս գարշելի առևտրի մասնակիցները հիմնականում ԱՄՆ, Թուրքիան (իր փոքր եղբոր` Ադրբեջանի հետ), և Եվրոպայի որոշ երկրներ են: Չնայած պարբերաբար (սովորաբար տարին մեկ) ակտիվացող խոսակցություններին` «եղբայրները» շարունակում են պարտիզանական լռությունը:
Սակայն վերջերս թվում է, թե թուրք-ադրբեջանական համառությունը սկսում է տեղի տալ ճշմարտությանը: Որոշ թուրքերի կողքին հայտնվում են նաև ադրբեջանական գործիչներ, ովքեր խոսում են ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին:
Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորը Day.az-ին տված հարցազրույցի ժամանակ նշել էր, որ ԱՄՆ կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ձեռնտու է Թուրքիային. «Այն հնարավորություն կտա Թուրքիային ավելի ազատ արտաքին քաղաքականություն վարել»:
Իհարկե, դեռ դժվար է ասել, թե այդ քայլը կազատի Թուրքիայի ձեռքերը, թե, ընդհակառակը, կկապի, չէ՞ որ հասկանալի է, որ դրա անմիջական հետևանքը կլինի այն, որ Թուրքիան ստիպված կլինի ընդունել ցեղասպանությունը:
Ուրեմն ինչո՞վ են պայմանավորված թուրքերի և ադրբեջանցիների կողմից պարբերաբար հնչող հայտարարությունները` կապված նաև հենց Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման հետ:
Ըստ Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի, նման խոսակցություններ լինում են հատկապես այն ժամանակ, երբ միջազգային ասպարեզում ցեղասպանության ճանաչման ինչ-որ քայլեր ու զարգացումներ են նկատվում կամ սպասվում: Այս պահին ցեղասպանության ճանաչման հետ կապված խոսակցությունները, ըստ նրա, անմիջապես կապված են ապրիլի 24-ի հետ. «Արդյոք ԱՄՆ-ոմ ի՞նչ տեղի կունենա, ի՞նչ որակումներ կհնչեն Կոնգրեսում և նախագահի ելույթում: Դա ավելի է անհանգստացնում և’ ադրբեջանցիներին, և’ թուրքերին»:
Բայց թուրքագետը կարծում է, որ դա որպես միտում դիտարկելը սխալ կլինի, քանի որ այս խնդիրը «ներկայումս գերակշռող չէ և չի էլ կարող լինել, ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի քաղաքական օրակարգում, քանի որ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը անպայման իր հետ առաջ է բերելու բազմաթիվ այլ խնդիրներ` փոխհատուցման, իրավական և այլն: Եթե նման ապագան Թուրքիային ավելի ձեռնտու լիներ, ապա նա այդ քայլին կդիմեր ավել վաղ»:
Ըստ նրա, նման հայտարարությունների ներքո որևէ լուրջ ուժ չի կարող լինել: Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ժամանակակից թուրքական հանրապետության կարևոր գաղափարախոսական կետերից մեկը հենց ցեղասպանության ժխտումն է:
«Դա ընկած է նրանց պետականության հիմքում հանրապետության ձևավորումից ի վեր: Այսինքն` դրանով դաստիարակվել են սերունդներ, և այն ձեռք է բերել պետական քաղաքականության տեսք:
Ցեղասպանությունը ժխտելու համար Թուրքիայում ստեղծվել և գործում են բազմաթիվ կառույցներ, տպագրվում են հազարավոր գրքեր, նյութեր, հոդվածներ: Դրանք պարզապես մակուլատուրա են և հենց թուրքերն իրենք դա կապացուցեն,- վստահ է Ռուբեն Մելքոնյանը: -Բացի դրանից, բազմաթիվ թուրք պաշտոնյաներ հայտարարել են, որ ցեղասպանություն չի եղել: Եվ եթե Թուրիքան ընդունի ցեղասպանությունը, ապա նա դրանով լուրջ վնաս կհասցնի իր իսկ գաղափարախոսությանը` կասկածի տակ առնելով տասնամյականեր շարունակ իր վարած քաղաքականությանը, իր տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների` նախագահների,վարչապետերի, արտգործնախարարների հայտարարությունները»:
Պարզ է, որ Թուրքիան թաղվել և խեղդվում է իր իսկ առաջացրած ճահճի մեջ: Սակայն երբեմն ճշմարտության հետ առճակատումն անխուսափելի է լինում:
Ինչպես տեղեկացրեց պարոն Մելքոնյանը, 80-ականների վերջին Թուրիքայի նախագահ Թուրգութ Օզալը փորձ արեց լրջորեն զբաղվել ցեղասպանության հարցով և առաջարկեց` ճանաչենք և հարցը փակվի»:
Չճանաչեցին, հարցը չփակվեց: Թուրքիան դեռ երկար կլողա այստեղ:
«Այսօր Թուրքիան գործ ունի ցեղասպանության իրավական ձևակերպման հետ: Պաշտոնական ճանաչմանն անպայաման պետք է հաջորդեն մի շարք քայլեր, ինչպես օրինակ, փոխհատուցումը: Իսկ դա Թուրքիայի համար հղի է լուրջ վտանգներով,- ասում է թուրքագետը և հիշեցնում,- պետք է հաշվի առնել նաև այն, որ Հայոց ցեղասպանության մասին առաջին անգամ (իհարկե չանվանելով ցեղասպանություն) խոսվել է հենց Օսմանյան կայսրությունում: 1919-ական թվականներին այնտեղ գործում էին դատարաններ, որտեղ լսվել են ցեղասպանության մեղավորների գործերը և դատապարտել նրանց»:
Եթե Թուրքիան ուզում է ապագայում ապրել հանգիստ խղճով, ապա նվազագույնը, որ կարող է անել, վերադարձն է դեպի անցյալ` 1919-ին:
Անի Աբովյան
ArmAr.am












