Հայկական և հրեական համայնքների Պահանջագիրը ԱՄՆ Կոնգրեսին և նախագահին
Երեկ, ինչպես տեղեկացրել էինք մեր ընթեցողներին, Միացյալ Նահանգների հայկական և հրեական համայնքները հանդես էին եկել մի նախաձեռնությամբ, որի նպատակն էր համոզել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսին ընդունել Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը: Այժմ թարգմանաբար ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրանց ներկայացրած համացանցային Պահանջագիրը.
«Նախագահի թեկնածու Բարաք Օբաման անկեղծորեն խոստացել էր նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, կրկնելով, որ «Հայոց Ցեղասպանությունը բազում պատմական վկայություններով հիմնավորված, փաստագրված իրողություն է: Փաստերն անհերքելի են: Այն պաշտոնական քաղաքականությունը, որը դիվանագետներից պահանջում է խեղաթյուրել պատմական փաստերը, թերի քաղաքականություն է:
Համաձայն ենք: Միացյալ Նահանգների հրաժարումը Հայոց Ցեղասպանության ճանաչումից՝ այն պետության թերի քաղաքականությունն է, որն իրեն մարդու իրավունքների ջատագով է հռչակել: Հանգստացնելով թուրքական կառավարությանը, որը վաղուց միլիոնավոր դոլարներ է ծախսում Ցեղասպանության ժխտման և Հայոց Ցեղասպանությունը ընդունած երկրներին սպառնալու համար, Միացյալ Նահանգները թույլ է տալիս Թուրքիային խուսափել իր անցյալի հետ իրական հաշտեցումից:
Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից 1915-1923 թթ. իրագործված Հայոց Ցեղասպանությունը, որի ժամանակ 1.5 միլիոն հայեր են կոտորվել, պատմական բազմաթիվ փաստաթղթերով հիմնավորված իրողություն է: Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան (IAGS), որը 1997 թ. միաձայն հաստատել է Հայոց Ցեղասպանությունը, այն որպես նմուշ է անվանել՝ XX դարում դրան հաջորդած մյուս բոլոր ցեղասպանությունների համար:
Հայաստանի հետ վերջին բանակցություններում թուրքական կառավարությունը պահանջում էր ստեղծել անցյալն ուսումնասիրող պատմական հանձնաժողով. այն որպես խորամանկ քայլ դատապարտվել է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախկին յոթ նախագահների կողմից. «Բացի թուրքական կառավարությունից, ոչ ոք չի կասկածում Հայոց Ցեղասպանության իրողությանը, ուստի մենք մտահոգված ենք, քանի որ պատմական հանձնաժողովի պահանջը դիտում ենք որպես քաղաքական աճպարարություն այդ փաստերը ժխտելու համար»:
Ժխտումը, որը հաճախ անվանում են նաև «ցեղասպանության վերջին փուլ», ավելին է, քան ցեղասպանության զոհերին տառապանք ու ցավ պատճառելը: Ժխտումը սպառնալիքի տակ է դնում ողջ մարդկությանը, բորբոքելով շարունակվող ցեղասպանությունն ու քաջալերելով ապագայում ցեղասպանություն իրագործողներին: Եվ իրոք, Հոլոքոստի նախօրեին, Ադոլֆ Հիտլերն նկատել է. «Վերջիվերջո, ո՞վ է այսօր հիշում հայերի ոչնչացման մասին»:
Այսօր, թուրքական կառավարությունը ժխտում է ցեղասպանությունը Դարֆուրում և զենք է մատակարարում Սուդանի՝ Օմար Ալ-Բաշիրի կառավարությանը, ով անցյալ տարի Միջազգային քրեական դատարանի կողմից մեղադրվել է մարդկության դեմ գործած հանցագործության համար: Մենք պետք է վերջ դնենք ցեղասպանության այս շարքին:
Քանի դեռ XXI դարում շարունակում ենք բախվել ցեղասպանության ուրվականին ու դրա ժխտմանը, ապա մեր կառավարությունը պարտավոր է երաշխավորել, որ անցյալի դասերը չեն մոռացվել: Ժամանակը Միացյալ Նահանգների համար վաղուց է անցել. այն պետք է դիմակայի Թուրքիայի ճնշումներին և միանա ԱՄՆ 43 նահանգներին և բազմաթիվ երկրներին ու միջազգային կառույցներին, որոնք արդեն ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը:
Կարծում ենք, որ ամերիկյան արտաքին քաղաքականությունը պետք է առաջնորդվի մարդու համընդհանուր իրավունքներով և պատմական ճշմարտությամբ: Վճռականորեն կոչ ենք անում Միացյալ Նահանգների Կոնգրեսին՝ Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունել, և միաժամանակ կոչ ենք անում նախագահ Օբամային՝ հարգել իր խոստումն ու այս տարվա ապրիլին՝ Հայոց Ցեղասպանության 95-ամյակին միանշանակ ճանաչել այն:
Թարգմ. Ռուզաննա Ավագյանի
ArmAr.am












