Հրանտ Դինքին սպանած թուրք ստահակը բանտում ամուսնացել է
Այս մասին հայտնում է «CnnTurk» լրատվական գործակալությունը: Դինքի սպանության գործով ձերբակալված 20 ամյա Օգյուն Սամասթը 6 ամիս առաջ նշանադրվել էր, նախօրեին էլ` բանտային պայմաններում ամուսնացել:
«CnnTurk»-ն ամոթաբեր է համարում այն իրողությունը, որ մարդասպանը բանտում ամուսնանում է, իսկ սպանությունը հրահանգելու մեջ մեղադրվող Էրհան Թունջելն էլ պետական ծառայության անցնելու համար քննություն հանձնում: Այդ ամենն ամոթալի են համարել նաև «CnnTurk»-ի կայքէջի ընթերցողները, ովքեր զետեղել են իրենց մեկնաբանությունները կատարվածի առնչությամբ: Օրինակ`«kamelu unlu»-ն գրում է. «Էրգենեքոնի հեքիաթին չեմ հավատում: Իրականությունը թող ջրի երես դուրս գա: Հրազենի ձգանը քաշած այդ խամաճիկի` Թուրքիային պատճառած վնասը փողով չի չափվի: Թող իրադարձության ակունքն ու արմատը խորապես ուսումնասիրեն: Դինքի ընտանիքին դարձյալ համբերություն եմ մաղթում»:
Մեկ այլ ընթերցող «Kaacan»-ն էլ Սամասթին ուղղված իր զայրույթն արտահայտել է հետևյալ գրառությամբ. «Հապա տեսեք, այս մարդը բանտ մտնելուց առաջ չոփի պես բարակ էր: Իսկ այժմ տեսեք ինչ է դարձել: Ի°նչ եղավ, որ այդպիսի կիլոգրամներ հավաքեց իր վրա: Որպես պարգևավճար ամեն օր քյաբաբ ու շաշլի°կ է ուտում: Դե իհարկե, հերոսը` բանտում»:
Հիշեցնենք, որ պոլսահայ ականավոր հրապարակախոս, «Ագօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել էր 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող թերթի խմբագրատան առջև: Պետական մեղադրողը պահանջում է Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչներին ու կատարողներին դատապարտել խիստ ռեժիմի ցմահ բանտարկության, իսկ դրան մեղսակից անձանց՝ 22-ից մինչեւ 48 տարվա ազատազրկման:
ArmAr.am












