Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը բժշկական լուրջ հետազոտության կարիք ունի
«Ռեգնում» գործակալությունը անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում ոմն, այսպես ասած, քաղաքագետի մեկնաբանություններին, որոնք վերաբերում են Ադրբեջանի և Արցախի միջև պատերազմի վերսկսման հնարավորությանը: Սույն «քաղաքագետը»` Մուբարիզ Ահմեդօղլին, այնքան է խորացել իր անգիտության խորխորատների մեջ, որ «հիմնավորումներից» հետո նշել է նաև պատերազմի վերսկսման ժամկետը:
Բայց հերթով:
Սա մեկնաբանել է ԱՄՆ հետախուզության տնօրեն Դենիս Բլերի այն միտքը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսումը հնարավոր է: Եվ ինչ «գյուտ» է արել. «Եթե Հայաստանը շարունակի իր անհեռատես և «մանկական» քաղաքականությունը, ապա հենց այդպես էլ կլինի»:
Այսինքն` պատերազմ:
Ապա նշում է երկու պատճառ, թե ինչու Բաքուն դեռևս ձեռնպահ է մնում ռազմական գործողություններ սկսելուց. «Առաջինը հոգեբանական գործոնն է` նման լուրջ գործողություններ սկսելուց առաջ Բաքուն պետք է ծանրութեթև անի իր բոլոր քայլերը: Երկրորդը Ռուսաստանի հետ հարաբերություններն են. Բաքվում հուսով են, որ Ռուսաստանը, այնուամենայնիվ, կօգնի, որպեսզի Ղարաբաղյան հարցը լուծվի հօգուտ Ադրբեջանի: Եթե այդ հույսն էլ մեռնի, Ադրբեջանը, անկասկած, պատերազմ կսկսի: Դա կարող է լինել այս տարվա փետրվար-մարտին` բարձր մակարդակի հերթական անպտուղ հանդիպումից հետո»:
Որևէ լուրջ քաղաքագետ նման տխմարություններ ասելու համար պիտի ջանք գործադրի: Ստացվում է` Բաքուն այսքան տարի պատերազմ չէր սկսում, քանի որ մտածում էր իր քայլերի մասին: Եթե մի պետություն առնվազն 10 տարի շարունակ մեծ-մեծ խոսում է իր հզորության, Արցախի դեմ պատերազմում իր անպայման հաղթանակի մասին, բայց մտածում, մտածում ու չի կողմնորոշվում կատարելիք քայլերի հարցում, ապա այդ երկրի մասնավորապես ռազմական ղեկավարությունը բժշկական լուրջ հետազոտության կարիք ունի:
Իրականում պատերազմի մասին ղալմաղալը և նման պատվիրված քաղաքագետների մեկնաբանությունները Ադրբեջանի համար ներքին սպառման ապրանք են, իսկ տևական մտածմունքի իրական պատճառը վախն է: Եթե Ադրբեջանը համոզված լիներ իր հաղթանակի մեջ, պատերազմը վաղուց սկսված և ավարտված կլիներ: Սա մեկ:
Երկրորդ. Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, ի տարբերություն Ադրբեջանի, ուրեմն որն է սրանց հույսը, թե Ռուսաստանը պետք է օգնի Ադրբեջանին, նույնն է թե ճնշում գործադրի Հայաստանի վրա` Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելու համար: Հասկանալի է`ռուսական տնտեսական շահերը: Սակայն ռուսական կողմը բարձր մակարդակով և ոչ միայն անուղղակի, բազմիցս հասկացրեց, որ Հայաստանի ռազմավարական գործընկերության կորուստը չի կարող ստորադասվել տնտեսական շահերին: Սա հասկանալու համար ամենևին էլ քաղաքագետ լինելու կարիք չկա, մանավանդ Աբխազիայից և Հարավային Օսիայից հետո: Հենց վրաստանյան ներկայի հեռանկարն էլ սարսափեցնում է Ադրբեջանին:
Եվ երրորդ` գլխավոր պատճառը, որի մասին համեստորեն լռում է սույն «քաղաքագետը»` Թուրքիայի թույլտվությունը ռազմական գործողություններ վերսկսելու համար: Բայց հիմա Թուրքիան հաստատապես մի բան միայն չի կարող անել` այդ թույլտվությունը տալ: Դա Եվրամիության դռները հոտոտող երկրի համար կնշանակի տարածաշրջանում խաղաղության ջատագովի դիմակի կորուստ և քաղաքական հեղինակության մնացորդի չեզոքացում:
Իսկ Մոսկվան ու Վաշինգթոնը Թուրքիային հասկացրին, որ իրենք այս տարածաշրջանում բոլորովին այլ զարգացումներ են ակնկալում:
Ավիկ Մարության












