Ի՞նչ ասել է փոխզիջում
Հարցազրույց պատմական գիտությունների թեկնածու, ԳԱԱ-ի Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնեա Արևելք բաժնի վարիչ, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վաչակազմի ղեկավար Ալեքսան ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ
– Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորումը հնարավո՞ր է առանց իրավական փաստարկների առկայության:
-Ղարաբաղի հիմնահարցի լուծումն առանց իրավական փաստարկների օգտագործման, կլինի կամային կամ բռնի լուծում, որը ձեռնտու չէ ոչ հայ, և ոչ էլ ադրբեջանցի ժողովուրդներին: Երբ ոշկհասունանա իրավական ճանապարհով խնդրի լուծման պահը, այդ ժամանակ նման փաստարկները կքննարկվեն և կդրվեն կարգավորման փաստաթղթի հիմքում:
– Մինսկի խումբն իր վրա է վերցրել հակամարտության շուրջ տարվող բանակցային գործընթացը, սակայն մինչ օրս չի խոսել հիմնախնդրի իրավական փաթեթից, նրանք հրաժարվո՞ւմ են խնդրի իրավական լուծումից, թե՞…
– Մինսկի խումբը, վերջնականապես, չի հրաժարվում, բայց փորձում է առաջնային համարել մեկ ուրիշ մոտեցում` ոչ թե իրավական փաստարկների քննարկումը, այլ գտնել խնդրի լուծման այնպիսի տարբերակ, որը գործնականում ավելի դյուրին կլինի իրականացնել: Մինսկի խումբը գտնում է, որ հարցի իրավական լուծումը խնդրահարույց է, քանի որ ՀՀ-ն ու ԼՂՀ-ն այդ հարցերում Ադրբեջանի հետ համաձայնության չեն եկել: Կան համակարգային` միմյանց հակասող մոտեցումներ, որոնց մեջ ներառված են` և իրավական փաստարկները, և երկու պետությունների սեփական շահերից բխող ձգտումները: Բանակցող կողմերը կարող են կամ համաձայնել դրանց լուծմանը, կարող են և չհամաձայնել: Չհամաձայնությունը կհանգեցնի պատերազմական իրավիճակի: Սակայն նման իրավիճակից խուսափելու նպատակով, Մինսկի խումբը փորձում է գտնել ավելի իրատեսական մեթոդներ, ուր հաշվի են առնվելու նաև իրավական փաստերը: Այսօր մշակվում և առաջարկվում են փոխզիջումային տարբերակներ, որոնք գուցեև ընդունելի լինեն բանակցող կողմերի համար:
– Ի՞նչ ասել է փոխզիջում. Ադրբեջանն ինքն է օկուպացրել որոշ հայկական տարածքներ և զիջելու հերթն իրենն է:
– Երկու կողմից էլ կարող են լինել փոխզիջումներ. օրինակ, Ադրբեջանը պնդում է ազատագրված տարածքների վերադարձի մասին, բայց չպահանջելը կհամարվի զիջում Ադրբեջանի կողմից, Հայաստանն էլ կարող է այդ տարածքների վերադարձմանը ձգտել, կամ ոչ, այսինքն, չձգտելն ինքնին կլինի զիջում ԼՂՀ-ի կողմից: Սակայն խնդիրն այն է, թե որ կողմն ինչ չափով է պատրաստ զիջելու:
– Ադրբեջանական կողմը կոնկրետ նշում է յոթ շրջանների մասին, էլ չեմ խոսում ամբողջ ԼՂՀ-ի նկատմամբ վերջինիս ունեցած հավակնությունների մասին…
-Այո, Ադրբեջանը միայն յոթ շրջանների մասին չէ, որ խոսում է, այլև ` այսօրվա ողջ ԼՂՀ-ի մասին, քանի որ Ադրբեջանը չի հաշտվում ԼՂՀ-ի գոյության հետ: Հարց է նաև, թե Ադրբեջանի կողմից առաջարկվող փոխզիջման ո՞ր տարբերակը ընդունելի կլինի հայկական կողմերի համար: Նույնը վերաբերում է նաև մեզ. մեր նպատակն է հասնել ԼՂՀ-ի ներկայիս կարգավիճակի ընդունմանը` անգամ ինչ-որ տարածքների փոխզիջման դիմաց, խոսքը, մասնավորապես, Շահումյանի շրջանի մասին է, որը 1992-ին հռչակված ԼՂՀ-ի մաս էր կազմում: Այսօր Շահումյանի շրջանից հրաժարվելը` կդիտվի հայկական կողմի փոխզիջում:
Մինսկի խումբն այսօր փորձում է գտնել փոխզիջումային հնարավոր տարբերակներ, հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի վրա, որոնցից ամենակարևորը երեքն են. առաջին, պետությունների տարածքային ամբողջականություն, երկրորդ, ազգերի ինքնորոշման իրավունք, ընդհուպ միչև բացարձակ անկախություն, և երրորդ, բոլոր տեսակի հակամարտությունների խաղաղ ճանապարհով լուծում: Ներկայումս երրորդ կետը հաստատապես ապահովել է, ինչն արդեն իսկ դրական է:
– Ինչո՞ւ հայկական կողմերն Ադրբեջանին չեն ստիպում հաշվի նստել իրավական և պատմական փաստարկների հետ:
– Հայաստանն ու ԼՂՀ-ն, իհարկե, պարտավոր են ստիպել Ադրբեջանին հաշվի նստել պատմական իրողությունների հետ: Բայց եթե պատմական փաստարկներով առաջ գնանք, հնարավոր չի լինի վերջնակետին հասնել: Բանն այն է, որ այսօր Ադրբեջան պետության գոյությունը փաստ է և մենք պարտավոր ենք դրա հետ հաշվի նստել: Մյուս կողմից էլ փաստ է, որ Լեռնայի Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, այլ կազմել է Խորհրդային Ադրբեջանի մաս:
– Մտավախություն չունե՞ք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս ընթացքը կարող է իր ազդեցությունն ունենալ արցախյան հիմնախնդրի վրա:
– Հայկական կողմը չի համաձայնվել և չի էլ համաձայնվի, որպեսզի Թուրքիայի հետ սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը որևէ կերպ առնչվեն Ղարաբաղյան հարցի կարգավորմանը: Թուրքիան կհամաձայնվի առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել, թե ոչ, ժամանակը ցույց կտա: Իսկ այն համաձայնագիրը, որ ստորագրվել է Շվեյցարիայում, այո, իր մեջ ղարաբաղյան հարցի հետ կապված վտանգավոր ակնարկներ պարունակում է: Համաձայնագիրն, ընդհանուր առմամբ, անհեթեթություն է, որից պետք է խուսափենք: Եթե նույնիսկ ամեն ինչ մի կողմ դնենք, ուղղակի անհեթեթություն է ժամկետի հարցը և ես հույս ունեմ, որ մեր քաղաքական ղեկավարությունը իմաստություն կունենա և կհրաժարվի այդ արձանագրություններից: Դիվանագիտության մեջ նորույթ է` մի քանի շաբաթում դիվանագիտական հարաբերություններ հաստատելը, ՀՀ-ի համար դա նույնիսկ պետք է վիրավորական լինի:
Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի Թուրքիա այցելությանը, ապա նա կարող է որպես բարի կամքի դրսևորում մեկնել Թուրքիա` առանց հիշյալ արձանագրությունները վավերացնելու:
Վանիկ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ
Թեգեր` Ալեքսան ՀԱԿՈԲՅԱՆ, ԼՂՀ












