Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Հովիկ Աբրահամյանը և Ջաթինդեր Չիման ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր

Փետրվար 5, 2010թ. 18:40

Փետրվարի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը  եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /USAID/ հայաստանյան առաքելության տնօրեն  Ջաթինդեր Չիման ստորագրեցին փոխըմբռնան հուշագիր: Ստորագրման արարողությանը ներկա էին  ԱԺ աշխատակազմի ղեկավարը, պատգամավորներ, ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը, հյուրեր:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը փաստաթղթի ստորագրման կապակցությամբ  ասաց.

«Հարգելի տիկին դեսպան,

Հարգելի գործընկերներ,

Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Ուրախ եմ հատկապես մեր ամերիկացի գործընկերներին ասել. ՙԲարի գալուստ Հայաստանի խորհրդարան»:

Այս հանդիպումը նշանավորում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունների նոր համագործակցության սկիզբը: Փոխըմբռնման այս հուշագրի ստորագրությամբ այդ համագործակցությանը տրվում է նոր մեկնարկ, սկզբնավորվում են նոր ծրագրեր: Մեր համագործակցության նպատակն է ամրապնդել Հայաստանի անկախությունը, հզորացնել մեր երկրի օրենսդիր իշխանության կարողությունները:

Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության ամենակարևոր գործընկերներից մեկն է: Մեր երկրի անկախության առաջին իսկ օրերից զգացել ենք Միացյալ Նահանգների ուշադրությունը և հոգատարությունը մեր երկրի նկատմամբ: Մենք երախտապարտ ենք ամերիկյան ժողովրդին տարիներ շարունակ ցուցաբերվող այդ օգնության համար:

Նրանք, ովքեր խորությամբ ծանոթ չեն պատմությանը երբեմն զարմանք են արտահայտում հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակի կապակցությամբ: Սակայն դրանում որևէ զարմանալու բան չկա: Մեր երկու երկրները կապում է մի հզոր կամուրջ` ամերիկահայ համայնքը, որը մեր ընդհանուր հպարտության առարկան է: Ամերիկահայերի բարի համբավը, նրանց մի շարք սերունդների ազնիվ աշխատանքն իրենց նոր հայրենիքում, նրանց համախմբվածությունը այն կապիտալն է, որը հարստացնում է մեր երկու բարեկամ ժողովուրդներին:

Այնուամենայնիվ, շատ պարզունակ կլիներ բացատրել մեր երկրների հարաբերությունները միայն ամերիկահայ համայնքի գոյությամբ: Ոչ պակաս կարևոր է այն, որ մեր հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների և շահերի հիման վրա: Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ հարգանքը մեր անկախության և ինքնիշխանության նկատմամբ: Այդ հարգանքը փոխադարձ է, և մեր համագործակցությունը խարսխված է մեր երկու պետությունների իրավահավասարության վրա: Դրա շնորհիվ է, որ մեր երկու երկրները համադրել են իրենց ջանքերը մեր տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն հաստատելու համար: Ջանքեր, որոնք համադրվում են ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ավելի հեռավոր Կոսովոյում, իսկ շուտով նաև` Աֆղանստանում:

Հարգելի տիկնայք և պարոնայք,

Շատ ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև կնքվող Փոխըմբռնման հուշագրի ստորագրությամբ կարող ենք ազդարարել մեր նոր համագործակցության սկիզբը: Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ինչպես ամերիկյան, այդպես էլ հայկական կողմից ներգրավված բոլոր այն մասնագետներին, ում աշխատանքի շնորհիվ տեղի է ունենում այս հանդիսավար արարողությունը:

Վստահ եմ, որ մեր այս նոր համագործակցությունը կլինի արդյունավետ, իսկ դրա արգասիքը շատ կարճ ժամանակահատվածում կլինի տեսանելի և շոշափելի բոլորիս համար»:

Տկն. Ջաթինդեր Չիմանը  եւս  հուշագրի ստորագրումը համարեց նշանակալի իրադարձություն` համարելով այն ջանքերը համատեղելու եւ կառավարման կարեւոր օղակներից մեկը` օրենսդիր մարմինն ավելի  հզորացնելու լավ հնարավորություն: Բանախոսը համոզմունք հայտնեց, որ արդյունավետ եւ թափանցիկ գործող խորհրդարանում ծնվում են բարձրորակ օրենքներ` դրանով իսկ պաշտպանելով քաղաքացիների շահերը: Գործակալության ներկայացուցիչը նկատելի եւ տպավորիչ համարեց վերջին տարիներին խորհրդարանի կատարած`  թափանցիկությունն ու մատչելիությունն ավելացնելուն ուղղված քայլերը:  Որպես ձեռքբերումներ նա առանձնացրեց  խորհրդարանի ինտերնետային  կայքը, որը շատ այցելուներ ունի, ինչպես նաեւ հաճախակի հանրային լսումներ կազմակերպելու եւ քաղաքացիական հասարակությանը քննարկումներին ներգրավելու ավանդույթը:

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Մարի Լ. Յովանովիչը  գոհունակություն հայտնեց ծրագրին ամերիկյան կողմի մասնակցության առիթով` նշելով, որ ցանկացած հզոր եւ անկախ երկրի համար խորհրդարանը հիմնասյուն է հանդիսանում: Դեսպանը խորհրդարանի եւ ամերիկյան գործակալության միջեւ ակնկալում   է  արդյունավետ  համագործակցություն եւ դրական արդյունքներ:

Ստորագրված հուշագիրը հաստատում է երկու կողմերի համագործակցության պատրաստակամությունը եւ նպատակ ունի բարձրացնել օրենսդիր իշխանության դերը եւ զարգացնել խորհրդարանի կարողությունները: Փաստաթղթով նախատեսվում է իրականացնել օրենսդրական բարեփոխումներ, զարգացնել Ազգային ժողովի տեղեկատվական, փորձագիտական, վերլուծական եւ հետազոտական հնարավորությունները, կատարելագործել խորհրդարանի վերահսկողական գործառույթը,  պատգամավորներին եւ աշխատակազմին միջազգային փորձն ուսումնասիրելու հնարավորություն ընձեռել:

Հուշագրով սահմանված նպատակները եւ միջոցառումները իրագործելու համար նախատեսվում է ձեւավորել աշխատանքային խումբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն