Գլխավոր » Լրահոս

ՀՀ մշակույթի և կրթության ու գիտության նախարարներն այցելել են Վիեննա

Փետրվար 5, 2010թ. 18:42

Ս.թ. հունվարի 25-28-ը Ավստրիայի կրթության, արվեստի և մշակույթի նախարարության հրավերով պաշտոնական այցով Վիեննայում էին գտնվում Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Հունվարի 26-ին Ավստրիայի կրթության, արվեստի և մշակույթի նախարար Քլաուդիա Շմիդը և հայ նախարարները ստորագրել են ՀՀ Մշակույթի և Կրթության ու գիտության նախարարությունների` մի կողմից, և Ավստրիայի Կրթության, արվեստի և մշակույթի նախարարության` մյուս կողմից, միջև «Կրթության, արվեստի և մշակույթի բնագավառներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Ստորագրման արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում նախարարները քննարկել են միջբուհական համագործակցության, կադրերի վերապատրաստման, կրթաթոշակների փոխանակման, Եվրամիության ծրագրերի շրջանակներում համագործակցության, ինչպես նաև` 2012թ. հայ տպագիր գրքի

500-ամյակին նվիրված միջոցառումներին Ավստրիայի հնարավոր մասնակցության, մասնավորապես, Վիեննայի ազգային գրադարանում հայ հնատիպ գրքերի ցուցահանդեսի և գիտաժողովի կազմակերպման հնարավորությունները:

Այցի ընթացքում նախարարներն այցելել են մշակութային, կրթական ու գիտական հիմնարկություններ. Վիեննայի պետական և տնտեսագիտական համալսարաններ, Ավստրիայի ազգային գրադարան, Վիեննայի արվեստի և պատմության թանգարան, Վիեննայի Մխիթարյան միաբանություն, Վիեննայի պետական օպերա, ինչպես նաև ծանոթացել են Կրեմս քաղաքի պատմամշակութային հուշարձաններին և այցելել տեղի զբոսաշրջության ու հյուրընկալության քոլեջ:

Հայաստանի նախարարների պաշտոնական այցի կապակցությամբ Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն, որին ներկա են գտնվել Ավստրիայի մշակույթի և արտաքին գործերի նախարարությունների, Վիեննայի քաղաքապետարանի մշակույթի վարչության, կրթության ու մշակույթի ասպարեզներում գործող ավստրիահայ համայնքի ներկայացուցիչները: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` հայ-ավստրիական մշակութային համագործակցության ասպարեզում երկարամյա բեղմնավոր և նվիրյալ գործունեության համար պարգևատրել է Ավստրիա-հայկական մշակութային ընկերության նախագահ, «Հայաստան» հիմնադրամի Ավստրիայի մասնաճյուղի վարչության նախագահ Ռազմիկ Հարությունյան-Թամրազյանին

ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով և Պատվոգրով:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն