Ոչ իշխանության, ոչ ընդդիմության ներկայացուցիչներին հայտնի չեն Մադրիդյան նորացված սկզբունքները
Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ճանապարհին` որպես լուծում, ընդգծվում է մադրիդյան սկզբունքներով առաջնադվելու փաստը, որում առաջադրվող կետերն ակնհայտորեն հակասում են արցախահայության շահերին և որոնց շուրջ իրենց բացասական վերաբերմունքն են բազմիցս արտահայտել Հայաստանի քաղաքական ուժերը։ Այս դժգոհությունները, ու նաև այն, որ բանակցող կողմերն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ դրանց շուրջ, եղան այն պատճառը, որ սկսվեց շրջանառվել Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը: Մինչ Սոչիում` Ռուսաստանի միջնորդությամբ կազմակերպված Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, երկու երկրներին Մինսկ խմբի համանախագահների կողմից արդեն իսկ փոխանցվել էին Մադրիդյան սկզբունքների, այսպես կոչված, նորացված տարբերակը:
Եռակողմ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն տարածեց, թե Երևանն ու Բաքուն պետք է ներկայացնեն իրենց առաջարկությունները Մադրիդյան փաստաթղթի այն սկզբունքների վերաբերյալ, որոնց շուրջ կողմերը մինչ օրս համաձայնության չեն եկել։ Ռուսաստանի համանախագահ Յուրի Մերզլյակովը նույնիսկ հստակեցրեց, որ դա պետք է տեղի ունենա երկշաբաթյա ժամկետում։ Եռակողմ հանդիումը տեղի ունեցավ հունվարի 25-ին, և եթե պարզ թվաբանական մի հաշվարկ կատարենք, պարզ է, որ նախանշված ժամկետը մոտենում է ավարտին։
Այսինքն՝ մի քանի օր անց, եթե հիմք ընդունվի նշյալ հայտարարությունը, կողմերը պետք է ներկայացնեն իրենց հստակ դիրքորոշումը` Մադրիդյան նորացված սկզբունքների շրջանակներում:
Մեր կարճ հարցախույզի արդյունքում փորձեցինք պարզել, հայաստանյան քաղաքական շրջանակները տեղեկացվա՞ծ են, արդյոք, նախ` թե ի՞նչ ասել է Մադրիդյան նորացված սկզբունքներ և հայտնի՞ է նրանց, թե Հայաստանը ի՞նչ փաստաթուղթ է պատրաստվում ներկայացնել երկշաբաթյա ժամկետի ավարտին, որը, ի դեպ, իր բնույթով պետք է համահունչ լինի ադրբեջանական դիրքորոշումներին(՞):
Պարզեցինք, որ ոչ իշխանության, ոչ էլ ընդդիմության ներկայացուցիչներին հայտնի չեն «Մադրիդյան նորացված սկզբունքներ» ասվածը, քաղաքական գործիչներն անտեղյակ են նաև պատրաստվող փաստաթղթից: Այս համատարած անտեղյակությունն անշուշտ մտահոգիչ է` այն էլ նման բախտորոշ պահին:
Իսկ ընդդիմության ու իշխանության ներկայացուցիչների մոտեցումների տարբերությունը միայն այն է, որ եթե առաջիններն արդեն իսկ կանխատեսում են Հայաստանի ու Արցախի թիկունքում պատրաստվող ինչ-որ վտանգավոր փաստաթղթի մասին, ապա, իշխանության ներկայացուցիչները համոզված են, որ երկրի նախագահը երբեք չի կարող գնալ նման քայլի:
ArmAr.am












