Ամերիկացի փորձագետների «մանրադիտակի» տակ արցախյան հիմնախնդիրն ու հայ-թուրքական հարաբերություններն են
Ամերիկյան քաղաքական վերլուծաբանները որոշել են առավել քան լրջորեն զբաղվել` կովկասյան երկրների հիմնախնդիրներով, բնականաբար, առաջնորդվելով ամերիկյան հետաքրքրությունների շահերով: Լա՞վ է, թե՞ վատ: Ինչպես ասում են` քաղաքականության մեջ «լավ»-ն ու «վատ»-ը խիստ հարաբերական են, և պայմանավորված այդ պահին թելադրվող կոնկրետ շահերով: Մի բան հստակ է, երբ գերտերություններն իրենց քաղաքական հետաքրքրություններն առավել քան սևեռում են այս կամ այն տարածաշրջանի հիմնախնդիրների լուծման վրա, այդ հատվածի փոքր երկրներից պահանջվում է լինել առավել զգոն ու քաղաքականապես ճկուն:
Ինչևէ, կովկասյան ու, մասնավորապես, Հարավային Կովկասի հիմնախնդիրներով հետայսու առավել խորությամբ զբաղվելու է Միացյալ Նահանգների` հարյուրամյա պատմություն ունեցող Կառնեգի վերլուծական կենտրոնը:
Վաշինգտոնյան փորձագետները նկատում են, որ եթե նախկինում իրենք այս տարածաշրջանի երկրները դիտարկել են առանձին-առանձին, ապա վրաց -օսական պատերազմը ցույց տվեց, որ այս տարածաշրջանում բոլոր հակամարտությունները շաղկապված են իրար հետ, հետևապես, մոտեցումն ու հնարավոր լուծումների փնտրտուքն էլ պետք է իրականացնել ամբողջության մեջ:
Կառնեգի վերլուծական կենտրոնի հայտնի փորձագետ Ջեյմս Քոլինզի ուշադրության կենտրոնում այսօր հայ-թուրքական հարաբերությունների սկսված գործընթացն է: Նրա կարծիքով ամերիկյան դիվանագիտությունը հայ-թուրքական հարաբերություններով պետք է զբաղվի որպես առաջնային խնդիր: Սակայն նա միաժամանակ կարծում է, որ այս հարցում ԱՄՆ-ը միայնակ չպետք է գործի, այլ պետք է ներագրավի նաև եվրոպական գործընկերների «ներուժը»:
Ի դեպ, տեղեկացնենք, որ Ջեյմս Քոլինզը ժամանակին եղել է խոշոր հակախորհրդային փորձագետներից մեկը, մի առ ժամանակ էլ պաշտոնավարել է Թուրքիայում:
Վաշինգտոնյան փորձագետները այս տարածաշրջանի մյուս կարևորագույն խնդիրը համարում են արցախյան հիմնախնդիրը և այս հարցում ևս կոչ են անում ԱՄՆ իշխանություններին` սևեռել ողջ ուշադրությունը խնդրի լուծման ուղղությամբ:
Ամերիկյան փորձագետներից մեկը նույնիսկ կարծիք է հայտնել, թե հասունանում է այն պահը, որ «Ղարաբաղի հայերը պետք է մասնակցեն բանակցություններին, քանի որ դա վերաբերում է այն տարածքներին, ուր նրանք ապրում են»:












