ՀՀ – Թուրքիա հարաբերությունների համատեքստը
Գագիկ Տեր- Հարությունյան
«Նորավանք»գիտակրթական հիմնադրամի տնօրեն
ՀՀ–Թուրքիա հարաբերությունների շուրջ րնթացող բանավեճերը, չնայած դրանցում առկա քաղաքական բնույթի շահարկումներին, ընդունել են համահայկական բնույթ։ Արդյունքում՝ այդ խնդրում, հատկապես «արձանագրությունների» վերլուծության առումով, դժվար է գտնել կողմ կամ դեմ նոր փաստարկներ եւ հիմնավորումներ։ Միեւնույն ժամանակ, տպավորությունն այնպիսին է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացը (կամ այդ գործընթացի առաջին փուլերից մեկը) հաճախ կամ բացարձակ «մռայլ», կամ էլ «վարդագույն» է ընկալվում։ Նման մոտեցումները բնավ չեն նպաստում իրողության օբյեկտիվ գնահատման եւ, առավել եւս, մեր հետագա գործողությունների մշակման գործին։ Խնդրի շուրջ ստեղծված տեղեկատվական իրադրությունը հուշում է, որ թերեւս կարիք կա մեկ անգամ եւս փորձել մեկնաբանելու ՀՀ-Թուրքիա հարաբերությունների համատեքստը եւ կողմերի դրդապատճառները։
«Լիցքաթափման» փուլ. Ցանկացած լուրջ քաղաքական խնդրի շուրջ քննարկումները ենթադրում են ելակետային աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ պատկերացումների հստակեցում։ Համառոտակի այդ իրավիճակը կարելի է գնահատել որպես ժամանակավոր «լիցքաթափման» փուլ ընթացող «բազմաբեւեռ սառը պատերազմում»։ Նախաձեռնությունն այս խնդրում, ելնելով բոլոր նախանշաններից, ամերիկյան է. Միացյալ Նահանգների իսթեբլիշմենթը, իրատեսորեն գնահատելով սեփական ընդհանրական ռեսուրսների նվազումը, «լիցքաթափումը» ծրագրել էր նախապես։ Նման նախագծի իրականացման համար նախագահ ընտրվեց «խաղաղասեր» Բարաք Օբաման, որն, ի տարբերություն իր նախորդի, սկսեց իրագործել ոչ թե «կոշտ», այլ «փափուկ ուժի» ռազմավարությունը։ Այսօր «լիցքաթափման» միտումներն արտահայտվում են բազմաթիվ գործընթացներում, որոնցից առանձնացնենք մի քանիսը.
- ԱՄՆ եւ նրա դաշնակիցների զինված ուժերը, մասամբ իրականացնելով «ղեկավարվող քաոսի ձեւավորման» իրենց առաքելությունը Մերձավոր եւ Միջին Արեւելքում, աստիճանաբար լքում են Իրաքը,
- չնայած տարբեր ամբիոններից երբեմն հնչող ռազմատենչ հայտարարություններին, էապես բարելավվել են հարաբերությունները
Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ. այսօր կարելի է ամրագրել, որ այդ երկրների միջեւ զինված ընդհարման հավանականությունը ոչ միայն էապես նվազել է, այլեւ ստեղծվել են երկուստեք համագործակցության նախադրյալներ,
* ԱՄՆ եւ ՆԱՏՕ անդամ երկրներում ակտիվացել են քննարկումները Աֆղանստանից զինված ուժերի դուրսբերման մասին։ Վերջնական քաղաքական որոշումներ այդ խնդրի շուրջ դեռեւս չեն ընդունվել, սակայն ներկայիս զարգացումները հիշեցնում են Իրաքից զորքերի դուրսբերմանը նախորդող գործընթացները,
* ինչ-որ չափով կարգավորվում են ՄիացյալՆահանգներ-Ռուսաստան հարաբերությունները։ Մասնավորապես ԱՄՆ նախագահի որոշումը,որով նա հրաժարվեց հակահրթիռային համակարգեր տեղադրել Լեհաստանում եւ Չեխիայում, հանգեցրեց Ռուսաստանի որոշմանը՝ Կալինինգրադի մարզում «Իսկենդերներ» չտեղակայելու վերաբերյալ,
* փաստորեն ՆԱՏՕ-ն ընդունեց 2008թ. վրաց-ռուսական պատերազմի ռազմական արդյունքները եւ այդպիսով հրաժարվեց Վրաստանն այդ կազմակերպություն ընդունելու ծրագրերից,
* ԱՄՆ֊ի եւ ՉԺՀ-ի միջեւ ընթանում են բանակցություններ ռազմավարական խնդիրների (օրինակ՝ գլոբալ տաքացման եւ տնտեսական բնույթի) շուրջ համագործակցություն հաստատելու նպատակով,
* նկատելի է ԵՄ ձգտումը ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հետ ավելի հաշվեկշռված հարաբերություններ ձեւավորելու ուղղությամբ, տեղեկատվական դաշտում կարելի է հանդիպել ՆԱՏՕ-ՀԱՊԿ-ՇՀԿ համագործակցության անհրաժեշտության մասին նյութերի։
Խիստ համառոտ ներկայացված վերոնշյալ գործոնների թիվը կարելի է ավելացնել, սակայն այդքանն էլ բավարար է՝ վկայելու, որ ներկայումս բազմաբեւեռ աշխարհի բոլոր հիմնական դերակատարները որոշակիորեն փորձում են այս կամ այն չափով հաշվի առնել միմյանց հավակնությունները եւ ավելի զիջողական մոտեցումներ ցուցաբերել։ Նման տրամաբանության համատեքստում հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական փաստացի հակամարտությունը (որն արդարացիորեն ընկալվում է որպես միասնական «փաթեթ») որոշակի խոչընդոտ է հանդիսանում ապագա աշխարհակարգի վերաբերյալ իրենց պատկերացումներն իրագործել փորձող մեծ տերությունների համար։ Այդ հանգամանքն է, որ այսօր ակտուալացրել է ՀՀ–Թուրքիա հարաբերությունների կարգավորման խնդիրը, որն արտահայտվում է գլոբալ դերակատարների կողմից այդ գործընթացը «խրախուսելու» (երբեմն դա մեկնաբանվում է նաեւ որպես արտաքին ճնշում) տեսքով։
Այս ամենի առիթով նկատենք, որ, անշուշտ, կան իրադրություններ, երբ անգամ ոչ շատ մեծ ռեսուրսների տիրապետող երկիրը, ելնելով իր գերագույն ազգային շահերից, պարտավոր է դեմ գնալ ցանկացած միջազգային միտման։ Սակայն կարծում ենք, որ հարաբերությունների վերահաստատման (եւ ոչ թե հաստատման, քանի որ Երրորդ հանրապետության առաջին տարիներին ՀՀ-Թուրքիա սահմանը բաց էր) գործընթացը չի կարելի դասել նման իրադրությունների շարքին։ Ակնհայտ մարտահրավերների եւ ազգային-բարոյական գործոնների շարքում առկա են այլ հանգամանքներ, որոնք միտված են ՀՀ եւ ԼՂՀ ազգային անվտանգության մակարդակի բարձրացմանը։ Դրանց թվին պետք է դասել նաեւ (ինչու ոչ) ռազմավարական դաշնակից Ռուսաստանի եւ արեւմտյան գործընկերների հետ մեր ունեցած կառուցողական հարաբերությունների պահպանման կարեւորությունը եւ գլոբալ միտումներին համարժեք լինելու անհրաժեշտությունը;
Հավելենք նաեւ, որ վերոհիշյալ «լիցքաթափման» տրամաբանությունը գործում է նաեւ Թուրքիայի պարագայում։
Թուրքիայի հնարավոր դրդապատճառները. Այս երկիրը հայերի, ինչպես նաեւ հույների եւ ասորիների նկատմամբ ցեղասպանություն կատարելու եւ իր հանցանքները չընդունելու պատճառով միջազգային հանրությունում մասամբ «որոնման մեջ գտնվող հանցագործի» կարգավիճակ է ձեռք բերել։ Այդ իրողությունը մշտապես օգտագործվել Է Թուրքիայի դեմ եւ, չնայած այն հանգամանքին, որ վերոնշյալ արձանագրություններում Ցեղասպանության վերաբերյալ խոսք չկա, ակնհայտ Է, որ հարաբերությունների հաստատումը ՀՀ-ի հետ նպաստելու Է Թուրքիայի «իմիջի» բարելավմանը։ Դա մասամբ կնպաստի նաեւ թուրքերի՝ ԵՄ-ին անդամագրվելու գործընթացին, չնայած այդ խնդրի լուծումը, հաշվի առնելով եվրոպական առաջատար երկրների ներկայիս տրամադրությունները, այսօր միտում ունի փոխադրվելու զուտ տեսական հարթություն։
Նկատենք նաեւ, որ Թուրքիան, ինչպես եւ նախկինում, շարունակում Է մնալ «հիվանդ օրգանիզմ»։ Չունենալով բավարար քաղաքակրթական ռեսուրսներ՝ այդ երկիրը չի կարողանում ինտեգրել իր տարածքում բնակվող տարբեր Էթնոսներին (քրդերին, հայերին, հույներին, վրացիներին, արաբներին եւ այլոց) եւ այսօր, բնակչության ինքնության խնդրի հետ կապված, կանգնած Է լուրջ հիմնախնդիրների առջեւ1։ Հարաբերություններ հաստատելով հայերի հետ` թուրքական ընտրանին կարծես թե երկխոսություն վարելու պատրաստակամություն Է ցուցադրում եւ այդպիսով փորձում մասնակիորեն մեղմել խնդիրը։ Միեւնույն ժամանակ, ՀՀ-ի հետ
հարաբերություններ հաստատելու Թուրքիայի ձգտումը պայմանավորված չէ սոսկ ներքին հիմնախնդիրներով։
Այսօր Թուրքիայի քաղաքական-վերլուծաբանական ընտրանու շրջանակներում տարածում է գտնում «նեոօսմանիզմի» դոկտրինը (այն երբեմն անվանում են «Գյուլի դեկլարացիա»)։ Դոկտրինի հենքում ընկած է այն խիստ կասկածելի թեզը, թե Օսմանյան կայսրության օրոք տարածաշրջանում իրավիճակն ավելի բարվոք էր, քան ներկայումս, եւ որ անհրաժեշտ է այդ իրավիճակը վերականգնել, սակայն ոչ նախկին բռնատիրության տեսքով։ Ըստ Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական վերլուծությունների կենտրոնի տնօրեն Սինան Օհանի, Թուրքիան այն միակ երկիրն է, որը կարող է հավակնել Մերձավոր եւ Միջին Արեւելքն արդիականացնողի դերին եւ ունակ է այդ տարածաշրջանը «հաշտեցնել» Արեւմուտքի հետ։ Ելնելով նման դրույթներից՝ թուրքական նեոիմպերիալիստները ցանկանում են իրագործել այսպես կոչված «Երեք միջանցքների» աշխարհաքաղաքական եւ, ըստ ամենայնի՝ աշխարհագաղափարախոսական նախագիծը։ Ծրագրում ներկայացված երկրները՝ Սիրիան, Լիբանանը, Հորդանանը, Եգիպտոսը (առաջին միջանցք), Իրաքը եւ Պարսից ծոցի երկրները (երկրորդ միջանցք), Իրանը եւ Պակիստանը (երրորդ միջանցք) Թուրքիայի գլխավորությամբ պետք է կազմեն մի ընդհանուր մեգաենթակառուցվածք, որը կներառի տրանսպորտային ճանապարհները, նավթամուղները եւ գազամուղները, էլեկտրացանցերը, կապը եւ Ինտերնետը, բանկային համակարգը եւ այլն։
Ակնհայտ է, որ նման նախագծերի առկայությունը, թուրքական կողմի համար խիստ ակտուալացնում է հայ-թուրքական սահմանի բացումը։ Կարծում ենք, որ այս հանգամանքը պետք է հաշվի առնվի Թուրքիայի հետ դեռեւս նոր սկսվող մեր հարաբերություններում։
Հնարավոր դրական գործոնները ՀՀ-ի համար. Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող է ունենալ հետեւյալ դրական հետեւանքները.
Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում այսօր հստակ նկատվում է վատթարացման միտում, եւ ՀՀ ու ԼՂՀ խնդրում նախկինում միասնական թուրք-ադրբեջանական ճակատում որոշակի ճեղքեր են գոյացել։ Դրա մասին են վկայում ոչ միայն Բաքվի պաշտոնապես հնչող դժգոհությունները ՀՀ-Թուրքիա դիվանագիտական գործընթացների առիթով, գործնական հարթությունում Ադրբեջանում թուրքական տնտեսական ընկերությունները ցուցադրաբար եւ խիստ ստուգումների են ենթարկվում, խստացել է Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ անձնագրային ռեժիմը եւ այլն։
Եթե անգամ ենթադրենք, թե նման գործողությունները
հմուտ իմիտացիա են, իսկ իրականում գործում է սքողված պանթուրքական համերաշխությունը, ապա միեւնույն է, ադրբեջանական ու թուրքական հանրությունների գիտակցությունում վերոնշյալ գործընթացները որոշակի բացասական հետք են թողնում։ Այս ամենը խիստ կարեւոր է ԼՂՀ խնդրի քաղաքական կարգավորման տեսակետից. հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ ագրեսիվ պլանների իրագործման փորձը հնարավոր է բացառապես Ադրբեջան-Թուրքիա սերտ համագործակցման պարագայում։
Տրանսպորտային նոր ուղու բացման հնարավորությունները բավական շատ են քննարկվել մեր տեղեկատվական դաշտում, սակայն խնդրի հրատապությունը ՀՀ-ի համար չի նվազում, ճանապարհային այլընտրանքը թույլ կտա զգալիորեն թուլացնել մեր ապրանքաշրջանառության կախվածությունը վրացական գործոնից։
Ինչպես արդեն նշել ենք, դիվանագիտական հարաբերություններ հաստատելով Թուրքիայի հետ` ՀՀ-ն համահունչ կգործի գլոբալ լիցքաթափման գործընթացներին եւ միջազգային հանրությունում չի կորցնի վստահելի գործընկերոջ վարկը։
Միեւնույն ժամանակ, շեշտենք, որ վերոնշյալ դրական հանգամանքները հնարավոր են միայն այն պարագայում, եթե ՀՀ-ն անհրաժեշտ որակներ ցուցաբերի դիվանագիտական, տնտեսական, տեղեկատվական եւ մշակութային մրցակցության պայմաններում։ Կարծում ենք նաեւ, որ որպես ամենավատ հետեւանք կարելի է դիտարկել ՀՀ-Թուրքիա խնդրի պատճառով Սփյուռքում անհանդուրժողականության սերմանումը եւ իրարամերժ ճամբարների գոյացումը։
Հայության համատեքստը. ՀՀ-Թուրքիա հարաբերությունների
հնարավոր վերահաստատման գործընթացը, բնականաբար, լայն եւ երբեմն մերժողական արձագանք է ստացել Հայության տարբեր հատվածներում եւ որոշ քաղաքական ուժերի (հատկապես ՀՅԴ) շրջանակներում։ Նկատենք, որ մերժողական մոտեցումները Թուրքիայի նկատմամբ միանգամայն բնական երեւույթ են Ցեղասպանություն ապրած ժողովրդի համար եւ առնվազն այդ պատճառով պետք է հարգանքով ու ըմբռնումով մոտենալ ցանկացած հայի նման դիրքորոշմանը։ Կարելի է ավելացնել նաեւ, որ խնդրի նկատմամբ բացասական դիրքորոշումները պետք է որ էլ ավելի ամրացնեն ՀՀ պաշտոնական դիրքերը թուրքերի հետ բանակցություններում։
Բոլոր պարագաներում ակնհայտ է, որ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների հաստատման գործընթացը Հայությանն ուղղված մարտահրավեր է։ Այն պահանջում է համարժեք ըմբռնում եւ գործողություններ։ Ստեղծված իրավիճակում Սփյուռքը պետք է ըմբռնումով մոտենա հայկական պետությունների անվտանգության հարցերին եւ, լինելով ավելի անկաշկանդ, ակտիվացնի իր պահանջատիրական ջանքերը։ Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել Հայության գործունեությունը՝ շեշտը չդնելով միայն Ցեղասպանության եւ պահանջատիրության խնդիրների վրա։ Արդի աշխարհում մրցակցության գրավականն առաջին հերթին մտավոր-ինտելեկտուալ ռեսուրսներն են, սակայն այդ ոլորտում այսօր մենք լուրջ հիմնախնդիրներ ունենք։ Դա պետք է լինի մեր ազգային ընտրանու եւ ազգային կապիտալի առաջնահերթ նպատակը2։
«Արձանագրությունները». ՀՀ –Թուրքիա հարաբերությունների վերահաստատման ընդդիմախոսների հիմնավորումները գլխավորապես ուղդված են ժնեւյան արձանագրությունների ձեւին ու բովանդակությանը։ Պետք է ընդունել, որ որոշ կետեր, իրոք, մտահոգիչ են իրենց բովանդակությամբ, իսկ որոշների շարադրանքի ձեւը, թերեւս, չի համապատասխանում արդի դիվանագիտության եւ միջազգային իրավունքի պահանջներին։ Վերջինի առիթով նկատենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հաճախ անփույթ է գործում, եւ, ըստ էության, այդ գերատեսչության «ապարատում», գլխավորապես նախկին նախարարների աշխատանքային ոճի շնորհիվ, չեն ձեւավորվել նոր պայմաններին համապատասխան անհրաժեշտ ունակություններ։
Միեւնույն ժամանակ, պետք է ընդունել, որ քաղաքականությունում ընդունվող փաստաթղթերը, անշուշտ, կարեւոր են, բայց ամենեւին՝ ոչ որոշիչ։ Ոչ վաղ անցյալում՝ 1939 թվականին, կնքվեց Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը, ինչը, սակայն, չխանգարեց Երրորդ ռեյխին երկու տարի հետո տոտալ պատերազմ հայտարարել Խորհրդային Միությանը։ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության Հելսինկյան խորհրդակցության եզրափակիչ ակտը (1975թ. կնքված) նույնպես բավական արագ կորցրեց հրատապությունը, եւ այդ ժամանակահատվածի ամենանշանավոր քաղաքական միջոցառումներից մեկից հիշատակ մնացին միայն մարդու իրավունքները պաշտպանող Հելսինկյան խմբերը։ Ակնհայտ է, որ միջազգային համաձայնագրերն արհամարհելու տասնյակ, հարյուրավոր օրինակներ կարելի է բերել։ Այդ առիթով նկատենք, որ եթե համաշխարհային պատմությունն ընթանար համաձայն կնքված պայմանագրերի, ապա վաղուց ի վեր մեր երկրագնդում հաստատված կլինեին հավերժ խաղաղությունն ու բարօրությունը։
Որոշ հետեւություններ. Ակնհայտ է, որ ՀՀ-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հնարավոր հաստատմանը չեն հետեւելու ոչ ակնթարթային տնտեսական աճը, ոչ էլ ՀՀ եւ ԼՂՀ կապիտուլյացիան։
Այս ամենը քաղաքական դինամիկ գործընթաց է, որից յուրաքանչյուր կողմը ցանկանում է քաղել առավել օգուտներ, իսկ օգուտների կամ վնասների երկկողմանի հաշվեկշիռն էապես կախված կլինի նրանից, թե ով ինչ արդյունավետությամբ կգործի։ Բոլոր պարագաներում տարածաշրջանային քաղաքականությունում ՀՀ արտաքին գերատեսչությունը պետք է շարունակի ամրապնդել ռազմավարական հարաբերություններն Իրանի հետ (որն, ի դեպ, Թուրքիայի սկզբունքային մրցակիցն է գրեթե բոլոր ոլորտներում), նոր որակ հաղորդել Հունաստանի հետ հարաբերու- թյուններին՝ այդպիսով սահմանափակելով Թուրքիայի ավելորդ հավակնությունները։
Այդ ամենին զուգահեռ՝ պետք է փնտրել նաեւ ոչ ավանդական գործընկերներ, ինչպիսին է, օրինակ, Իսրայելը, որը վերջին տարիներին լուրջ տարաձայնություններ ունի Թուրքիայի հետ։ Համենայնդեպս, պետք է փաստել, որ հարաբերությունների հաստատումը Թուրքիայի հետ լուրջ մարտահրավեր է հայկական պետությունների եւ Հայության համար, ինչն էլ պետք է թելադրի առավելագույն չափով մոբիլիզացնել մեր ռեսուրսները։
——————
1. Այս հանգամանքը միակը չէ, որ խնդիրներ է ստեղծում Թուրքիայում։ Ինչպես հայտնի է, այսօր ծայրաստիճան սրվել են հակասությունները հասարակության աշխարհիկ եւ կրոնական կողմնորոշում ունեցող հատվածների միջեւ։ Տեղին է նշել, որ աղմուկ հանած «էրգենեքոն»–ը, համաձայն Global Research կենտրոնի վերլուծաբանների, ամերիկյան նախագիծ է եւ ստեղծվել է դեռեւս Առաջին սառը պատերազմի տարիներին, Թուրքիայի վրա ԽՍՀՄ հնարավոր հարձակման պարագայում գրավյալ տարածքներում պարտիզանական բնույթի դիմադրություն կազմակերպելու նպատակով։ Համաձայն որոշ դիտորդների, չի կարելի բացառել այն վարկածը, որ ներկայիս հակասությունները «աշխարհիկների» եւ «իսլամիստների» միջեւ Թուրքիայում հրահրվում են ամերիկյան այն ուժի կենտրոնների կողմից, որոնք գտնում են, որ այդ երկրի հզորացումը հակասում է ԱՄՆ շահերին։
2. Նկատենք, որ համաձայն որոշ գնահատականների՝ Հայության ՀՆԱ-ն (այսինքն՝ հայկական կապիտալի շնորհիվ գոյացած համախառն արտադրանքը) միանգամայն համադրելի է Թուրքիայի Հանրապետության ՀՆԱ-ի հետ (մոտ $450 մլրդ)։ Այսինքն՝ մարտահրավերներին արձագանքելու տեսակետից կարծես թե մեր նյութական ռեսուրսները, անհրաժեշտ կազմակերպվածության պարագայում, պետք է որ բավարար լինեն այդ խնդիրները լուծելու համար։












