Արցախում աղանդները տեղ չունեն

«Բոլոր աղանդներն էլ վտանգավոր են, սակայն հատկապես մեծ վտանգ են ներկայացնում այն աղանդները, որոնց մասին հասարակությունը լայն պատկերացում չունի». ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊԲ հոգևոր սպասավոր, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի Տեղեկատվական համակարգի տնօրեն Գարիկ սարկավագ Ասրյանը:
«Ընդհանրապես, ընդունված է ամենավտանգավորը համարել եհովայի վկաներին, բայց այս աղանդի մասին հասարակությունն արդեն որոշակի տեղեկացվածություն ունի և որոշ չափով փորձում է հակադարձել»:
Այդ առումով նա շատ ավելի վտանգավոր է համարում մասնավորապես խարիզմատների աղանդը` «Կյանքի խոսք» կամ «Ավետարանի հավատքի քրիստնյաներ» կազմակերպությունը, որն Արցախում իրեն անվանում է «Արթնության կրակ»: Պատճառն այն է, որ դրանց և շատ այլ աղանդների մասին հասարակությունը տեղեկություն չունի ու շփոթում է իրական քրիստոնյաների հետ: Այդ շփոթմունքն առավել կրկնապատկվում է, քանի որ սրանք հիմնականում հանդես են գալիս ազգային շղարշի ներքո:
Արցախում, Գարիկ սարկավագի խոսքերով, աղանդների դեմ պայքարում եկեղեցին միայնակ չէ, նրա կողքին կանգնած է նաև պետությունը: «Աղանդները վնասում են ոչ միայն եկեղեցուն, այլև վտանգ են ներկայացնում թե’ պետության, թե’ ամբողջ հասարակության և նրա տարբեր օղակների` ընտանիքի, անհատների համար»:
Հետևապես, այն բոլոր երևույթները, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում ազգային անվտանգության տեսանկյունից` դրանց դեմ հարկ է պայքարել հստակ օրենսդրությամբ:
Գարիկ սարկավագի տեղեկացմամբ, այս հարցում Արցախում շատ վճռական են տրամադրված: «Տարբեր աղանդավորական կազմակերպությունների գրանցումը Արցախում կասեցվեց»: Պետռեգիստրի կողմից պարզապես չգրանցվեցին «Եհովայի վկաներ» կազմակերպությունը, «Արթնության կրակը» և այլ տոտալիտար աղանդներ:
«Եհովայի վկաները դրանից հետո մեծ աղմուկ բարձրացրեցին, անգամ փորձեցին դատական ճանապարհով լուծել խնդիրը, սակայն, թե’ առաջին ատյանի դատարանը, թե’ գերագույն դատարանը մերժեցին հայցը, քանի որ այդ կազմակերպության դավանանքի դրույթները հստակորեն հակասում են Արցախի հանրապետության օրենսդրությանը»:
Գարիկ սարկավագը հատկապես նշեց այն, որ այդ աղանդավորական կազմակերպությունները անհատի վրա տարբեր հոգեբանական ճնշումներ են գործադրում: Բացի այդ խիստ հակասություն կա նրանց դավանանքի և օրենսդրական այլ դրույթների, ինչպես օրինակ` ԼՂՀ զինապարտության մասին օրենքի միջև:
Այսպիսով` Արցախի Հանրապետությունը պետականորեն պայքարում է աղանդավորական կազմակերպությունների դեմ:
Ինչ վերաբերություն է եկեղեցու պայքարին, ապա հոգևորականի խոսքերով, եկեղեցու խնդիրն է առաջին հերթին. «Աստծու խոսքը, ճշմարիտ պատգամը լիարժեք կերպով հասցնել Հայաստանյայց Առաքելական եկեղեցու ողջ համայնքին, այն է` ողջ հայ ժողովրդին»:
Եվ դա կարևոր է ոչ միայն հոգևոր տեսանկյունից, այլ նաև ազգապահպանության: Նման գործառույթ ունի նաև եկեղեցին` պայքարել բոլոր այն մարտահրավերների դեմ, որ կարող են վտանգ ներկայացնել հասարակության և պետականության համար:
Ինչպես տեղեկացրեց Գարիկ սարկավագը, բացի Հայ Առաքելական Եկեղեցուց, այսօր Արցախում գրացված կրոնական կազմակերպություններն են` Ուղղափառ Եկեղեցին, Հայ Կաթոլիկ Եկեղեցին, Հայ Ավետարանական հարաևվանությունը և Եկեղեցասիրաց եղբայրակցությունը: Մնացած, այսպես կոչված, կրոնական կազմակերպությունները, որոնք այս կամ այն չափով չեն համապատասխանել Արցախի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենսդրությանը` նրանց գրանցումը արդարացիորեն մերժվում է:
Ու չնայած Արցախում աղանդների դեմ կազմակերպվող պայքարին, ցավոք, այդ կառույցներին հաջողվում է մոլորյալներին գցել իրենց ցանցը: Բայց ուրախալին նաև այն է, որ` աղանդավորական կառույցների հետևողները մեծ թիվ չեն կազմում: Իսկ այն թվերը, որ ներկայացնում են այդ կազմակերպությունները, չեն համապատասխանում իրականությանը. «Նրանք փորձում են ուռճացած ներկայացնել այդ տվյալները` ցույց տալով, թե իբր իրենք գնալով ակտիվանում են ու հզորանում, սակայն ամենևին էլ այդպես չէ»: Ավելին` նրանց անդամների մեծ մասին տվյալ աղանդի լիարժեք հետևորդներ համարել չի կարելի, քանի որ շատ-շատերը պարտադրված սոցիալական իրավիճակով` ստիպված անդամակցում են (սոցիալական օգնություն են ստանում նրանց կողմից):
«Հատկապես խարիզմատները և եհովայի վկաները փորձում են ներկայացնել, թե իրենք մեծ թվով անդամներ ունեն: Բայց աղանդավորական խմբերի հետ իմ շփումներում համոզվել եմ, որ նրանցից շատերին տվյալ աղանդի լիարժեք անդամներ համարել չի կարելի, հենց այն պատճառով, որ շատերն անդամակցում են միայն սոցիալական օգնություն ստանալու ակնկալիքով կամ նմանատիպ այլ դրդապատճառներով»,- եզրափակեց արցախցի հոգևորականը:
Անի Աբովյան
ArmAr.am












