Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Հայոց Ցեղասպանության չճանաչված լինելը դամոկլյան սուր է` կախված Թուրքիայի գլխին

Փետրվար 6, 2010թ. 13:48

2508654141_2Ինչպես արդեն տեղեկացրել ենք մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության է դրվելու Հայոց Ցեղասպանությանն անդրադարձող 252-րդ բանաձևը:

Սակայն արտահայտվում  են մտահոգությունները, որ եթե հարցը միջազգային հարաբերությունների կոմիտեում  դրական լուծում ստանա, ապա դա դեռ չի նշանակում, որ այն ինքնաբերաբար կմտնի լիագումար նիստերի օրակարգ և այստեղ ևս հարցին կտրվի դրական ընթացք:

Նման կարծիք արտահայտողները համոզված են, որ  այժմ դեռ Ներկայացուցիչների տան պալատում հայկական լոբբին իրականացնողները չունեն բավարար  ռեսուրսներ: Այսպես.  հայտնի է, որ հարցը քվերակությամբ անցկացնելու համար  անհրաժեշտ է առնվազն 218 ձայն, սակայն այս պահի դրությամբ`  ընդամենը 134 կոնգրեսական  է հաստատել բանաձևին կողմ քվեարկելու իր պատրաստակամությունը:

Մինչդեռ   լավատեսները հակառակ համոզմանն են, որ ի տարբերություն նախորդ տարիներին, այսօր կա երկու կարևոր հանգամանք, որը հույսեր է ներշնչում, որ այս անգամ ԱՄՆ Կոնգրեսի կողմից բանաձևը հաստատվելու է:

Դրանք են.

առաջին. ի տարբերություն 2007թվականի, այսօր հրեական լոբիի զգալի մասը պատրաստ է աջակցել հայկական  բանաձևին:

երկրորդ. սրան զուգահեռ նկատելիորեն թուլացել է թուրքական լոբբի ակտիվությունը: Դրան են նպաստել թուրքական խմբի նախագահ Ռոբերտ  Վեքսլերի հրաժարականը:  Բացի այդ, հարցականի տակ է  թուրք-ադրբեջանական լոբբիի կարկառուն դեմքերից մեկի` Դեն Բարտոնի աշխատանքը Կոնգրեսում: Եվ վերջապես, հավաստի լուրերի համաձայն մի շարք թուրքամետ գործիչներ արդեն իսկ հրաժարական են ներկայացրել:

Որքան էլ թուրք դիվանագետները փորձում են ձևացնել, թե ամենևին էլ մտահոգված չեն Հայոց Ցեղասպանության ճանաչման շուրջ  տեղի ունեցող զարգացումներով, սակայն Անկարայի ջղաձգումներն ակնհայտ են դառնում:

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն լրագրողի այն հարցին, թե ի՞նչ տեղի կուենան, եթե ԱՄՆ Կոնգրեսն ընդունի 252 բանաձևը` պատասխանել էր. «Անկասկած, մենք պետք է պատրաստ լինենք բոլոր անցանկալի զարգացումներին»: Սա խոսում է այն մասին, որ Թուրքիայի քաղաքական վերնախավը ևս չի բացառում նման զարգացումների հավանականությունը և փորձում է իր իսկ հասարակությանը ևս նախապատրաստել նման հնարավոր «անակնկալներին»:

Սրան զուգահեռ, թուրք անկախ փորձագետների մակարդակով հնչող ելույթներում, հայտարություններում շրջանառվում է այն միտքը, թե ժամանակն է հաշտվել այն մտքի հետ, որ անխուսափելի է Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսի կողմից, և վաղ թե ուշ դա տեղի է ունենալու: Որոշ փորձագետներ սկսել են գիտակցել, որ  ավելի լավ է այդ բանաձևը ընդունվի այսօր ու Թուրքիային ազատի հետագա հնարավոր ճնշումներից:

Թուրքերն, ի վերջո, սկսել են հասկանալ, որ Հայոց Ցեղասպանության չճանաչված լինելը դամոկլյան սուր է` կախված իրենց պետության գլխին:

Նման հայտարարությամբ  հանդես է եկել ՄԱԿ-ում Թուրքիայի նախկին ներկայացուցիչ Մուրադ Սունգուրը, որը հայտարարել է. «Եթե ԱՄՆ Կոնգրեսը ընդունի հայկական բանաձևը, դա աշխարհի վերջը չի լինի, ավելին` այն հնարավորություն կտա ձերբազատվել ճնշումներից»:

Ապացուցելու համար բանաձևի ոչ վտանգավոր լինելը Թուրքիայի համար, նա նույնիսկ  այսպիսի համեմատություն է արել. «Չնայած աշխարհը ճանաչել է հրեաների Հոլոքոստը, բայց  դա հրեաներին մեծ առավելություններ չի տվել ու եթե ճանաչվի Հայոց Ցեղասպանությունը, միևնույն է, տարածքները թուրքիայի ձեռքից չեն վերցնի»:

Հասկանալի է, որ Թուրքիայի նման երկրում կարևորագույն հարցերի շուրջ, ինչպիսին է Հայոց Ցեղասպանությունը, առանց իշխանությունների համաձայնության որևէ մեկը չի կարող նմանատիպ կարծիքներ արտահայտել: Հետևապես, եթե այսօր Թուրքիայում  նման մոտեցումներ են շրջանառվում, ապա դա տեղի է ունենում միմիայն իշխանությունների համաձայնությամբ ու թույլատրությամբ:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն